воскресенье, 3 мая 2015 г.

Լուրջ, շատ լուրջ պատմություն Դեդեկտիվը




- Որ գրիչիդ կոթը այդքան կրծում ես, մի բան կստացվի՞:
Այսօր երրորդ գրիչն ես փչացնում, համ էլ բազմոցը մեղք է, վե՛ր կաց, ման արի: Ի՞նչքան կարելի է պառկած մնալ:
- Լա՜վ էլի, հավեսդ չունե՜մ, չի՛ ստացվում, հա գրո՜ւմ եմ, տանո՜ւմ եմ, չեն տպում, որ մի քանի կոպեկ փող տան:
- Ինչո՞ւ, լավ էլ գրում ես, քեզ ի՞նչ է եղել, Վրեժ ջան, ինձ նման կին ունես, եփո՜ւմ եմ, թափո՜ւմ եմ, հավաքո՜ւմ եմ, լվանո՜ւմ եմ, գնո՜ւմ եմ, առնո՜ւմ եմ, գալի՜ս եմ…հետո նորի՜ց:
Իսկ դու սիրային պատմություններ ես գրում, առանց իմանալու, որ քեզնից առաջ բոլոր սիրային պատմությունները արդեն վաղո՜ւց գրվել են…
- Է՜, դեդեկտիվ են ուզում, ես էլ չե՛մ կարողանում, չի՛ ստացվում:
- Դրանից հեշտ բա՞ն, ուզո՞ւմ ես թելադրեմ գրես:
- Դո՞ւ, Մերի ջան կատակի ժամանա՞կ է, թե՞ ձեռք ես առնում:
- Չէ՜, լո՛ւրջ եմ ասում, վերցրու նոր թուղթ, այդ խզբզածը գցի մի կողմ, քեզ էլ նոր մատիտ, նոր եմ առե՜լ, սրե՜լ, պատրաստե՜լ, Վրեժ ջան, դե սկսի՛ր, միայն արագ-արագ գրի, որ մտքիս թելը չկտրվի:
Վրեժը կնոջ խոսելու տոնից զարմացած, անխոս վերցրեց մատիտը:
Սկզբից փորձ արեց կոթը դնել բերանը, հետո նայելով կնոջը հասկացավ, որ ավելորդ շարժում է:
- Գրի՛ր, ես հիմա միայն միտքը կասեմ, դե իսկ դու գեղարվեստորեն կարող ես շարադրել, դրանում կասկած չունեմ:
- Լուրջ գրե՞մ, թե՞…
- Հա՛, հա լո՛ւրջ, սկսի՛ր, ասենք…երբ կինը պատահմամբ ամուսնու հեռախոսի մեջ տեսնում է «Լյովիկ-2» անունը, զանգահարում է այդ համարով ու լսում Լուսինե Մարկոսյանի ձայնը, կամ «Մարտին-12», զանգահարում է ու լսում Մարինե Վարդանյանի զանգը, կամ «Արմինե-գործակալություն», որը կնոջ ընկերուհու համարն է ու նա գործակալ չէ, այլ ՛՛Գեղեցկության Սալոնի՛՛ մերսող, կինը խանդից ձվածեղի մեջ մկան դեղ է լցնում ու տալիս է ամուսնուն ուտելու:
- Մե՜րի, բայց…
- Դու գրի՛, գրի՛… մաս երկրորդ,  մի անգամ կինը պատահմամբ լողասենյակում, սափրվելու կրեմի տուփում, հայտնաբերում է պահպանակներ, տարբեր գույների ու որակի, չի ալարո՛ւմ, վերցնում է ասեղը ու մեկ մեկ բոլորի վրա անցք է անում ու խանդից կատաղած ձվածեղի մեջ մկան դեղ է լցնում, տալիս է ամուսնուն ուտելու:
- Դու ի՞նչ է գժվե՞լ ես, Մերի ջան, ա՜խր..
- Դու գրի՛, գրի՛…մաս երրորդ, երբ կինը, որը դեռ օգտագործում էր 4 տարի առաջ, հարսանիքի ժամանակ սկեսուրի կողմից նվիրված հնաոճ ներքնաշորերը, գումարն ափսոսում էր իր համար նոր բան գնելու, հանկարծ ամուսնու գործիքների մեջ հայտնաբերում է երեք հատ 100 դոլարանոց թղթադրամներ, հենց այդ վիճակով էլ, տնային շորերով վազում է խանութ ու գնում ակկումլյատորի համար նախատեսված կիսլոտա, բերում է ու լցնում լոբու ճաշի մեջ՝ հրամցնում ամուսնուն:
- Դու ցնդե՞լ ես, Մերի՜…
- Հաստա՛տ կտպեն Վրեժ ջան, դե ես գնացի խոհանոց, իսկ դու այդ բոլորը գեղարվեստորեն ձևակերպիր ու կտեսնես ինչ լավ է լինելու: Ես գնամ նախաճաշ պատրաստեմ, ժամը 12 եղավ:
Կինը գնաց խոհանոց:

Մատիտը ձեռքից ընկավ ու ընկնելու ձայնը արձագանքեց սենյակով մեկ:
«Արձագանք լինում է միայն այն ժամանակ, երբ լսող ունի» մտածեց Վրեժն ու բարձրացավ բազմոցից:

- Լվացվի՛ր, ձվածեղը բերում եմ, կներես, որ ընդամենը երկու ձվից է, էլ չկա՛, վերջինն է:
- Ո՛չ, ո՛չ,- բղավեց Վրեժն ու դուրս փախավ տանից:
Ո՞ւր…
Լուսինե Մարկոսյանի, Մարինե Վարդանյանի թե  Արմինե-գործակալության Արմինեի մոտ…

Դռան փակվելու ու Մերիի ծիծաղը ռեզոնանսի նման տատանվեցին ու հանգան  վարագույրների վրա:
Սենյակ գնալու իմաստը կորավ, աջ ձեռքի ճկույթով ականջի ետևը գցեց կախված մազափունջն ու առանց պատառաքաղի, հացի կտորը մտցրեց ձվածեղի մեջ ու տարավ բերանը:

Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: