среда, 27 августа 2014 г.

Մենություն (շարք) բանաստեղծություն

*  *  *
Մենությունն ունի իր դիմակը՝
Գեղեցի՜կ,
Հաճելի՜,
Թախծո՜տ..
Նրան թվում է, որ աշխարհում միակն է,
Իր  դեղի՜ն, չքնաղ աչքերով…

Հիմա հաճելի է գիշերը,
Որ ստիպում  է ամեն ինչ մոռանալ,
Հիմա Մենության ձեռքերը
Փորձում են ինձ զգույշ մոտենալ…

Չգիտե՜մ, կլինի՞ հանդիպում՝
Կոկորդումս
անուրջներ են խեղդված,
- Մո՛տ արի, նստի՛ր Մենություն,
Դու բուրում ես ինչպես Նա…

Թող մնա՛,
Ձեռք չեմ տա դիմակիդ,
Կյանքն ինքը դիմակ է ահարկու,
Քեզ ստեղծել եմ սևով սպիտակին,
Քեզ բառեր եմ հնարել հազվագյուտ:

Մենությունն ընտրեց դատարկ պահը,
Փաթաթվեց կոկորդիս դողալով,
Գրկեցի՝ սառն էր ինչպես մահը
Մենությունն իր չքնաղ աչքերով…

Ս.Ումառ


Комментариев нет: