суббота, 5 декабря 2015 г.

Քույրս՝ Պոեզիան


Կարոտի նման անձև է…
Աչքի նման թա՜ց,-
Ասես հույզերի մի երկա՜ր անձրև է
Անընդհատ թափվում ցած…

Եվ հա՜մն է ուրիշ…
Եվ հո՜տն ու բույրը,
(Հիշո՞ւմ եք, վաղո՜ւց, շա՜տ վաղուց զգացած
Առաջին սիրո
առաջին համբույրը…)

Բուխարու մեջ գցած խնձորի նման
Թա՜նձր է, մածուցի՜կ,
Ասես, թե կոկորդովդ սիրտդ է մտնում
Չքնաղ մի էա՜կ,
Ասես, մարմինդ մի բան է այրում՝
Պահանջող շոյա՜նք
ու գգվանք…

Ասես խնդրում է իրեն հասկանալ,
Ըմբոշխնել ձայնը հույզի՜, թրթիռի՜,
Ասես հուշում է, որ հեղինակը՝
Մի խենթ սիրահար,-
Ծառան չէ
Մտքի կամ բառի…

Ասես, թե քո՛ւնն է մոտենում դանդաղ,
Փորձո՛ւմ է ծածկել մեղքը հուշերի,
(Հիշում ես ինչպես մի անգամ պատահմամբ
Մի կույսի կուրծքը կրքոտ շոյեցիր):

Աշխարհում չկա՛ մեղքերի քանակ,
Մեղքեր չափելու սանդղա՛կ էլ չկա,
Իսկ դու՝ քույրիկս, այսպես անաչառ
Հատ-հատ դատում ես
Եվ «կա՜»-ն
Եվ «չկա՛»-ն…

Տողատակերից դեմքեր են ելնում
Ճերմա՜կ ու հրաչք,
Սև ու երկդիմի…
… Մեկ «տիկին» Եվա՛ն է լրիվ մերկանում,
… Մեկ լսվում է խո՜ւլ հոգոցն Ադամի:

Մեկ Յուպիտերի ազդրն է շոյում
Դիանան՝ որսի դիցուհին,
(Սա՜ռն է, քո՛նը չէ, քեզ հա՛յ են ասում)
Մեկ էլ Նեպտունի փեշով է ծածկում
Աստղիկն իր կուրծքը
(Սա արդեն քոնն է՝ չքնաղ հայուհին):


Մեկ էլ թվում է, թե ցո՛ւրտ է…
Իրիկնամո՜ւտ,
Սրտիդ պատերին բո՛ւքն է շառաչում,
Թվո՜ւմ է, թե Քաոս-արքան  բարկացած
Քնած հուշերդ է
Մեկ-մեկ գլխատում…

Կապա՛նք են դառնում լեզուդ ու սիրտդ,
Քեզ պատեպատ ես զարկում անխնա,
Տանջա՛նք են դառնում
Եվ բա՛ռը,
Եվ մի՜տքը…
Փորձում ես ներկայից  հեռանալ:

…Ո՞ր ցավը տանել,
Ո՞ր ցավը թողնել,
Ո՞ր հուշին փրկել,
Որի՞ն մոռանալ:

… Կարոտի նման անձև է…
Աչքի նման թա՜ց,-
Ասես հույզերի մի երկար անձրև է
Անընդհատ թափվում ցած…

… Եվ հա՜մն է ուրիշ,
… Եվ հո՜տն ու բույրը,
Եվ ցա՛վն է ուրիշ,
Եվ գո՜ւթն ու թույնը…

Չարին՝ թշնամի,
Բարուն՝ բարեկամ…

Ահա՜,
Այսպիսին է քույրս՝
Չքնաղ Պոեզիան…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: