понедельник, 21 декабря 2015 г.

Անհանգիստ մարդ արարած



Երբ հա՛րց են տալիս,
Որը չպետք է տալ -
Մարդ կատաղում է
(Այստեղ տեղին չէ բառը
«Բարկանալ»):

Երբ պարտք են տալիս
Ու թուղթ պահանջում այդ պարտքի դիմաց-
Մարդ փոքրանում է՝
Դառնում ձվի չափ…

Երբ հույս են տալիս ու կարեկցում են
Միաժամանակ-
Մարդ հուսալքվում է՝
Դառնում անհավատ…

Երբ խոսում են քեզ հետ,
Բայց լռել է հարկավոր,
Քեզ թվում է հանդիպել ես
Մի աղետի ահավոր:

Երբ լռո՜ւմ են, չե՛ն խոսում,
Բայց խոսե՛լն է կարևոր-
Չես հասկանում ի՞նչ ես ուզում
Այս աշխարհից մեղավոր:

Պահմտոցի ես խաղում
Ցավի՜դ, կամքի՜դ, հույսիդ հետ,
Թաքնվելու տե՛ղ ես փնտրում՝
Տուն տանող մի արահետ:

Գտնո՜ւմ ես,
Մա՛րդ արարած…
Մտնո՜ւմ ես՝
Հանգիստդ առնում վերջապես,
Երբ, որ մայրդ է խոսում հուզված,
Կամ լռում է Աստծո պես …


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: