понедельник, 14 декабря 2015 г.

Երբ քայլերդ են լռում պատուհանիս տակ…



Սիրտս ձա՛յնն է քայլերիդ՝
Իմ մեջ,  ինչ-որ տեղ թաքնված,
Գիտե՞ս արդյոք, ի՞նչ է լինում այն պահին,
Երբ քայլերդ են լռում պատուհանիս տակ:

Իմ մեջ լռությո՛ւնն է շոշափում վարսերդ,
Կարծես մի թռչնի է շոյում  վերից ընկած վար,
Համրանում են քեզ ուղղված բառերս -
Շուրթերիս վրա դողահար…

Երբ քայլերդ են լռում պատուհանիս տակ…

Վայրկյանը դառնում է տարի,
Ճակատագիրը ծերանում է աչքերիս առաջ,
Մտքերիս բեկորները եզրով անդունդի
Պտտվում են կատաղած…

Մի վարագույր է իմ և քո միջև,
(Որտեղի՞ց հայտնվեց ծածկոցն այդ մթան),
Դու կանգնած լռո՜ւմ ես,
Սիրտս հևիհև՜
Փորձո՜ւմ է կոտրել իր լեզվի շղթան…

Երբ քայլերդ են լռում պատուհանիս տակ…

Երկրագունդը պտտվում է ավելի արագ,
Ո՞ր կողմ, չգիտե՜մ,
Մի՞գուցե հակառակ - առանց ուղեծիր ու վայրի՜…
Մթան վարագույրը սիրո կեղծանվամբ
Մի տարածություն է բացում ամայի…

Անընդհատ թափվում են գիսավոր աստղեր՝
Եվ ոտքերիս տակ,
Եվ աչքերիս մեջ,
Անցած օրե՞րս են շտապում հեռանալ,            
Թե՞ նոր օրեր են ծնվում
Անշո՜ւնչ, անցերեկ…

… Ու կո՜ւլ են տալիս ինձ իմ երազները,
… Ու տարածության մեջ դառնո՛ւմ եմ «Ոչի՜նչ»,
… Ու պատուհանիս տակ լռո՜ւմ են քայլերդ,
Որոնք ոչ հոգի ունե՜ն
Ոչ՝  խիղճ….



Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: