среда, 18 июня 2014 г.

Ամառային գիշեր











Ես սիրում եմ Քո համր գիշերը,
Քո ձեռքերի կուսական հպումները,
« Սիրիր այսօր, վաղն ո՞վ գիտե… »
Հրեշտակի մեջքին դաջված քո մտքերը:


 Քո հեռանալու հետևանքն եղավ շերտավարագույների
մի այնպիսի ձայնով փակվելը, որ թվաց թե
ցերեկային լույսը կորցրեց գիտակցությունը:
Ցերեկային լույսի անսպասելի անհայտացումից
սկսեցին լաց լինել մոմերը,
որոնք էլ բնական է վերջում մահանալու են:
Թվում է թե գնալու տեղ արդեն չկա,
մնում է բացել պատուհանն ու
դեմքս հանձնել ամառվա երեկոյան կատաղած քամուն…
… քնել ամեն մեկս մեր անկողնում՝
հոգով սլանալ նույն այն անհասանելի գալատիկան,
որտեղ անջրպետները տեղ չունեն…

Ականջս անընդհատ ամռան կրծքին սեղմած - դուրս եմ գալիս փողոց,
լսում եմ միայն ամռան թույլ ու խոր հոգոցները…
Ամառ է, բայց արև չկա, 
Գիշեր է, բայց շշունջ չկա, ի՞նչ է կատարվում աշխարհում:
Միայն ամառը գիտե, որ ես չեմ կարողանում տեսնել արևը,
Ամառը՝ իր հմուտ խմբավարի ձեռքերով 
կառավարելով զգացմունքի բազմաձայն երգչախմբին,
որոնց ձայնն իրոք չեմ լսում… լուռ լալիս է:
Ինձնից դեպի քեզ մոխրագույն թախիծի մի երերվող կամուրջ է՝
կիսաքանդ ու անհուսալի…
Ես բռնում եմ չերևացող արևի ձեռքն ու փորձում անցնել այդ կամուրջով…
- Տա՛ր ինձ դեպի Նա, տա՜ր…
Երևակայորեն բռնած արևի ձեռքը՝
քալում եմ ձեռքս բարձրացրած,
ձեռքիս վրա նստում է միօրյա կյանք ունեցող գիշերային մի թիթեռ…
Օրս դանդաղ մահանում է ինձնից մինչև քեզ -
մոխրագույն թախիծի մի երերվող կամուրջի վրա…

Տե՛ր իմ՝ Ամառ,
քանի դեռ չի լուսացել, ինձ հասցրու Նրա մոտ,
նա հիմա միայնակ է ու երևի անհոգ քնած դեղին սավանի վրա…
Միայնակ քնածներն անհո՞գ են…
Աչքերիս մեջ նրա ծիծաղն է,
Նրա բարի ժպիտը, երբ ասաց, որ հեռանում է ինձնից,
Պատկերացնո՞ւմ ես Ամառ, որ կարելի է հեռանալ,
լքել ու ժպտալ մի այդպիսի բարի ժպիտով:
Ո՛չ, դու չես պատկերացնում, իսկ աչքերս տեսել են դա,
Եթե տեսել են, ուրեմն դաժան եմ ես, տա՜ր,
Ես պետք է անպայման հսկեմ նրա ամառային քունը…

…Նա իրոք քնած էր դեղին սավանի վրա՝ կիսամերկ, ու քնի մեջ լաց էր լինում:
Կրքից սառած աչքերով լուսինը նայում էր նրա կիսամերկ մարմնին,
շարժելով խանդի իմ միջուկը,
որը գիշերային անհունությունում պայթեց՝
վերածվելով արցունքների
միլիոնավոր այլ կաթիլների…
Բացեցի հովանոցս ու ծածկեցի նրան
և արցունքներից և տիեզերական կրքոտ, օտար հայացքներից…

Ամա՜ռ, ես քեզ խո՜սք էի տվել ու…
Հսկում եմ նրա ամառային քունը, ես դաժա՜ն չեմ,
Ես սիրո՜ւմ եմ…

Ս.Ումառ

Комментариев нет: