Ջրափոսերը
արծաթապատ են…
Երևի
լուսինն է իր գույնով ներկել,
Կա՛մ, կանացիության մոլուցքը բարձած-
Խստաբարո Հոր
հայացքի ներքո
Օրիորդ
գիշերն է ոտքը կախ գցել…
Մուժը նստած
աչքերին, բայց վարդագույն այտերով
Օրորվո՜ւմ է
գիշերը
Իր
արծաթով լուսավոր,
Ցո՛ւյց է
տալիս անկողոսկր ադամորդուն
Վայելքներն
իր զորավո՛ր…
Արթնանո՜ւմ
են, պա՜ր են պարում
Կորած
հույսի թևեր գտած քո մտքերը,
Թե անմե՜ղ
Թե՜
մեղավոր…
* * *
… Ատո՛ւմ եմ
ցերեկը - ուխտադրո՜ւժ, անիծվա՜ծ,
Կաշառակեր
լույսի անփութությո՛ւնն անշարժ,
Երբ նրա
աչքերում առույգ եմ թվում, բայց
Ինքս իմ մեջ
լինում եմ մեռած…
Ցերեկո՛վ են
աչքդ փակում
Երազանքիդ
խոլ մտքերը բանական,
Հեքիաթները
ցերեկո՛վ են ազատվում
Բառախաղից
հավիտյան…
Ցերեկո՛վ է
վերերկրյա կույսն ազատում քեզ քո գոյից,
Ցերեկո՛վ ես
դու հեռանում
Արու կյանքի
պարկեշտության սեղանից…
Տարածությունն
ու ժամանակը
Կանգառներ
են կատարում, երբ
Արևն իր մեծ
ստինքերով
Հոգնած
մարմինդ է կերակրում,
Երբ խոսքն
արդեն ուժ-եռանդ չի սերմանում՝
Հպվում է
խորաքանդակ շուրթերիդ դժկամ
Ու անհետանո՜ւմ է
Շիրմաքարերի
վրա վազող մողեսի նման…
Ցերեկո՛վ է
դեպի
հավերժական տուն գնացող ճանապարհին,
Մի սուտասան
քահանա
Իր հոգևոր
երգով խորթ,
ճանապարհում
քեզ համար
Նախատեսված
փոսի մոտ…
* * *
Գիշերվա մեջ
ավելի ես ապրում՝
քան ինքդ քո
մեջ…
Գիշերվա մեջ
է
Խե՛նթ ջահելությունը,
Հեծկլտացող
ճերմակության
Ծորո՜ւն
շառագույնը…
Գիշերվա մեջ
է
Մեռնող
ջութակի հնչյունին սադրիչ՝
Տառապանքներիդ
երգը սփոփիչ…
Գիշերվա մեջ
է
Խեղաթյուր
հոգու տխրության բույրը՝
Մի
բարեպատեհ երջանիկ դիպված -
Գիշերվա
զեփյուռի ձեռքերում փակված…
… Խոցո՛ւմ է
գիշերվա հետքն անմարդկային,
Իմաստությունը
դատապարտվում է մահվան,
Մղվո՜ւմ է
հոգիդ պատժապարտ մարմնիդ ու
Պաշտամունք
է դառնում գո՛յը գիշերվա…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий