Արևի մի երես առած շող անցնելով վարագույրների արանքից`
թափանցեց ու ծակեց աչքերը:
Չէր ուզում վեր կենալ անկողնուց:
Ասում են երջանկությունը թաքցնել հնարավոր չէ:
Երջանիկ մարդիկ հատուկ մարդիկ են: Նրանց կարելի է
տարբերել հազարավորների մեջ` աչքերից թափվող լույսի շողերից, հոգուց եկող ժպիտից:
Նրանք ուղղակի երջանիկ են և պատրաստ են կիսվելու իրենց ուրախությամբ:
Նրանք ցանկանում են, որ շրջապատն էլ երջանիկ լինի իրենց
նման:
Իր շրջապատը կողքը քնած ընկերն էր, որին չէր ցանկանում
արթնացնել:
Զգույշ տեղաշարժվեց Արմանի ձեռքի վրայով, մի անգամ էլ
նայեց` համոզվելու համար, որ քնած է ու չի նայում, վեր կացավ :
Ինչո՞ւ նայեց,
միևնույն է գիտեր, որ քնած է: Ու գիտեր նաև, որ իր` մերկ քնելու սովորությունն ամեն առավոտ ստիպում է նայել` քնա՞ծ է, թե՞ ոչ, նայո՞ւմ է, թե՞ ոչ:
Կյանքը հետաքրքիր է, քնում ես նրա հետ ու, չգիտես ինչու,
ամաչում, որ նայում է քեզ:
Արդեն մեկ ամիս կլինի, ինչ խորթ մայրը գնաց արտասահման, ու Արմանն իր տանն է:
Աստվա~ծ իմ, մի՞թե այսքան փոքր բան է երջանկությունը (սուրճ
պատրաստելով մտածում էր), ու երեսուն տարի պետք է սպասեի:
Այդ երջանկության անունը Արման է, որն ամեն անգամ
անկողնում ինձ գրկելիս, երբ ասում եմ, որ
կմեռնեմ սիրուց, սովոր է պատասխանել. «Սիրուց չեն մահանում…»:
- Սուրճ ես պատրաստո՞ւմ, Նա´ռ, - ձայնը տիրական է ու
միաժամանակ խնդրող:Ո՞վ կարող է
նրա նման…..
- Բերում եմ, համբերի´ր:
- Ես քեզ եմ ուզում, ոչ թե սուրճը:
«Ես կմեռնեմ, եթե նա չլինի:»
- Այսօր մամային ենք դիմավորում, չէ՞:
- Ո՞ր ժամին, ցերե՞կը, թե՞ գիշերը:
- Ցերեկը, մոռացե՞լ ես:
- Ցերեկը չեմ կարող, գործ ունեմ, համ էլ, բա որ նրան
դուր չգամ:
- Դու չես կարող դուր չգալ:
- Լավ, մեքենան կթողնեմ քեզ, ինձ այսօր հարկավոր չէ:
- Արմա´ն, ես լավ չեմ վարում, չնայած օդակայան կարող եմ:
- Կարող ես, զգույշ կքշես, և վերջ:
* * *
«Շրջադարձ…նորից շրջադարձ…և նորից խաչմերուկ…մեր կյանքում ինչքան կան շրջադարձեր ու խաչմերուկներ…չես կարող հաշվել…
Լուսաֆորի կարմիր… դեղին… կանաչ…և որպես կյանքի չգրված կանոն` խաչմերուկում հայտնվում է ՆԱ : Բախումն անխուսափելի է:
Բայց Սիրուց չեն մահանում»:
Հիմար բաներ եմ մտածում, պետք է ուշադիր լինել
ճանապարհին:
* * *
Հոր` հիվանդանոցում գտնվելու վերջին օրերին Ալիսան
խոստացել էր, որ մանկատնից կվերցնի իրեն:
Հոր մահվանից հետո Ալիսան կատարեց իր խոստումը: … Ու
մեծացան միասին քույրերի նման, բայց այնքան տարբեր` բնավորություններով:
Ալիսան զիջող էր, ու թեթև էր նայում կյանքին: Չէր թաքցնում, որ
հոր հետ ամուսնացել էր հանգամանքների բերումով ու վարում էր անհոգ կյանք:
Իսկ, երբ իր նոր տնօրենից ստացավ առաջարկ` միասին գնալ հանգստանալու,
շատ մեծ խանդավառությամբ ընդունեց:
Այժմ վերադառնում է ու չգիտես ինչու` մենակ:
* * *
- Օհո~, սա ո՞ւմ մեքենան է:
- Արմանի, ես քեզ ասել էի հեռախոսով:
- Լա՞վն է իր մեքենայի նման:
- Չփորձե´ս, Ալի´ս, ես շատ եմ նրան սպասել:
- Լա´վ, լա´վ, քո նման մի դեղնակտուց ռոմանտիկ կլինի:
- Ո´չ, քո տարիքին է, համ էլ` վերջացրու: Նա մեզ մոտ է
ապրելու:
- Ինչո՞ւ տուն չունի,- տեղավորվելով մեքենայի նստարանին`
Ալիսան չփորձեց նույնիսկ շրջազգեստն ուղղել` ցուցադրելով գեղեցիկ սրունքները:
- Ունի, մոր և չամուսնացած քրոջ հետ են ապրում, այնտեղ
հարմար չէ: Քեզ կխանգարի՞:
- Ո´չ, ո´չ, ավելի ուրախ կանցնի, չէ՞:
* * *
«Շրջադարձ…նորից շրջադարձ…և… նորից խաչմերուկ…Մեր կյանքում ինչքան կան շրջադարձեր ու
խաչմերուկներ…Չես կարող
հաշվել…
Ինքնապաշտպանության օրենքների համաձայն` պետք է արգելակել բախումից խուսափելու համար, բայց կնոջ
տրամաբանությունն այլ է, և արգելակելու փոխարեն վստահ սեղմում է արագացման ոտնակը`
ավելի արագ բախվելու ճակատագրի քմահաճույքին:
***
Երբ մեքնան կանգնեց բակում, ու բեռնախցիկից իջեցնում էին
իրերը, Ալիսան զարմացավ:
- Բա այն կապույտ ճամպրո՞ւկը, մոռացե՞լ ենք: Իմ բոլոր
շորորն այնտեղ են:
- Լա´վ, արի´ բարձրացնենք, Արմանը գա` կուղարկենք
օդակայան:
- Ուշ կլինի,- ճամպրուկները բարձրացնելով` ասաց Ալիսան:
Մտան բնակարան:
- Ես կգնամ, կարծես սովորեցի մեքենային ու ինձ դուր եկավ քշելը: Տո´ւր ճամպրուկի կտրոնը:
- Մինչև լոգանք ընդունեմ կգա՞ս: Ի~նչ լավ է, երբ տանն
ես, ասես մի ամբողջ հավերժություն չեմ եղել այստեղ:
* * *
Բակում մեքենան չկար:
«Միթե՞ դեռ չեն եկել, պետք է, որ արդեն տանը լինեին»:
- Նա´ն, որտե՞ղ ես: Ես բակում եմ, դեռ չի՞ եկել:
- Սպասի´ր ինձ բակում, ես մի կես ժամից կգամ,
վերադառնում եմ, Ալիսը
տանն է:
- Ինչո՞ւ բակում, տանը կսպասեմ:
- Չէ´, ինձ սպասիր բակում: Ուզում եմ իրար հետ մտնենք տուն:
Բերածդ ծաղիկներն էլ կտաս ինձ, չէ՞:
- Ի՞նչ գիտես, որ ծաղիկներով եմ….
- Գիտեմ:
- Լավ, հիմարություններ մտքովդ չանցնի, ես քեզ տանը
կսպասեմ:
Անջատեց հեռախոսը:
«Այդ պառավի՞ն պետք է խանդի, ինձ ո՞ւմ տեղն է դրել»:
Երբ բանալիով բացեց դուռն ու մտավ, ներսում ասես երկրաշարժ էր եղել կամ շտապ պատրաստվել էին
մեկնելու:
Ամեն տեղ շորեր են թափված ու աչքին անսովոր
անկարգություն:
Շամպայնը դրեց սեղանին` ծաղիկների հետ, տեղավորվեց
բազկաթոռի մեջ, վառեց մի ծխախոտ:
- Նա՞ռ, դո՞ւ ես,- լսվեց լողասենյակի կողմից:
- Չէ´, Արմանն է,- քիչ բարձր ձայնով ասաց ու երևի
փոշմանեց, որ չլսեց Նարինեին:
Սենյակ մտավ
Ալիսան` կիսահագնված, թարմ, պիրկ մարմնով, սրբիչը գլխին փաթաթած:
Արմանը գլուխը թեքեց դեպի պատուհանը:
Հետո վեր կացավ, մոտեցավ` աչքերը չկտրելով չկոճկած
խալաթի տակից երևացող Ալիսայի` գլուխները ցցած կրծքերից:
- Ես Արմանն եմ, Նառան երևի….
- Գիտեմ, ինչո՞ւ կարմրեցիր, այդքան ամաչկո՞տ ես: Դե,
մինչև Նառան գա, բացի´ր շամպայնը:
- Միգուցե սպասե՞նք…
Ալիսան մոտեցավ ու երկու ձեռքերով փաթաթվեց Արմանին…
* * *
Կյանքը հետաքրքրիր բան է: Կյանքը փողոցներով քայլում է
գաղտագողի`ձյան նման ճռճռացնելով ոտքի տակ ընկած սառնությունը:
Մեկ մոտենում է ու մեկ էլ կարծես ինչ-որ բանից վախենալով`
թաքնվում ինչ-որ տեղ:
Բայց չէ՞ որ ամեն ինչ ավելի քան պարզ է. ոչ թե նա է վախենում,
այլ մենք ենք վախենում նրանից:
Մենք չենք թողնում, որ մեր կյանք մտնի անսովորը կամ իդեալականացնում ենք, հետո հիասթափվում, որ
չի համապատասխանում մեր պատկերացումներին:
Լուսավոր տխրությունը դառնում է տխուր ու մութ
սպասումների մի կծիկ` գլորվելով դեպի մեզ:
* * *
«Շրջադարձ…նորից շրջադարձ…և… նորից խաչմերուկ…Հարկավոր է շրջվել, փախչել բախումից, բայց երբ
կինը շտապում է փրկելու իր Երջանկությունը, տրամաբանությունն անջատվում է և սկսում
է ղեկավարել… սիրտը…
Հիմար, վիրավորվող, վստահող, այնքան անպաշտպան…
Արցունքներ…
Անտանելի ցավ, որը մղում է դեպի մի խոր անդունդ, որտեղ ոչինչ
չի երևում, չես էլ ցանկանում տեսնել…
Հարկավոր է ընդամենը արգելակել կամ շրջվել մի այլ կողմ,
բայց ոչ…
Ավելի լավ է փակ աչքերով, բոբիկ ոտքերով վազելով սուր սայրի վրայով` արագ օգնության
հասնել հեռացող Երջանկությանը` հանուն նրա, հանուն քեզ…
Առանց հասկանալու, որ Նա
պատահմամբ հայտնվեց քո կյանքում` չնկատելով, որ դու նայում ես նրան շունչդ պահած,
որ ապրում ես նրա սրտի բախումներին համաչափ:
Չնկատելով, որ գլուխդ պտտվում
է նրա ամեն մի հայացքից:
Չնկատելով, որ գտնվում ես Նրա
ժամանակի մեջ…
Ժամանակի…
Որը քոնը չէ…
Ինքնապաշտպանության օրենքների համաձայն` պետք է արգելակել բախումից խուսափելու համար, բայց կնոջ տրամաբանությունն այլ է, և արգելակելու փոխարեն սեղմում է արագացման ոտնակը` ավելի արագ բախվելու ճակատագրի քմահաճույքին, վստահ, որ միևնույն է` սիրուց չեն մահանում:
Բախումն անխուսափելի էր…
* * *
- Ո´չ, քեզ չեմ տա ոչ մեկին, ի~մն ես, ի~մն ես… ես
կգժվեմ, Արմա´ն……սպանո՞ւմ ես, սպանի~ր, թո´ղ մեռնեմ ու մնամ քո գրկում այսպես`
ոտքերով ու ձեռքերով քեզ գրկած …. Արմա~ն, մեռա~:
- Սիրուց չեն մեռնում, Ալի´ս, ավելի ամո´ւր գրկիր…
Հեռախոսի զանգն ընդհատեց սիրո սիմֆոնիայի վերջին ակորդը…
- Այո, Արմանն է, ի՞նչ, մեքենա՞ս, իսկ…որ հիվանդանոց,
հասկացա, հիմա կլինեմ:
Երբ Ալիսայի հետ հասան հիվանդանոց, վիրահատությունը
սկսվել էր:
Տևեց երկու ժամ:
…Նարինեն աչքերը բացեց, տեսավ Արմանին` նստած իր մահճակալի եզրին ու առանց նայելու զգաց քիչ այն կողմ աթոռին նստած Ալիսայի ներկայությունը:
- Արմա´ն,
ես կմեռնե՞մ,- հազիվ շշնջաց Նարինեն կիսաբաց շուրթերով: Շուրթերով, որոնք այդ հարցական նախադասությունը բազմիցս արտաբերել էին ոչ հարցական:
- Սիրուց չեն մահանում, Նա´ռ ջան, ամեն ինչ լավ կլնի, - ասաց Ալիսան:
- Ուրեմն չհասցրեցի՞:
Արմանի ու Նարինեի հայացքները հանդիպեցին:
Արմանը կարմրեց:
Նարինեն դառը ժպտաց ու
փակեց աչքերը:
* * *
Սիրո բեկորը, ընկնելով
սիրտը, վերք չի առաջացնում, ընդամենը վիրավորում է: Սիրտն այունոտվում է, իսկ դու ապրում ես, ապրում ես ցավով, տանջվում ես,
բայց չես մահանում:
Ժանամակի ընթացքում ցավը
կամաց- կամաց հետ է քաշվում…բայց միայն միառժամանակ, հետո գալիս է նոր ալիք, որը բեկորին սեղմում է ավելի խոր, ու
կիսվում է սիրտը: Թվում է, թե ավելի ուժեղ ցավ չկա, բայց…
… Դիմանում ես, ելք չկա,
որովհետև սիրուց չեն մահանում, մահանում են մենակությունից, երբ ոչ մեկին պետք չես,նույնիսկ` ինքդ քեզ:
* * *
Երբ Նարինեի դագաղը իջեցնում
էին փոսի մեջ, ու լսվում էր Ալիսայի լացը, Արմանի գլխում խառնաշփոթ էր:
“Լավ, իսկ որտե՞ղ
է երջանկությունը:
Միթե՞ մարդու կյանքն իմաստավորվում է, երբ զգում է, որ ինքը պետք է ինչ-որ մեկին:
Կա՞ն մարդիկ, որոնք ներում են դավաճանությունը:
Կա՞ն, որ դրանից դառնում են անտարբեր:
Կա՞ն մարդիկ, որ ուղղակի լռում են ու լուռ կուլ տալիս
արդեն ոչ այնքան մաքուր ու ոչ այնքան ամուր դարձած հարաբերությունները:
Սիրուց չե՞ն մահանում:
… Մահանում են»:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий