пятница, 6 февраля 2015 г.

Բա՛ց արա դուռդ...



* * *
Երջանիկ մարդիկ նորից են ծնվում,
Գուցե այդպես է օրենքն աշխարհի,
Երջանիկ մարդիկ սկզբից կուրանում,
Հետո այլ կերպ են աշխարհին նայում:

Քո սերը վաղուց կուրացրել է ինձ,
Կյանքին նայում եմ ակնոցներով մութ,
Իսկ ձեռքիս փայտը ճանապարհներից
Քո ճանապարհը փնտրում,չի գտնում:

Հիշի՛ր, որ ես եմ քո պատուհանին
Նկարել լուսին ագահ աչքերով,
Հետո էլ խանդից կոտրել ապակին,
Որ քեզ լուսինն էր նայում գիշերով:

Հիշի՛ր, որ ես եմ սրտիդ օրագրում
Արևագույնի ակնոցներ ներկել,
Հիշի՛ր, արև եմ եղել քո կյանքում,
Հիմա ստիպված եմ սև ակնոց կրել:

Կիսալուսինն է մտել իմ թևը,
Մութ գիշերներն են աչքերս փակում,
Իսկ տարիներիս կուրացած բեռը
Քո փակված դուռն է անընդհատ թակում:

Բա՛ց արա դուռդ, վերադա՛րձ եմ ես,
Արևագույներ ներկող այն տղա՜ն,
Բա՛ց արա դուռդ ,գուցե դո՞ւ փշրես
Կույր տարիներիս ժանգոտված շղթան:

Ս.Ումառ

Комментариев нет: