воскресенье, 7 мая 2017 г.

ՊԱՏԳԱՄ ԱՊՐՈՂԱՑ



Ստին երբեք մի՛ ասա «սուտ»,
Մի՛ կատակիր Բախտի հետ,
… Ճիշտ խոսողը այս աշխարհում
Ո՛չ խելք ունի, ո՛չ էլ մեղք:

Կեղտին ասա «անբի՜ծ», «մաքո՜ւր»,
Քեզ կհարգեն ստոր մարդիկ,
… Ճիշտ խոսողին այս աշխարհում
Հազար ամո՜թ, նախատինք:

Աղքատներին ձեռք մի՛ մեկնիր՝
Վա՛րկդ կընկնի շարունակ,
… Գութ ունեցո՛ղն այս աշխարհում
Կտրորվի՜ ոտքի տակ:

Թե երեսի՛դ կհարվածեն՝
Ա՛չքդ դեմ տուր, թո՛ղ հանեն,
… Այս աշխարհում ճիշտ տեսնողին
Խլուրդի տեղ կդնեն:

Խի՜ղճը, պատի՜վն ու հարգա՜նքը
Հանի՛ր շուկա վաճառքի,
Տոնավաճառ այս աշխարհը
Ամե՜ն ինչին կտա գին:

*
Դե՜ ի՞նչ, մեռնե՞նք առանց պատիվ,
Վաճառենք խի՜ղճ  ու հարգանք,
Մենք էլ դառնանք մեծապատի՜վ
Մուրացկաններ խեղկատակ:

Թե որտեղի՞ց այսքա՜ն պոռնիկ
Ցնկե՛ց աշխարհն այս կավատ,
Մահն էլ եկավ այնքա՜ն մոտիկ
Որ թվո՜ւմ է հարազատ…

… Մարդիկ Տիկնի՜կ դարձան սովից,
Դարձան Ստվե՜ր, դարձան  Գո՜ղ,
Ու ինքնագոհ իր արարքից
Ծիծաղում է Կյանքը  գոհ:


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: