пятница, 8 августа 2014 г.

Լռության ձայնը



Լինո՜ւմ է, չի լինո՜ւմ…
Դե իհարկե լինում է,
ինչպես կարող է չլինել, հետո ինչ որ հեքիաթ ես,
 չէ որ իմ հեքիաթն ես…
և ինչպես միշտ բարի ավարտով…

Ավարտ…
ավարտն անցյալ է, որը միակն է ողջ տիեզերքում,
որ կարող է վերակենդանանալ, բայց միայն քո հուշերում
ու ծիծաղել քեզ վրա,
կամ բռնել կոկորդիցդ ու համոզել որ քեզ իր անվերջ գոյության մասին…

Մի՞թե հեքիաթ չէ ընթրիքը երկու հոգով մոմի լույսի տակ,
երբ լուռ ծամում ենք սովորական մակարոնը ու նայում իրար,
վստահ որ շարունակությունը բարի ավարտ է…

Դու իմ հեքիաթի հերոսն ես ու կարևոր չէ թե ինչպիսին ես,
կարևորը, որ լինում են մարդիկ, որոնք կան, եղել են քո կյանքում ու անպայման թողել են իրենց հետքը…
Հիմա դու հեռու ես, իսկ ես տեսնում եմ քեզ,
շնչում եմ քեզնով,
լաց եմ լինում,
ուրախանում եմ քեզնով,
քեզ հետ անցկացրած ամեն մի ժամը- տարի է,
որ շան քոթոթի նման նայելով դեմքիդ սպասում է մի փաղաքշական խոսքի, մի նուրբ շոյանքի…
դրսում մութ է, բայց երևում է արևը,
դրսում աստղեր են, բայց այրում են արևի նման,
…հեքիաթ է, որովհետև հուշերումս դու ես ու հեքիաթ ես,
հեքիաթ՝ բարի ավարտով…

Իսկ ավարտը կլինի այսպիսին՝
Կանցնեն տարիներ, ես իմ սպիտակ մազերը կխոնարհեմ քո՝ անցյալիս ուսիդ ու կշնջամ
Իմ բարի՜, բարի՜ ավարտ…

Դու կլռես…
Լռությունը դատարկ աշխարհ է, անկյանք մի հայացք ուղղված առաստաղին:
Լռությունը անկեղծություն է, սառը ինչպես անցյալի մատները:
Լռությունը չորացած ծաղիկներ են՝ մոռացված պատուհանագոգիս, երբ վերջին անգամ հեռացար…
Առանց հեքիաթի չես կարող զրուցել լռության հետ, ցավոտ կլինի:

Լսվում է քայլերի ձայն… անցյալիս մեջ մխրճվող պողպատե մեխեր, դա ես եմ քայլում իմ իսկ անցած ճանապարհով…
Իսկ հեքիաթը կլիներ քո մոտեցող քայլերի ձայնը – բարի ավարտով:
Հեքիաթներում չեն սպանում, իսկ ես ուզում եմ սպանել լռությանը,
բայց չի ստացվում, որովհետև կխախտեմ տիեզերական օրենքներից մեկն ու ու կստիպեմ լռությանը խոսել…
կամ ինքս խոսել բարձրաձայն անցյալիս լռության հետ…
Ես դեռ չգիտեմ այդ լեզուն  

Մի մորեգույն ծաղկաթերթիկ ընկավ առաստաղից ու խախտեց լռությունը:
Մեկնեցի ձեռքս ու մատով կպա նրա նուրբ մարմնին…
Չորացա՜ծ էր, փշրվե՜ց…

Լինո՜ւմ է, չի լինո՜ւմ…
Պետք չէ ո՛չ լինելը, ո՛չ չլինելը – ամեն դեպքում ցավո՜տ է:
Պետք է խոսել սովորել ու զրուցել լռության հետ…

Պետք է ուղղակի վեր կենալ  ու զգույշ քայլերով մոտենալով վառել լույսը…


Ս.Ումառ

Комментариев нет: