пятница, 15 мая 2015 г.

Մի դառը բաժակ (բանաստեղծություն)



* * *
Քեզ գովերգում եմ բառերով հույսի,
Ըմպելով քո դա՜ռը բաժակները,
Կյա՜նք, խնդրո՜ւմ եմ քեզ, մի քիչ լրջացիր,
Ինձ դուր չեն գալիս  քո կատակները…

Մե՛կ դավերով մա՛ռ  խա՛ղ ես մոգոնում,
Մե՛կ ուղարկում ես Արև՜ը գրկել,
Մեկ ձեռքս բռնած կախում անդունդում,
Ծիծաղո՜ւմ ես կամ փորձում լաց լինել…

Բռնաբարում ես օդը, վարակո՜ւմ,
Ինձ քո ետևից  քաշում ես արագ,
Տեղյակ չես պահում ո՞ր կայարանում
Դու կլքես ինձ՝ կթողնես մենակ:

Բայց սիրո՜ւմ եմ քեզ մի սիրով հասուն,
Գնա՜, գալիս եմ կամքով իմ հոժար,
Երևի կյանքում այդպես են սիրում
Կամ գուցե ե՞ս եմ մի քիչ խելագար:

Քո սլացքի մեջ չկա՛ պատարագ,
Ո՛չ ցավ կա, ո՛չ էլ խելագարվող ճի՛չ,
Եվ ի՞նչ կա արդյոք քո մեջ արտակարգ,
Որ հետաքրքիր չէ թե ո՞վ եմ և ի՞նչ:

Նայի՛ր, կանգնել է  կեսն անցած կյանքս
Հաղորդալարի վրա տատանվող,
Ո՛չ  ոտքս է դողում և ո՛չ էլ ձեռքս,
Բայց սիրտս է դողում ահավոր:

Ըմպո՛ւմ եմ  վերջին դա՜ռը բաժակդ,
Քեզ գովերգո՛ւմ եմ բառերով հույսի,
Չգիտեմ փորձությո՞ւն է արածդ,
Թե՞ մանկան խաղ է անփորձ մի կույսի…

Ս.Ումառ-Հարությունյան

Երևան 12.05.15 թ.

Комментариев нет: