воскресенье, 7 июня 2015 г.

Ամուսինների Շահագործման (օգտագործման) Հ Ր Ա Հ Ա Ն Գ ՄԱՍ 2



Ամուսին
Շատ նման է Երկիր մոլորակի վրա բնակվող բանական տղամարդ էակին:

Արտաքին տեսքին նայելիս, անմիջապես աչքի է զարնում երկարաժամկետ խնամքի պակասը:
Համադրվում է բնակարանի ցանկացած իրի հետ, բազկաթոռ, բազմոց, հեռուստացույց…
Հիմնական գոյության վիճակը հորիզոնական է:

Շահագործում

1. Կերակրել օրը 3 անգամ

2. Պահպանել ցանկացած հարվածներից, զգայացունց նորություններից, զրկել անձրևին երկար նայելու հնարավորությունից

3. Ամիսը մեկ անգամ ստիպողաբար տանել թատրոն կամ կինո

4. Վեց ամիսը մեկ, կանխարգելիչ նպատակներով պատժել, հյուր տանելով կնոջ ծնողների մոտ

5. Ամեն երեքշաբթի, ֆուտբոլ նայելու ռոմանտիկ սովորությունից ետ վարժեցնելու համար, կոնքատազով փակել հեռուստացույցի տեսանելիությունը, ձեռքերը բռունցք արած հենել կոնքերին ու հարցնել «Շաբաթ օրը կարող է դոլմա եփեմ, թփո՞վ ես ուզում թե՞ կաղամբով»

5.1 Պատասխանի չարժանանալու դեպքում, չարաճճի աչքերով հարցնել. «Միսը դո՞ւ կաղաս թե՞ հարևան Գառնիկին խնդրեմ»

6. Ամիսը երկու անգամ դատարկել գրպանները

7. Սովորեցնել գնալ խանութ, սկզբից թեթև առևտուր անելուն հետո կամաց-կամաց ավելի բարդ առևտրի, որպիսզի չփչանա արտաքին տեսքն ու հայացքը

8. Ամեն օր գիշերվա 23.30 րոպե ուշադիր ու երկար նայել աչքերին, լիցքավորելով նրան հարևանների կանանց չար աչքերից խուսափելու

9. Շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ կամ կիրակի օրերին լողացնել և պարտադիր ցույց տալ երեխաներին, փաղաքշական ասելով, որ
«Երեխանե՜ր, սա ձեր հայրի՜կն է»

10. Երաշխիքային ժամկետներում լիովին օգտագործելու համար, 3 ամիսը մեկ գնել վերնաշապիկ, 8 ամիսը մեկ կոշիկ:

11. Հիշել, որ նրա վերևի վերջույթները նախատեսված են լվացքի, հատակը լվանալու, պատին մեխ խփելու, տոնական օրերին ճաշ պատրաստելու համար

12. Չմոռանալ, որ նրա ներքևի վերջույթները անընդհատ քայլելու, վազելու համար են միայն այն պայմանով, որ դրամ աշխատեն

13. Նրան միշտ Թարմ ունենալու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ ուտել ներվերը, հանել հավասարակշռությունից:
a) Նրա հարցին «Որտե՞ղ է արդուկված վերնաշապիկս» անթարթ աչքերով պատասխանել «Որտե՞ղ է»
b) Նրա հարցին «Վաղը ի՞նչ եմ հագնելու» ձեռքերը ծալել կրծքին ու անմեղ ձայնով պատասխանել «Ի՞նչ»
c) Նրա հարցին «Ինչո՞ւ աղբը չես թափել» պատասխանել «Ինչո՞ւ»   և

14. Կանգնեցնել նրան ուղղահայաց դիրքում, ձեռքը զգույշ, շատ զգույշ դնել աղբադույլի բռնակը, 16 ամյա երեխայի ձեռքից վերցնել Պլանշետը, GPS-ով նշել բնակարան- աղբամաններ ճանապարհը և թեթև ուսին շոյելով ասել
«Սիրելի՜ս, ժամանակ եմ պահել, դե՜ քե՛զ տեսնեմ»

ԸՍՏ ՀՐԱՀԱՆԳԻ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՄԻՉԵՎ 68 ՏԱՐՎԱ


Ս. Ումառ-Հարությունյան

Комментариев нет: