Տասներկու
ձմեռ և մեկ գարուն
- Ասում եմ
վերադարձի՛ր, չի լսում, ասում եմ ամո՛թ է, մարդիկ կտեսնեն, չի լսում, բղավում էի
հիմարի նման:
Արդեն
տասներկու տարի է պահում եմ այս նկարը:
- Ես էլ
նայեմ, կարել՞ի է: Գեղեցի՜կ է, բայց միայն մեջքն է, ի՞սկ ով է նկարել:
- Ե՛ս
իհարկե, աչքերով:
- Բայց սև
ու սպիտակ է, ինչո՞ւ:
- Գունավոր
լիներ կխանդեի:
- Հասկանո՜ւմ
եմ, հետո՞:
- Ես
ընդամենը համբուրեցի նրա մազերը, իսկ նա փակեց աչքերն ու վրայից հանեց
վերնաշապիկը, կրծկալը, փակեցի աչքերս երկու ափերով:
- Ինչո՞ւ:
- Գեղեցի՞կ
էր…
- Հասկանո՜ւմ
եմ: Կրծքերը տեսա՞ր:
- Ո՜չ, ի՞նչ
ես ասում, չնայած մի ակնթարթ կարծես թե…նրան տեսավ քամին, պատկերացնո՞ւմ ես, և
տեսավ և ձեռքերով շոշափեց և…
- Բայց
քամու ձեռքերը մարդկային չեն, դա ոչի՜նչ, քամուն կարելի է:
-
Հիմարություններ ես ասում, ես խանդեցի, հասկանո՞ւմ ես, ասում եմ եմ վերադարձի՛ր,
չի լսում, ասում եմ ամո՛թ է, մարդիկ կտեսնեն, չի լսում, բղավո՜ւմ էի հիմարի նման:
- Ի՞սկ
հիմա, համոզվա՞ծ ես որ ոչ ոք չտեսավ:
- Դո՛ւ, դո՛ւ
տեսար նրան, մերկ, հիմա էլ նայում ես:
- Ինձ
կարելի է, ես քո ընկերն եմ, հետո՞:
- Ի՞նչ
հետո, սիրում եմ մինչև հիմա, կանչում եմ, չի գալիս:
- Դրանք
բոլորն էլ դավաճան փչացած անձեր են, բանի տեղ մի դիր:
- Սիրո՜ւմ
եմ, տասներկու տարի սպասո՜ւմ եմ…իրո՞ք փչացած են:
- Իհարկե,
ես գիտեմ, ես դասավանդել եմ այդ թեմայով, ես էլ ունեի…ա՜խ:
Լսվեց
զուգագուլպաների իրար հավասար պարբերականությամբ քսվելու ձայնը:
Երկու
կանացի հաստ ոտքեր մտան ու կանգնեցին լվացարանի մոտ:
Կանացի բամբ
ձայնը պայթեց:
- Ապուշներ,
ի՞նչ եք անում այստեղ, կես ժամ է ձեզ ենք փնտրում, արա՛գ անցեք հիվանդասենյակ, իսկ
դո,ւ այ հիմարի գլուխ, ի՞նչ ես թաքցնում ձեռքումդ:
Ուժով
ձեռքից վերցրեց լրագրի մի պոկված թերթ:
- Սա ինչո՞ւ
ես պահել, ինչի՞դ է պետք:
- Դա իմ
սիրուհու նկարն է, տո՛ւր:
- Ապո՛ւշ,
այստեղ նկար չկա, միայն տառեր են, մա՛րշ այստեղից, թե՞ սրսկեմ:
Գիշերը ստուգայցի
դուրս եկած բուժքույրը անցնելով մի հիվանդասենյակի դռան մոտից պարզ լսեց.
« Ասում եմ
վերադարձի՛ր, չի լսում, ասում եմ ամո՜թ է, մարդիկ կտեսնե՜ն, չի լսում, բղավում էի
հիմարի նման:»
Բացեց դուռը,
մոտեցավ ու կանգնեց երկու հիվանդների մահճակալի արանքում:
Մեկը չէր
շնչում, այն մեկը, որ դասախոս էր եղել:
Իսկ մյուսը
քնի մեջ բարձր բղավում էր.
« Ասում եմ
վերադարձի՜ր, չի լսո՜ւմ, ասում եմ ամո՛թ է…:»
Ս. Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий