вторник, 10 февраля 2015 г.

Կարոտ



Բարձրանում է հոգնած ձե՜ռքը կարոտի,
Հեռացնում է իրարից թարթիչներս-
Աչքե՛րս բացում,
Կարոտի աչքերն այնքա՜ն հարազատ
Տեղավորվում են հայացքիս ներսում…

Պահարանի կիսաբաց դռնից,
Քո շրջազգեստն է ոտքերը կախել
Միայնա՜կ,
Կարոտս չի՛ հոգնում սպասելուց,
Կարոտս սպասում է համակ

Մի ցա՛վ է ճչում ժամանակի մեջ,
Իմ ետևից կանչում է մի ձայն,
Դանդաղ հեռանում եմ ներկայից՝
Կարոտս գրկումս սեղմած…

Հուշերիս անոթը դատարկ է՝
Վշտաբեկ,
Սիրտս՝ նվաղած – կարկամած,
Անոթի հատակում  կանացի մի ձեռք,
Մատներն է սեղմում դառնացած…

Վազում է կարոտս
Սենյակից-սենյակ,
Հպվում է դռան դիտանցքի ապակուն,
Հեռավոր հուշերի երազ-քաղաքում
Մի կին  է կրծքով
Կերակրում պատանուն…

… Կարոտս - հրաժեշտի չափ երկար,
Անխի՜ղճ,
Անավա՜րտ,
Անաստվա՜ծ
Իր կիսադեմով աչքով է անում,
Համբուրում է կոպերս հոգնած…

… Արևն անհոգի, աչքերս է բացում,
Ամոթխած կարոտս - շշնջում
«Բարև՜»…
Ծաղկած հոների փոքրիկ մի այգում,
Ժպիտդ է թռչում
Տերևի՜ց-տերև՜


Ս.Ումառ

Комментариев нет: