Ոտքերիդ տակ հիմա խոտը չի՛ լալիս,
Ցո՜ւրտ է՝
Սառը ձյունն է ճռճռո՛ւմ,
Գիտե՜մ, քայլում ես, քայլում դեպի ի՞նձ
Թե՞ ինձնից ես ավելի հեռանում…
Հեռանո՜ւմ ես՝
Իմ վերջ չունեցող նրբություն,
Ափերիդ մեջ դողում է համբույրս վերջին,
Ձմե՞ռ է, թե՞ ամառ, ես չեմ հասկանում,
Կարծես օրորվում եմ անդունդի եզրին…
Մի տխո՜ւր մեղեդի է, այստեղ՝ իմ սրտում
Առանց քեզ - սառը հուլիսյան օրեր,
…Մի ծեր խմբավար ձեռքն է բարձրացնում,
Ու լաց են լինում հազար ջութակներ:
Գնո՞ւմ ես, գիտեմ ՝ հոգու թռիչք է,
Ոչի՜նչ սիրելիս, հեռացի՜ր…
…Հոգու ձմեռը փչացած խաղալիք է,
Մի օր անպայման կաշխատի:
Մի քիչ զգույշ քայլիր, հանկարծ չգցես
Հիշողությունդ սառը ձյան վրա,
… Ու երբ
պատահմամբ փակուղի հասնես,
Քեզ
կտաքացնի նա՝ կրակի նման:
Գիշերվա շոյա՜նք…
Իմ անվերջ քնքշությո՜ւն…
Աչքերիս վրա առավոտյան ցո՜ղ…
… Ինձ «Բարի լույս» է քինոտ շշնջում -
Փետրվարն իր սառը շնչով:
Ս. Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий