суббота, 18 июля 2015 г.

Օրը շողերով վերջին...

* * *
Օրը շողերով  վերջին, իր հմայքն էր երգում,
Օրվա ընկերը՝ քամին
Վերջին շունչն էր փչում…

Տավիղս, որ վաղուց էր լռել, օրվա ռիթմը ըզգաց,
Փորձ արեց երգ հորինել
Վերջին շողը գրկած:

Լա՛ց էր լինում սիրտս, օրվա հետ միասին,
Նվագու՜մ էր տավիղս
Ինչ-որ կնոջ մասին:

Մեկ աչքերն էր գովաբանում, մեկ՝ նազելի քայլվածքը
Մե՛կ թախիծն էր լարերում
Մեկ էլ սգի քղանցքը:

Փսփսում էր ականջիս  կամ աչքերիս մեջ շողում
Շրջմոլիկի նման սիրտս
Նրա անունն էր փնտրում:

… Գիտե՜մ, գիտե՜մ, քե՛զ էր երգում իմ տավիղը վշտակեզ,
Գիտեմ նաև- Արդար Աստվածն
Անթերի է ստեղծել քեզ:

Գիտե՜մ, հողի՛ց ես ծնվել, բայց քեզ հո՜ղմն է տանելու,
Ու անպայման տիեզերքը
Քո՛ ձեռքից է գժվելու:

Կորավ քունս ու հանգիստս մեղեդուց այդ երկնային,
Անուժ դարձա ես կարոտից
Ու դիմեցի Խայամին.

« Ձեռքս տարա քո մազերին սիրավետ,
Իմ արածը սիրուց դրդված չէր երբեք,
Խելառ սիրտս քո մազերի մեջ տեսա,
Եվ մատներով խաղացի իմ սրտի հետ: »

… Տավիղս վաղո՜ւց էր սսկվել՝ կտրվել էին լարերը
… Հեռու գյուղում ինչ-որ կին էր
Հանգի՜ստ  սանրում մազերը:

Ս.Ումառ-Հարությունյան




Комментариев нет: