воскресенье, 31 августа 2014 г.

Այսպես են ապրում պոետները…


Ինչո՞ւ պետք է ավելանա
տառապանքս,
Ինչո՞ւ պետք է ճամփիդ սպասի
հոգնած աչքս,
Ինչո՞ւ պետք է տիեզերքում հենց ինձ համար
Աստղդ մարի…
Ինչո՞ւ պետք է սիրտս մտքիս մխիթարի…

Մի՞թե իրոք Աշխարհն այն չէ,
Սերը լեզվի հառաչա՞նք է,
Ցա՞վ է,
Ճի՞չ է անճարության,
Թե՞ ոտքերս ակամայից
Ինձ տանում են նոր Փորձության…

Բա՛վ է փորձեք ինձ,
Աստվածնե՛ր,
Ժամանակն իմ մեջ կանգնել է վաղո՜ւց…
Ես դեռ կփնտրե՜մ…
Ես դեռ կգտնե՜մ…
Արդյո՞ք Սիրուց եմ հոգնել,
Թե՞ չսիրելուց…

Հոգնե՜լ եմ,
Իրո՛ք հոգնել,
Մեկի համար Սատանա լինելուց,
Մեկի համար՝ Աստվա՛ծ,
Մեկի համար ուղղակի Պոե՛տ
Մեկի համար՝ գրողի տարած….

Ապրում եմ այդպես՝ կուրծքս այրվելով,
Ձեռքիդ ափերն եմ կարոտում անչափ,
Իսկ Վերջը -
իր բիրտ մատներով,
Պատուհանս է թակում անդադար….

Արևի արյունն է մակարդվում,
Մայրամուտի փեշերին դառնում վերք,
Երկնքի բացված բերանի անկյունում,
Ավելանում են կնճիռներ…

Ծիծաղում են բոլոր Աստվածները
Անտարբեր նայում ջղաձիգ մատներիս
- Այդպես են ապրում պոետները՝
Կառչած պատրանքի եզրերից…

Մեկն Աստվածներից իր մատն է տնկել
Մատից  թելեր են իջնում դեպի ինձ,
Շարժում է մատը՝ ես խամաճի՞կ եմ…
Կախված այդ Աստծո մատներից…

Բաժանման Աստվա՞ծն է,
Թե՞ Աստվածուհին,
(Ներքևից ոչինչ չեմ տեսնում)
Ձեռքս գցում եմ թելերին
Մահացած ձևանում…

Կիթառը՝ ոտքը ջութակի մեջքին,
Մի տերևի տակ լալիս է տխուր,
Հիմար աչքերով Երկնի տերերին
Մի չկայացած պոետ է նայում…

Կեղծ Մա՞հս են սգում,
Հոգնածությո՞ւնս,
Փորձն իմ անհաջող խաբելու  Աստծո՞ւն,
Իրար են ձուլվում խառը մտքերս,
Իրո՜ք հոգնել եմ,
Էլ  չեմ դիմանում…

Պոետի՛ն…
Դժվա՜ր է ձևանալ մահացած,
Կյանքի ցանկացած հատվածում,
Գրո՞ղ ես եղել…թե՞
Գրողի տարած…
Այդպես էլ ապրիր աշխարհում….


Ս.Ումառ


Комментариев нет: