среда, 25 июня 2014 г.

բանաստեղծություն

Երգված երգերով  չեմ նկարագրի
Առույգությունդ,
ժպիտդ մանկան,
Ո՜չ, չես փոխվելու ինչ էլ պատահի -
քեզ դեռ սիրում է
մի սիրտ մոգական:

Երգված երգերով չեմ կարող երգել
Հոգի՜դ,
մարմինդ Աստվածապարգև,
Մի նոր ձևով եմ ուզում գովերգել,
Թե կապույտ վարդդ,
Թե կակաչդ սև:

Գեղեցիկ ես,
ինչպես ափերը կապող
փոքրիկ կամուրջի ստվերը երկար,
Ու կանչող,
ինչպես ծարավ ճամփորդին,
ջրի ակունքը ուղղորդող ճամփան:

Շուրթերդ է բացել առավոտը լույս
Իր նուրբ ձեռքերով ցողաթաց,
Շուրթերիդ դողից
շուրթերս են մաշվում
Անունդ տալով վանկ առ վանկ:

Չեմ կարող,
չեմ ուզում մաշված բառերով,
Կապույտ առվակներ ցողել մազերիդ,
Չեմ կարող արդեն երգված երգերով
ձոներգել ջութակիդ…

Արևի համը
կրծքերումդ տաք՝
Աշխարհի Բանն է քո մեջ թևածում,
Քեզնից է սկսվում օրը սրտիս տակ,
Ես քեզ եմ պաշտում
այլ ոչ թե Աստծուն…


Ս.Ումառ

Комментариев нет: