Նվիրի´ր
ինձ ծաղիկներ՝ զանգակածաղիկ, վարդ շուշան,մեխակ, երիցուկ,… Նվիրիր շա~տ, շա~տ.. . Ուզում
եմ զգալ նրանց բոլորի բույրը միանգամից …Պոկի´ր ինձ համար յասամանի մի ճյուղ,
նվիրի´ր թրաշուշաններ բոլոր գույների….
* * *
- Մի քիչ արագ շարժվի´ր, ինձ երեք ժամ է մնացել,
կուշանամ:
- Մա´մ, չես ուշանա, ամեն անգամ նույն պատմությունն է: Այսօր
ո՞ւր եք գնում: Ինչպե՞ս չես հոգնել այդ գործուղումներից:
- Դե, աշխատանք է: Այդ
խմբին անհրաժեշտ էր լավ հաշվապահ: Լավ էլ վճարում են: Այս անգամ հանքերն
ենք գնալու` Քաջարան: Կգամ երեք օրից: Հարևան Սեդային ասել եմ, որ նայի մեկ-մեկ:
- Երեխա՞ եմ, մա´մ, արդեն քսանհինգ եմ…
- Գիտեմ, մի անգամ Վահեի հետ մենակ մնաս, արդեն
պատկերացնում եմ…հետևանքը: Այդ տղան ինձ դուր չի գալիս, չգիտեմ ինչու, մի տեսակ
չար է հայացքը:
<Իսկ ես սիրում եմ նրան, նա էլ ինձ: Մի քիչ գործերը
կարգավորվեն, կամուսնանանք:
Մեր հարաբերությունները համբույրից այն կողմ չեն անցել:
Բելլան՝ մորաքրոջս աղջիկը, ասում է, որ այդպես կկորցնեմ նրան: Բայց չէ՞ որ սիրում
ենք իրար, մի՞թե ֆիզիկականն է կարևորը>:
- Մա´մ, լա´վ էլի: Դու չե՞ս քրոջդ աղջկան կանչել, որ
հետս մնա, կարծես փոքր լինեմ:
- Բելլան մի բարի պտուղ չէ, բայց քո նման միամիտ չէ:
Աննա´, Վահեն ոչ մի տեղ չի աշխատում, այդ ի՞նչ փողերով է քեզ ամեն անգամ ծաղիկներ
առնում, այն էլ` ոչ էժան: Այդ ի՞նչ փողով
է մեքենան պահում: Ոչինչ չի ասում, որ իմանանք:
- Լավ էլի, սկսվե~ց, մա´մ, դե տղամարդ է, մի բան անում է,
ես հո չե՞մ հարցնելու: Համ էլ սովորական մեքենա է, թանկերից չէ:
- Իսկ նա փորձ արե՞լ է, դե քեզ …
- Մա´մ, Վահեն կարգին տղա է, քո մտքով….
Մայրը գլուխն օրօրեց ու նորից մի անհաջող փորձ արեց
փակելու ճամպրուկը:
<Գլուխս պտտվում է : Մի բաժակ գինո՞ւց է, թե՞ Վահեի
ձեռքերից, որ ուսումնասիրում են մարմինս,
շուրթերը չի կարողանում կտրել իմ շուրթերից…
Ճիշտ է, գլուխս պտտվում է, բայց զգում եմ, որ ձեռքերը
բավականին հեռու են գնում, միթե՞ այդպիսին է սերը, ո~չ այդպիսին չէ:
- Վահե´, ի՞նչ ես անում, այդ ո՞ւր, անհարմար է…
- Սիրում եմ, միթե՞ չի կարելի: Դու ի՞նչ է, 16-րդ դարի՞ց
ես եկել:
Աննան Վահեի ձեռքը հանեց շրջազգեստի տակից ու հետ քաշվեց:
Հետո զգաց, որ
մի քիչ անարդար վարվեց, նորից գրկեց Վահեին ու շուրթերով ձուլվեց նրա շուրթերին: Հաճելի~
էր:
Վահեն սկսեց քանդել զգեստի կոճակները: Ինքը դեմ չէր: Հետո,
երբ զգաց հաճելի տաքություն կրծքեր վրա, մի ուժեղ տաք ալիք անցավ մարմնով, ու
դողաց:
Զգաց, որ կրծկալը քանդած չէ, իջեցրած է կրծքի տակ, ու, չգիտես ինչու, Վահեի ատամները նուրբ կծում են
ձախ կրծքի գլխիկը:
Վեր թռավ տեղից:
- Քեզնից չէի սպասում, Վահե´, ինձ ո՞ւմ տեղն ես դրել:
Երեք օր չէր կարողանում զանգահարել Վահեին. հեռախոսն
անջատված էր:
Երեք օր ուղեղը կրծում էին ինչ-որ սրատամ մանր
կենդանիներ, մարմինը կարծես ծակում էին բազմաթիվ ասեղներ, ու ցավ էր հոգում:
Մի՞թե սխալվեցի, մի՞թե պետք է թույլ տայի, մի՞թե դա սիրո
ամենաբաղադրիչ մասն է: Ինչո՞ւ, ինչո՞ւ մայրերը չեն սովորեցնում` ինչպես վարվել
նման դեպքերում:
Վերջապես այսօր հաջողվել էր կապվել Վահեի հետ: Առանց
ավելորդ բացատրությունների խոստացել էր,
որ գալու է երեկոյան>:
* * *
Աննան ու Բելան պատուհանից նայում էին:
Բակ մտավ մի սպիտակ <Մերսեդես>:
- Մա´մ, եկան, իջի´ր:
- Գոնե ծաղիկ բերեին,- Բելլան նայեց մորաքրոջը:
- Գործուղման գնալուց ծաղիկ են բերո՞ւմ, Բելլա´: Գլխումդ
քամիներ են, ե՞րբ ես լրջանալու: Լա´վ, եկեք համբուրեմ: Ես գնացի:
Ճամպրուկը բեռնախցիկում տեղավորելուց հետո
<Մերսեդեսը> շարժվեց` ճանապարհ տալով բակ մտնող մի այլ մեքենայի:
Մեքենայից դուրս եկավ Վահեն` ծաղկեփնջի պոչից բռնած, ծաղիկների գլուխները ներքև:
- Վա~խ, Ա´ն, ի~նչ լավ ծաղիկներն են,- Բելլան
հիացմունքով նայում էր:
- Հիմա այդ ծաղիկները կգան մեր տուն:
Տեսնում եմ, թե ինչպես ես մոտենում: Տեսնում եմ, թե ինչպես են նրբերանգ
գույներով ճառագայթում ձեռքիդ բնության այդ գեղեցիկ զավակները` թեկուզ պոկված հողից,
բայց այն պայմանով, որ կարողանան պարգևեն ուրախություն, ջերմություն, որ կարղանան
ցույց տալ քո սերը, քո զգացմունքները, հավատարմությունը…
Ուզում եմ, որ նրանք լինեն հաճելի քո
նվիրական մտքերի` ինձ պատկանելիության նման:
- Սա՞ է Վահեն,
Ա´ն: Լավն է, ինչո՞ւ մամայիդ դուր չի գալիս: Ես ձեզ մենակ կթողնեմ, լա՞վ: Մամադ չի
իմանա:
- Չէ´, ի՞նչ ես ասում, - Աննան կարմրեց,- Գժվեցի՞ր, նման
բան չկա:
- Դու չես հասկանում, Ա´ն: Ուզում ես կորցնե՞լ նրան:
* * *
Ու շադրություն դարձրել եք, արդյոք, թե ինչպես է տղամարդու քայլվածքը փոխվում
ծաղիկներ տանելիս…
Կնոջը`արագ քայլերով, գլուխը կախ…
Սիրած կնոջը` գլուխը բարձր, ժպիտը դեմքին…
Դստերը, հպարտ, հանդարտ, ծաղիկները սեղմած կրծքին…
Մորը`կարծես սահելով օդում, թեթև քայլերով…
Կին տնօրենին` արհամարական կիսաժպիտով, ծաղիկների
գլուխները պահած ներքև…
* * *
- Ծանոթացի´ր, Վահե´, մորաքրոջս աղջիկն է` Բելլան:
- Ուրախ եմ, Բելլա´:
Վահեն ուշադիր նայում էր Բելլային: Ժպտաց:
- Դե, ո՞վ է սուրճ պատրաստում ինձ համար:
Բելլան անխոս գնաց խոհանոց:
Խոսակցությունը չէր ստացվում: Նստած իրար դիմաց, Աննան
ուշադիր նայում էր Վահեին` կարոտած աչքերով: Վահեն ծխում էր գլուխը թեքած:
<Ինչքա~ն եմ քեզ սպասել, երեք օր, ո~չ, մի ամբողջ հավերժություն, ինչո՞ւ այդպես եղավ,
ինչո՞ւ չհասկացար ինձ…>:
<Մայրը գնաց հերթական գործուղման, ինձ կանչեց, ու
մենակ չէ, ոչինչ չեմ հասկանում>:
Բելլան բերեց սուրճը:
- Մի՞գուցե ավելի թունդ մի բան խմենք, - Բելլան նայեց
Վահեին:
- Ես մեքենայով եմ:
- Վահե´, ինձ ծխախոտ տուր: Հիմա սուրճս խմեմ, գնում եմ,
գործ ունեմ:
Անան կարմրեց: Ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց
չկարողացավ:
- Ես էլ եմ գնում, գործ ունեմ, Աննային կարոտել էի, մտա
մի կես ժամով…
- Ինչո՞ւ, դուք մնացեք, դեռ ասելու բան կունենաք իրար:
Ես անպայման պետք է մեր տանը լինեմ:
- Չէ, հաստատ չեմ կարող, միգուցե ավելի ուշ կարողանամ:
- Դե, այդ դեպքում ինձ էլ կտանես, մինչև կանգառ:
- Իհարկե:
* * *
- Վահե´, ինչ լավ ես վարում` հանգիստ, վստահ:
- Դու որտե՞ղ ես ապրում:
- Էրեբունի, հիվանդանոցի մոտ:
- Կտանեմ, ես էլ եմ այդ կողմը գնում, ուզո՞ւմ ես վարել
սովորել:
- Այո, շատ, կսովորեցնե՞ս: Հիմա եմ ուզում:
- Դե լավ, խաչմերուկն անցնենք:
Վահեն թեքվեց աջ` դեպի Բուսաբանական այգի ու կանգնեցրեց
մեքենան:
- Արի´ տեղերով փոխվենք, հիմա կփորձենք վարել:
- Չէ´, միանգամից վախենում եմ…
Բելլան տեղավորվեց ղեկի մոտ:
- Այդպես, լավ է:
Չէ´, մյուս ոտքով ոտնակը հավասարաչափ…
- Ո՞ր ոտքով,
չեմ կարողանում:
Վահեն ձեռքը դրեց
ոտքին, ծնկից քիչ վերև:
- Այ, ա´յս ոտքով սեղմում ես արագության…
- Իսկ կարելի՞ է,
ես ծնկներիդ նստեմ, այդպես սովորեցնես: Հեշտ կլինի սկզբի համար:
Բելլան նստեց Վահեի ծնկներին…
Հատ ու կենտ անցնող մեքենաները երկար նայում էին ղեկի
մոտ համբուրվող զույգին, մեկն էլ նույնիսկ ձայնային ազդանշանով ուշքի բերեց:
Հիվանդանոցի մոտ ծաղիկներ էին վաճառում:
- Այստեղից ձախ,
ա´յ, այստեղ կանգնիր, բան եմ ասում:
… Նվիրի´ր ինձ ծաղիկներ՝ զանգակածաղիկ, վարդ, շուշան, մեխակ, երիցուկ,… Նվիրի´ր շա~տ, շա~տ…
Ուզում եմ զգալ նրանց բոլորի բույրը միանգամից …Պոկի´ր ինձ համար յասամանի մի
ճյուղ, նվիրի´ր թրաշուշաններ բոլոր
գույների….ինչպիսին որ Աննային ես նվիրել:
Վահեն իջավ մեքենայից ու վերադարձավ մուգ
կարմիր վարդերի մի փնջով:
* * *
Երբ մտան ներս, դեռ միջանցքում Բելլան գցեց պայուսակը
հատակին ու գրկեց Վահեին:
Չէր ցանկանում, որ դանդաղ հեռացող ջերմությունը լքեր
մարմինն այդքան շուտ:
Մարմնում կարծես հալվեց վերջին սառույցը, ու մի տաք ալիք
հարվածեց ոտքից գլուխ:
Զգաց մի այնպիսի թեթևություն, ինչպես զգացել էր քիչ առաջ
այգու մոտ :
<Ես կստանամ ինձ հասանելիք երջանկության բաժինը>:
Կանգնի´ր ժամանակ, մի´ պտտվիր մեր շուրջը:
Ամեն ինչ կանգ է առել աշխարհում, մնացել ենք միայն ես ու
դու:
Ավելի մոտիկ եմ ուզում, սա է, որ երբեք չէի պատկերացնի:
Չեմ հասկանում, այդ ե՞րբ մերկացանք, ե՞րբ հասանք ննջարան`
իմ մահճակալին:
Սիրտս այնքան արագ է աշխատում, որ կարծես փորձ է անում
դուրս գալ ականջներիս միջից:
Գլուխդ մազերիս մեջ է: Շնչառությունդ չի կարգավորվում,
չեմ ուզում այսպիսի լարվածություն, թող թեթև լինի, եթերային…
Վախենում եմ նորից սառնություն մտնի մարմինս, հեռանաս
մեր հպման տեղից ու աչքերդ թաքցնելով, հագնվես ու գնաս…
Համբուրի´ր, համբուրի´ր, լուսնոտ ափերով ազդրերիս վրայով անցիր հասիր….որ կարողանամ ճախրել`շուրթերդ
շուրթերիս: Բաց չթողնես ինձ, խնդրում եմ…
Ինչպես են կարողանում մեր մարմինները հասկանալ միմյանց:
Նորից մի տաք ալիք, դիմանում եմ, նորից…նորից…
Երևի կիսամութի
մեջ լույս եմ արձակում, ի՞նչ իմանամ, ոչինչ չեմ զգում բացի քեզնից:
Ես այրվո~ւմ եմ….
Հաճույքից իմ ատամները
խրում եմ Վահեի ուսին…
* * *
Անկողնում նստած հեռախոսով է խոսում:
- Չէ´, Ա´ն, մի´ սպասիր, գործեր ունեմ: Չէ´, չեմ գալու: Լա´վ,
մոտս մարդ եկավ: Դու մի´ զանգիր, ես ազատվեմ, ինքս կզանգեմ:
Վահեի ուսին մի մանուշակագույն հետք է ու իմ ատամներից մնացած կարմիր բծերը:
Շոյում եմ, համբուրում
Վահեի ուսը:
- Ինձ ամեն օր ծաղիկներ կնվիրե՞ս:
- Ամե~ն օր:
* * *
- Աննա, ո՞նց եք: Ի՞նչ եք անում:
- Լավ ենք մա´մ, ե՞րբ ես գալու:
- Աննա´, ի՞նչ է եղել: Բելլան այդտե՞ղ է: Մենակ ե՞ք,
չխաբես: Բելլայի´ն տուր հեռախոսը:
- Հա ,մա´մ, մենակ եմ, Բելլան քնած է արդեն: Համբուրում
եմ, բարի գիշեր:
Նվիրիր ինձ ծաղիկներ…
Աննան բացեց պատուհանը ու դուրս շպրտեց ծաղիկները:
Զգաց, որ մարմինն ապրում է, բայց հոգին մահացել է:
Սիրտը սկզբում մի քիչ դիմադրեց, բայց հիմա մի ծանր քարի
նման ընկած է կրծքավանդակում:
Կյանքը խեղդվեց Հուսահատության մեջ ու նույնպես քարի
նման ընկավ Դավաճանության բառի ոտքերի
տակ:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий