воскресенье, 3 мая 2015 г.

Լուրջ, շատ լուրջ պատմություն Վերելակ




Ճանապարհը երկար չէր, մի քանի քայլ, բայց ավելի ստույգ, եթե քայլերդ ութսուն սանտիմետր են, ապա ընդամենը հինգ ու կես քայլ:
Հաշվի առնելով տարիքը, կին լինելը և մարմնի քաշը ընդամենը պետք է քայլել 8 քայլ հասնելու բաղձալի կոճակին:
Արդարության համար պետք է ասեմ, որ ոչ թե հասնելու այլ ավելի արագ հասնելու, հասցնելու սեղմել, մտնել ու հեռանալ դիմացից մեկ այլ ճանապարհով եկողից:
Ճակատագրի թե շենքը նախագծող մասնագետի ձեռքով նույն ճանապարհն էլ պետք է անցներ դիմացից եկողը…
Խոսքը գնում է բնակարաններից դեպի վերելակ տանող ճանապարիհների մասին…

Եվ այսպես ՛՛Ա՛՛ (բնակարան 62)  և ՛՛Բ՛՛ (բնակարան 65) կետերից, չորեքշաբթի առավոտյան ութն անց քառասուներկու րոպե,  միաժամանակ դուրս եկան երկու իրար նկատմամբ չարությամբ լցված, լվացքի ընդհանուր պարանը ընդհանուր հիմունքներով օգտագործել չցանկացող, «Հողերս գլխիդ»,  «Գլուխդ թաղեմ»  շշնջացող երկու տարեց կին ու ստիպված շարժվեցին իրար ընդառաջ՝ դեպի վերելակը:

Ճակատագրի թե շենքը նախագծող մասնագետի ձեռքով նույն ճանապարհը միաժամանակ անցնելով, ցուցամատները պարզեցին ու փորձեցին սեղմել վերելակ կանչող միակ կարմիր կոճակը:

… Վերելակի բարյացակամ դռների բացվածքը հրավիրեց ներս՝ առանց հաշվի առնելու Ճակատագրի թե շենքը նախագծող մասնագետի ձեռքով դռների բացվածքի լայնությունը…
Մի քանի անհաջող փորձերից հետո առաջինը ներս մտնելու հաճուքը ստացավ «Հողերս գլխիդ» ասողը ու մեջքով հաղթական սեղմվեց վերելակի VIP համարվող ձախ պատին:
«Գլուխդ թաղեմ»  ասողը պարտված հայացքով կանգնեց աջ պատի մոտ, կարդաց պատին փակցված գովազդը, ճակատագրի նման քմծիծաղեց, ասաց «Իմը Վիվա Սել է»  ու մեջքով հենվեց  ՛՛Բիլայնի՛՛ գովազդին:

Դեպի առաջին հարկ իջնելու կոճակը սեղմելու իր օրինական իրավունքից անմիջապես օգտվեց VIP պատին մեջքով սեղմված կինը:
Երկու ամեն ինչից տեղյակ կանայք գիտեին որ իջնելու են ուղիղ 27 մետր, որից հետո ազատությունն էր, խանութից-խանութ ամենօրյա դարձած հերթական վազքը:
13 թիվը միշտ էլ համարվել է սատանայական ու պատահականություն էր արդյո՞ք, թե՞… վերելակը կանգնեց:

Լռությունն էլ դիմացավ ընդամենը 13 վայրկյան, որից հետո լսվեց.
- Աշո՜տ…
- Գառնի՜կ…
- Ախչի Աշոտը էլեկտրիկն ա, դու չես հասկանո՞ւմ: Գառնի՛կ պետք է բղավես:
- Հոսանքը գնաց, Գառնիկին կանչում եմ ի՞նչ անեմ: Երեսդ չեմ ուզում տեսնել:
- Աշո՜տ…
- Գառնի՜կ…
Երբ Աշատ Գառնիկ անունների բարձրաձայն կանչերի քանակը հավասարվեց նրանց ամբողջ կյանքում շտապ օգնություն կանչած քանակին, «Գլուխդ թաղեմ»  ասողը դիմեց «Հողերս գլխիդ» ասողին:
- Իբր ի՞նչ, ամեն օր ինը հատ ներքնաշոր ես կախում, մեկը մեկից գույնզգուն, որ ի՞նչ անես:
- Որ նախանձից պայթե՛ս:
- Պա՜հ, մի սրա՜ն տես, շատ պետքս են քո մաշված տրուսիկները, տո դու սկի չգիտես  ո՞նց են կախում, ո՞ր մասից են կախում:
- Ո՞ւմն ա մաշված, ի՞մը, դու քոնին նայիր, քո դեմքի նման ճմրթված:
- Զահլադ չունե՜մ:
- Չէ՜, Աստված սիրես, հլա մի նայի՛ր, բա սա մաշվա՛ծ է:
Փորձեց շրջազգեստը բարձրացնել:
- Թո՜ղ, Աստված սիրես, դու ասա թոռդ ո՞նց է:
- Էլի հազում է:
- Ի՜, բա դոշաբի ինչո՞ւ չեկար, գիտես որ ունեմ, Ղարաբաղի է:
- Եսի՞մ: Դու «Նորիկի խանութից» ես առևտուր անում չէ՞, չգիտե՞ս որ ամեն ինչ 10 դրամով թանկ է:
- Բա ի՞նչ անեմ, գիտեմ, որ «Սեդայի խանութից» դու ես առևտուր անում, դե ես էլ…

Անցել էր ուղիղ տասներկու րոպե երբ Աշոտի, Գառնիկի թե չգիտես էլ ում՝ Ճակատագրի, թե շենքը նախագծող մասնագետի ջանքերի շնորհիվ վերելակը միացավ:
Մեկ րոպե էլ տևեց մինչև վերելակի բացված դռների լայնությամբ, իրար զիջող կանայք չէին կարողանում որոշել թե ո”վ է առաջինը դուրս գալու:
- Դո՛ւ դուրս արի, քո քաշը իմից շատ է:
- Վա՜յ, քո ասինխրոն ջանին մեռնեմ, քանի՞ կիլո ես:
- Ախչի, ասինխրոնը ո՞րն է:
- Չգիտե՜մ, տղայիցս եմ այդ բառը լսել:

Առաջինը դուրս եկավ «Գլուխդ թաղեմ»  ասողը:
Անցել էր ուղիղ 13 րոպե:

Թևանցուկ կանայք զրուցելով շարժվեցին դեպի «Սեդայի խանութը» միասին առևտուր անելու:

Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: