среда, 6 августа 2014 г.

Մտըքեր,մտքեր, մտքեր... ընթերցողներիս համար

* * *
- Մի բաժակ սուրճ եփիր, ինձ մի քիչ ծանր եմ զգում:
- Ուզում ես այդքան սուրճ խմելով թեթևանա՞ս, չի՛ ստացվի:
- Դու դա չես հասկանա, ծանր եմ զգում, մի տեսակ:
Կինը մոտեցավ ու կախվեց տղամարդու պարանոցից:
- Հիմա ի՞նչպես, թողնեմ գնամ սո՞ւրճ պատրաստեմ:
- Ո՛չ, ա՛յ հիմա չգիտես ինչու ինձ շատ թեթև զգացի…

* * *
Տատիկը, որ զգում էր Աստծո ներկայությունը,
Դուրս եկավ բակ նայելու անձրևին:
Հովանոցը ծաղկավոր էր:
Շքամուտքից էլ առաջ չգնաց:
Անձրևն էլ աստղաթափ էր, տակով կաներ նրան:
Աչքերը լավ չէին տեսնում, բայց առաջ չգնաց:
Մթությունը հարցրեց.
- Ի՞նչ ես ուզում այս ժամին, ո՞ւմ ես սպասում:
- Ուզում եմ տեսնել մահը, բայց չեմ կարողանում:
- Ավելի լավ է գնա տուն, քնիր ու երազ տես, ոչ թե…
- Այս, աչքերո՞վ, համարյա չեմ տեսնում…
- Ի՞սկ զգում ես և ի՞նչ ես զգում:
- Զգում եմ ներկայությունն ինչ որ մեկի…
- Զգում ես ու վախենո՞ւմ առաջ գնալուց:
- Այո: Վախենում եմ:
Աստղաթափ անձրևը թեքեց ուղղությունն
ու թափվեց տատիկի վրա,
որը զգում էր Աստծո ներկայությունը:

* * *
Դո՞ւ…
Դու ապրում ես իմ մեջ՝ բռնված
պատռված հոգուս մի կախված ծվենից,
գիտես հոգուս բոլոր փողոցները, որոնք անուն չունեն,
ուղղակի համարակալված են,
քեզ ծանոթ է իմ յուրաքանչյուր քայլ՝
սրտիս բաբախոցը, որը չգիտես ինչու փոխել է հաճախությունը,
Ծանոթ ես իմ պարունակությանը՝ միայն սուրճ, որն արդեն այնպես
Չի բուրում ինչպես նոր աղացածը,
Շնչում ես իմ մտքերով,
Կարդում ես իմ զգացմունքները,
Ու ես քեզ հենց այդպիսին էլ սիրում եմ այսօր,
ավելի շատ
քան երեկ
ավելի քիչ
քան Վաղը…

* * *
Միայնությո՜ւն…
Դու այնքան մեծ ես ու կարծես անծայրածիր,
Որ չես տեղավորվում ոչ մի բացված աչքի մեջ:
Եվ ի՞նչպես ապրել,
Ինչպես օվկիանոսը, որին ծանոթ չեմ,
Թե լեռնապարի նման, բարձր ու խրոխտ,
Հպարտ ու անսասան, բայց
Միայնությունն ուժեղ է ու
Տրված է ուժեղ մարդկանց:
Ուժեղ մարդիկ էլ են մի օր ուժասպառ լինում …

* * *
Հիմա թվում է թե
աշուն է,
Թվո՜ւմ է…
Դերձակուհի՞ է կարում նրա շորերը թե դերձա՞կ,
Այսքան անփույթ, անտարբեր,
Որ կարծում ես թե գարուն է,
Ու համբուրում ես չեղած ձյունը սպիտակ:
Թվում է գարուն է, որովհետև նորից
Զգացմունքներս չեն հասցնում
Լինել համահունչ երկրի շարժմանը,
Ու ես սիրահարվում եմ ցանկացած կնոջ,
Որն անցնում է պատուհանիս մոտով…
Բայց ոչ,
ոչ ցանկացած, այլ այն կանանց
Որոնք նման են քեզ,
ոչ աշուն, ոչ գարուն
Ու ոչ էլ ձյան նման սառը ու սպիտակ:

* * *
Դու լրիվ թրջվել ես,
անձրևի՞ց, թե՞ արտասուքներից:
Մի՞թե հնարավոր չէր թաքնվել հովանոցի տակ – անձրևից,
կամ  իմ իրար հայհոյող երազանքների տակ…արտասուքներից:
Բայց ես նախանձում եմ քեզ, որովհետև դու նորից խոսել ես ամպերի հետ:
Դե եղածն էլ ետ չես բերի:
Ես հիմա չկամ, ես միայն հիշողություն եմ,
Ու
Դու ստիպված ես հանվելու ու նստելու կողքս,
Ես կտաքացնեմ քեզ , մի անհանգստացիր՝
Ափերովս կրունկներդ,
Աչքերովս մազերից պարանոցիդ վրա
թափվող հազարավոր կաթիլները,
Համբույրներովս ուսերդ,
Կրծքերդ…
Մի՞թե չես հիշում ինձ, որ ամաչում ես…
Ու կարմրելով ամբողջ մարմնով՝ ինքդ
Տաքացնում ես քեզ…
Գիտեմ, որ ես հիմա մի  քար եմ ընկած
Բոլորի աչքից հեռու ու անտիրական,
Բայց
Փառք եմ տալիս Բարձրյալին, որ
Հենց իմ վրա նստեցիր հանգստանալու…
Կմրսես…տուն գնա ես այնտեղ էլ կամ:

* * *
Մթնշաղ է, բայց պարզ, շատ պարզ երևում է
Դիմացի շենքի պատուհանագոգին նստած
ու անտեր շան նման կաղկանձող ինչ որ մեկի թախիծը,
Ներս չեն թողնում…

Մթնշաղ է, բայց պարզ, շատ պարզ երևում է
Տրոլեյբուսի հաղորդալարերի վրա կիսանստած
Մի կաղ հրեշտակ, որն ինչ որ բան է ասում երկնքին,
Երկինքը ներս չի թողնում նրան…

Մթնշաղ է, բայց պարզ, շատ պարզ երևում է
Կանգառում՝
Գետնին ընկած լորենու մի տերև,
որի հետ խաղում են ոտքերդ,
Դու այլ կերպ չես կարող, սպասելուց հոգնել ես:
Ուշանում է դեպի դրախտ գնացող տրոլեյբուսը…


* * *
Ես երազում տեսա մանուշակագույն թրաշուշանի
բուրող երկնային կոկոնը,
Ինձ հունից հանեց նրա բույրը՝ անուրջների բույրը,
Կարծես ամբողջ կյանքս անցկացրել էի ծաղկաթերթերի մեջ
Ու պարելով ծաղկաթերթիկները փաթաթվում էին ինձ:

Բայց դա ընդամենը երազ էր…
Իսկ…

Ես կյանքում տեսել եմ սովորական սպիտակ մեխակի
Մեկ, ընդամենը մեկ թերթիկ, որին մոտեցնելով աչքերս տեսա
մի ամբողջ աշխարհ,
Տեսա…
…Անպաշտպան ու նուրբ Նրա դողդողալը…
Եվ աչքերս հասկացան, որ վերջապես տեսնում են այն՝
Ինչ հարյուրավոր տարիներ չի հաջողվել տեսնել
Հազարավոր մարդկանց…
Ընդամենը մեկ մեխակի հասարակ թերթիկ…
Հասարա՞կ…

* * *
Մետրոյի շարժասանուղքը երբ հասավ հենահարթակին
ես տեսա մի համբուրվող զույգ…
Կնոջ հայացքն իմ կողմն էր ու զարմացավ, որ ես չեմ զարմանում:
Հանդիպեցինք հայացքներով:
Մի քիչ ետ քաշվեց տղամարդուց:
Այդպես էլ ծանոթացանք՝ հայացքներով:
Ձեռքով ողջունեցի օդում:
Նա էլ զգույշ, որ տղամարդը չզգա, ձեռքով
ողջունման շարժում արեց:
Հանդիպման սկիզբը բաժանման ավարտն էր…
ու ես գնացի դեպի մոտեցող վագոնը, իսկ նա նորից դեպի
իր տղամարդու շուրթերն ու մետրոյի նախանձ պատը:


* * *
Դե ի՞նչ, ավարտենք …

Անտարբեր անցորդներից, իմ սոված ու ցրտից դողացող բառերը
Անապաստան կատվի նման թաքնվում են պատի ետևում:
Անցորդներն իրենց խնդիրներով շրջանցում են պատը…
Բառերս հազվադեպ մլավում են խղճալի,
Հուսալով, որ ինչ որ մեկը կլսի,
Ինչ որ մեկի զգայուն սիրտը:
Հույսը չի թողնում, նրան վախճանվելու,
Ինչպես որ նախատեսված է
Ու շշնջում է

- Դե ի՞նչ, ավարտենք զգացմունքների շքերթը, արդեն մութ է…

Комментариев нет: