суббота, 10 мая 2014 г.

Այսպիսի սեր…



Այս սիրո տեսակն էլ այսպիսին է և դրա դեմ ոչինչ չես կարող անել:
Հանդիպում ենք տարին մեկ անգամ,
 որոշակի ժամանակ անցկացնում միասին
և այդ ամբողջ ժամանակ չի լինում մի պահ,
որ կարողանանք լքել մեկմեկու…

Նրա ներկայությունն  իմ կյանքի այդ ժամանակահատվածում
ինձ ստիպում է մոռանալ բոլոր բացասական մտքերս, ինձ զգալ ավելի երիտասարդ ու ես հասկանում եմ, որ
…արևն այլ կերպ է ջերմացնում,
գիշերային ձայներն արդեն տարօրինակ,
վախենալու չեն,
ոչ մի վատ բան չի նշանակում լուսնի խունացած գույնը…
…երակներումս արագնթաց սլանում է արյունս՝
մի ձեռքը դրած նրա ուսին, մյուսով գրկած նրա իրանը
ու պտտվում խելագար մի պտույտով:

Սիրտս աշխետ ձիու նման
մոռացած սանձն ու թամբը վազում է 
անծայրածիր տափաստաններով,
վրնջում,
բարձրացնում առջևի ոտքերն ու խորիմաստ աչքերով փնտրում…

Քանի նա դեռ ինձ հետ է,
պատուհանիս տակ գիշերները բամբասող
պառավ կանանց ձայնն այնքան էլ անտանելի չէ,
ասեմ ավելին – դառնում են նույնիսկ հետաքրքիր…

Այդ բոլորը ի շնորհիվ նրա ներկայության,
բայց անկեղծ լինելով ասեմ նաև,
 որ նրա ներկայության ժամանակ անխիղճ ժամանակն էլ է գժվում ու
արագացնում իր ընթացքը:
Ամեն ինչ կրկնվում է նորից ու նորից՝
ստիպելով ինձ անընդհատ
սպասե՜լ ու սպասե՜լ նրա հերթական վերադարձին…

Հաջորդ տարի նա նույնպես կվերադառնա,
չվերադառնալ չի կարող:
Կվերադառնա գուցե մի քիչ փոխված,
բայց էլի կմնա իմ գեղեցիկ,
ինձ սիրո՛ղ,
ինձ հո՛ւյս սրսկող,
իմ մի՛շտ երիտասարդ ու
տենչա՜լի…
Մայիս ամիսը…

Ս.Ումառ


Комментариев нет: