пятница, 6 февраля 2015 г.

Այդպես չեն հեռանում…


Լռո՞ւմ ես,
Չունե՞ս ասելու ոչինչ,
Ի՞նչու ես աչքերդ խոնարհում…
Գոնե բացատրի՛ր,
Վիճի՛ր, համոզի՛ր,
Մի՞թե այդպես են հեռանում…

Ո՜չ, այդպես չեն հեռանում…
Հեռանում են գեղեցիկ՝
Մայրամուտի նման նուրբ,
Հեռանում են ցավի նման անցողիկ՝
Կծկված օրվա տաք կրծքում…

Եվ բնավ էլ հեռանալով,
Պարտադիր չէ ցավեցնել…
Ո՞վ չգիտե, որ Բախտի հետ
Անիմաստ է մրցակցել:

Լռո՞ւմ ես,
Չունե՞ս ասելու ոչինչ,
Իսկ ես ուզում եմ հարցնել.
Մի՞թե կարող եմ
Օրը սարքել ժամ,
Ժամը՝ ակընթարթ,
Անունդ սարքել տող,
Անցյալս երկտող,
Կրճատել ինքս ինձ…
Ու ամեն անգամ վեր թռչել տեղից
Մենության վայրագ բութ թակոցներից…

Ո՜չ, այդպես չեն հեռանում:

Մի՛ շտապիր, սպասի՛ր,
Ես չեմ խեղդելու թախիծն ու կիրքը
Գինու գավաթում,     
ճշմարտությունը գինու մեջ չէ այլ
Արյան զարկերում…

Թույլ տուր մի վերջին գավաթը ըմպել -
Լցված քո բույրով,
Մի վերջին անգամ քեզանով արբել…
Ու համարձակության օձիքից կառչած -
Բախտի հետ վիճել,
Բախտին համոզել,
կամ ապացուցել,
Որ տված նվերը ետ չեն պահանջում…

Ո՜չ, այդպես չեն հեռանում:

Վաղը նոր օր կբացվի՝
Մի նոր գիշեր, նոր ցերեկ
Ու խումհարը չի թողնի, որ
Զրուցեմ մերկ պատի հետ…

Լռո՞ւմ ես,
Չունե՞ս ասելու ոչինչ,
Ի՞նչու ես աչքերդ խոնարհում…
Գոնե բացատրի՛ր,
Վիճի՛ր,
Համոզի՛ր…
Մի՞թե այդպես են հեռանում…


Ս.Ումառ

Երևան
12.08.14թ

Комментариев нет: