Հիշի՛ր Ձեռքերը մայրական՝
Ամեն մի մատում սրտի մի բախում,
Երբ օրօրում էր
սայլակդ մանկան,
Երբ քեզ անընդհատ երգեր էր երգում:
Հիշի՛ր, ի՞նչպես էր քեզ սեղմում կրծքին՝
Հայացքը Տիրոջը, որ քեզ պահպանի,
Հիշի՛ր, որ ոչինչ մայրական Սրտին,
Մայրական Հոգուն
Չի՛ փոխարինի:
Մոր Սիրտն ուրիշ է՝ լցված քո կյանքով,
Այն բաբախում է - քեզ իր մեջ առած,
Հիշի՛ր, ինչքան է իր թաց աչքերով
Անքուն մնացել անկողնուդ առաջ…
Ծե՜ր, հոգնա՜ծ, հիվա՜նդ,
Իր Տաք ձեռքերով
Քանի՞ անգամ է խաչ արել մեջքիդ,
Քանի՞ անգամ է դողդոջ շուրթերով
Լուռ մրմնջացել
« Մեռնե՜մ արևիդ…»
Հիմա իր բարի՜, կնճռո՜տ ձեռքերով
Քո զավակին է սեղմում իր կրծքին,
Բայց դե միևնույն է -
Իր խոր աչքերով
Ամեն մի պահի քեզ է ման գալիս…
* * *
Ինձ մեղադրում են որ Աստված չունեմ,
Որ առանց Աստծո - դաժան է կյանքը…
Աստվածն իմ Մա’յրն է,
Այլ սիրտ չգիտեմ,
Մա՛յրն է բնության միակ Հրաշքը:
Ես չեմ ընդունում վանքի պատերը…
Սառը քարերը…
Սուրբ նկարները…
Ես խոնարհվում եմ ու համբուրում եմ
Մայրական բարի՜,
Քնքո՜ւշ ձեռքերը….
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий