понедельник, 21 декабря 2015 г.

Ձմե՛ռ

Ձմե՛ռ,  
Եկար  ու բերեցիր սարսո՜ւռ,
(Ինչպես կյանքի ձմեռն է բերում
Ջահելության ավարտ-
Սպասված ծերություն),

Խարիսխ գցած նավի նման կանգնել ես դրսում,
Կարծես քի՛չ են սառը օրերդ,
Կարծես ի՛նձ ես սպասում…
Ու
Պետք է ինձնով լրացնես
Օրերդ սառած,
Պետք է ցրտով լացեցնես
Հույսերս սպասված….

…Մի քանի հուշեր ունեմ թաքցրած
Սա՜ռն, անիմա՜ստ, տաղտկալի՜,
Ի՞նչ անեմ, տա՞մ քեզ հեռանաս,
Թե՞ ձմեռ, քեզ խաբել չի՛ լինի….

Սիրուհի ունեմ «Ամառ» անունով-
Կգա՜ կտեսնի, որ չկամ,
Ողբն իր կկապի գարնան արցունքով,
Աշնան քամու հետ կգնա…

Վերջս դնելու փո՛րձդ է առաջին,
Մի՞թե այսպես են հեռանում,
Ասա՛ ինձ, ձմե՛ռ այս ի՞նչ արեցիր,
Մի՞թե ցրտից է սիրտը կանգ առնում:

Չե՛մ խաբի, իրո՜ք գեղեցիկ ես,
Տո՛ւր ինձ գեղեցկությունդ հազարապատկեմ,
Թող գոնե ձա՜յնս կամ էլ բառե՜րս
Մնան ու ասեն.

Սիրտը չի կանգնում
Ցրտի՜ց,
Ամառվա տապի՜ց,
Գարնան անձրևի՜ց,
Ոսկրոտ ձեռքերից խոր Աշնան…
Ո՛չ էլ օրերից, երբ
Աղավնիները դառնում են ագռավ…

Սիրտը կանգնում է միայնությունից…

Միա՜յն ու միայն…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: