пятница, 1 мая 2015 г.

Ներում




1
« Թվում է թե ցանկացած բժիշկ սովոր է հիվանդի տնքոցներին, վերաբերվում է ինչպես առօրյա ցանկացած երևույթի…գուցե՞ այդպես է, գո՞ւցե ոչ, իրենք բժիշկները դա հերքում են, բայց բացատրել չեն կարողանում՝ ինչպես ասենք գրողները կամ երաժիշտները, որոնք կարողանում են զգացածը հասցնել տեղ…
Գուցե այդպես ճի՞շտ է, գուցե  ո՛չ, ո՞վ գիտե…
Հնարավո՞ր է բառերով կամ նոտաներով բուժել…
Գուցե այո՜, գուցե ո՛չ…
Գուցե փորձ եղել է ասենք նկարիչը նկարի սեփական կնոջ մազերից պատրաստված վրձինով ու կարողանա այդ կտավով հասկացնել այն, ինչ մինչ այդ չի կարողացել հասկացնել ո՛չ բառերով, ո՛չ էլ այլ կերպ…
Գուցե այո՜, գուցե ո՛չ…
Մի՞գուցե բանասերները ճիշտ չգիտեն երկրեսանի բառի բացատրությունը, որ դա շողոքորթ լինելը չէ, դա ճիշտ է երկու երես ունենալն է, բայց…
Մի երեսը Ներելն է
Մյուսը՝ Զոհաբերելը…
Հզո՜ր է…»

Այսպիսի մտքերն էին, որ խառնվեցին աջ դռնից եկող հիվանդի տնքոցներին ու երիտասարդ բժիշկ Արմեն Ղուկասյանին ստիպեցին վերադառնալ իրական աշխարհ, ստիպեցին մոռանալ, որ ինքը ընդամենը երկու օր է ինչ աշխատում է հիվանդանոցում ու իր առաջին հերթապահության օրն է:
Փորձեց վստահ մոտենալ ութսուներկուամյա հիվանդ ծերունուն:
« Այս տարիքում էլ ի՞նչ հիվանդ» մտածեց:

- Եկա՞ր բժիշկ ջան, լա՜վ է:
- Ո՞նց ես հայրիկ ջան, տնքո՜ւմ էիր:
Նստեց հիվանդի մահճակալին, բռնեց վաղուց կարծես ցավերից սմքած ձեռքը:
- Զարկերակս ես մա՞ն գալիս, մի՛ տանջվիր չե՛ս գտնի, այն միայն մի կերպ սրտումս է աշխատում:
- Հումորով պապի ես, ով փնտրում է նա էլ գտնում է, այդպե՞ս չի:
Ինչո՞ւ համար ասաց, չհասկացավ:
- Դեռ կենդանի եմ, ուրեմն հումորն էլ է կենդանի:
- Ներքևում տղադ է, հարսդ, կինդ, թոռներդ, ուզում էին բարձրանալ քեզ մոտ, ճիշտն ասած մտածեցի քեզ նայեմ, նոր թույլատրեմ վերև:
- Գան ի՞նչ անեն:
- Դե երևի խոսեն քեզ հետ, հարցնեն ինչպե՞ս ես, անհանգստանում են:
- Ամողջ կյանքում ունեցել են այդ հնարավուությունը՝ առանց ուրիշի թույլտվությամբ անելու այդ քո ասած խոսելը, հարցնելը, անհանգստանալը, որ չեն արել հիմա ինչո՞ւ են ուզում:
Դժվարությամբ էր խոսում, բայց վստահ, առարկություն չընդունող ձայնով:
- Երեկ ուզում էի մեռնել-պրծնել, վախենում էի մահանալուց, բայց Նա եկավ մոտս:
- Ո՞վ,- չհասկացավ բժիշկը:
Ծերունին մատը մեկնեց դեպի առաստաղը:
- Ե՞վ…
- Ձեռքը մեկնեց, շոյեց գլուխս, ժպտաց: Կհավատա՞ս բժիշկ ջան միանգամից հասկացա, որ վախենալուս պատճառը նա էր, որ չէի ցանկանում ներել ո՛չ նրանց ո՛չ ինձ: Հիմա արդեն չեմ վախենում:
- Շատ երկար խոսել պետք չէ, ուժասպառ կլինես պապի ջան: Քեզ անհանգստանալ չի կարելի:
- Ճի՛շտ ես տղա ջան ինձ հանգստանալ է կարելի, ներե՜լ եմ բոլորին, ի՜նձ էլ: Ներե՜լ եմ…

Ծերունու սեղմած բռունցքը կախվեց մահճակալից…

2
Կրթությունը բարձրագույն էր՝ Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ:
Սոցիալական դրությունը – անտանելի:
Զոքանչը հիվանդ, երեխաները ուսանողներ (վճարովի):
Կինը երկու տարի առաջ էր մահացել (մինչև հիմա քարն էլ չէր գցել):
Հպարտությո՞ւնը, ոչ ոտնահարված չէր, ուղղակի կարծես ամեն ինչ վերջացած լիներ ու դա էր պատճառը որ այսօրվանից աշխատում է այս խուճուճ անունով ֆիմայում որպես հավաքարար:
Հաստիքն էր այդպիսին, իսկ իրականում պետք է դռների փականները սարքեր, էլեկտրալամպերը փոխեր, մանր-մունր աշխատանքներ, ամսեկան քառասուն հինգ հազար դրամով:
- Խաչի՛կ, մո՛տ եկ:
Տնտեսվարն էր, որին մի կերպ համոզելով էր ընդունվել աշխատանքի:
- Հա, Շախրամանյան ջան, ասա՛:
- Լավուրը գործի չի եկել, էդ կնիկը գլխիս պատիժ ա, էն պոլի փետովը մի երկու անգամ տղամարդկանց զուգարանում քսի-մսի մինչև տենանք ինչ ա ըլնում:
- Բայց, ախր…
- Արա՛, արա՛, բա ո՞վ է անելու:

Նոր էր վերջացրել աշխատանքը, երբ ներս մտավ դեղին փողկապով, կանաչ կոստյումով, կարմիր կոշիկներով երևի տարեկից մի  մարդ:
Մինչ կհասցներ կոշիկներից աչքերը բարձրացրնել դեմքը տեսնելու մարդը հարցրեց:
- Խաչի՞կ:
- Հա՜, բա՜յց:
- Քո տունը շինվի, ձեր կուրսի Անդո՛ն եմ, Մանուչարյան Անդոն:
- Հա՜, չճանաչեցի, Անդո ջան, բա էստեղ ի՞նչ ես անում:
- Բիզնեսմեն եմ, նոր եմ եկել, կնոջս ու զոքանչիս հետ Երուսաղեմ էի գնացել, Զատիկի օրերին:
- Հավատացի՞ր:
- Եսի՞մ, երևի մի բան կա էլի այնտեղ՝Վերևում:
Եկա, գնացի գյուղ, եկեղեցի սարքելու համար փող տվեցի, այնպես էլի, համենայն դեպս:
- Վախենում ես դժոխք ընկնե՞ս:
- Վախը քի՞չ ա, բայց հիմա ինձ ոչ մի չար բան  չի կպնի: Տե՛ս:
Գրպանից հանեց ու ցույց տվեց մելքեորե մի փոքրիկ աման՝ խնկաման:
- Իսրայելում, տեր Վարդանից եմ գնել, երեք հարյուր դոլարով, Հիսուսի ձեռքի ամանն է եղել, բա՜:
- Ո՞վ է քեզ ասել:
- Դե լավ, գործդ արա, չխանգարեմ, հիմա հաճախ կտեսնվենք:
- Համենայն դեպս,- ասաց Խաչիկը ու ուսի վրայից դեպի ետ երեք անգամ թքեց զուգարանի պատին:


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: