суббота, 11 июля 2015 г.

Դու ոչ Լիլի՛թ ես և Ո՛չ էլ Եվա,

* * *
Դու ոչ Լիլի՛թ ես և
Ո՛չ էլ Եվա,
Ես քեզ տալիս եմ մեկ ուրիշ անուն և…

Անունդ տալիս շո՜ւնչս է կտրվում,
Արյունս է վազում, ո՞ւր,  ինքն էլ չգիտի,
Բանականությունս ցնորք է դառնում
Ու մնում կախված անդունդի եզրից…

Դու ոչ Լիլի՛թն ես և
Ո՛չ էլ Եվան,
Ո՛չ կրակից ես ո՛չ էլ ոսկորից
Դու ա՜յլ նյութից ես
Ա՜յլ տեղից ծնված՝
Խելագար Կրքի այլ մոլորակից…

Քեզ «Մերժում» ասե՞մ թե՞ «Անխոս բախում»
Աղմուկով լցված լռության մարմի՞ն,
Եվ պատերա՜զմ  ես և խաղաղությո՜ւն
Քո արթուն և նույնիսկ քնած պահերին:

Դու՝ ճերմակ կեսգիշե՜ր,
Ա՜լ այգաժամեր,
Մե՛կ բաց պատուհան,
մե՛կ փակված դռներ,
Քամու ձեռքերում կոտրատվող մարմի՜ն…
Իրոք նման չես ոչ նախամորը
Ոչ էլ Լիլիթին:

Ես էլ այն Ադամը չեմ հիմա՝
Ստերջ ուղեղով, խղճալի՜,
կծած խնձորը ձեռքին…
Պատմությունը մեռա՛ծ է,
Քե՛զ եմ գալիս ես կրկին
Ու խնձորի փոխարեն իմ ձեռքում է
Քո ծնունդի բանալին…
                                                                      
Ո՜չ,
Դու ո՛չ Լիլիթն  ես և
Ո՛չ էլ  Եվան
Այն հերոսուհին սրբազան գրքից,
Ես էլ այն Ադամը չեմ, վտարված դրախտից
Ու կարողանում եմ արդեն տարբերել
Ադամակողը -
Ադամոսկորից…

Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: