пятница, 16 мая 2014 г.

Թախիծ




Դու եկա՞ր, Թախիծ,
Իսկ գի՞տես, որ երբեք չեմ սպասել ես քեզ…
Չգիտեի, որ կարող ես այսքան մոտ գալ,
Չգիտեի, որ դու այսքան գեղեցի՜կն ես…
Այսքան փխրո՜ւն, նեղացկո՜տ…
Ինձ թվում էր անտարբեր ես ու անփույթ…
Քո աչքերի գույնը - մեկ դեղին է, մեկ կապո՜ւյտ…
Մեկ փոխվում է սևից սպիտակ,
Դարչնագույն,
Մեկ դառնում է մաքուր սպիտակ,
Մեկ էլ դառնում արնագույն…

Իսկ ինչո՞ւ ես այսքա՜ն տխուր, այսքա՜ն հեզ
Չգիտեի, որ կարող եմ
Չսիրելով հպվել քեզ…
Նստել ծնկիդ ու լաց լինել գրկիդ մեջ…
Արցունքներս լղոզել քո վարսերին լալագին,
Սիրտս պատռել ու կատաղած
Շպրտել չոր հատակին:

…Մենությունը միայն սև էր, տաղտկալի՜,
այն ինձ հյուր էր երկար-երկար ժամանակ,
ո՛չ խոսում էր, ո՛չ  լալիս,
շատ նման էր ճաքեր տված մի խեցու,
իսկ շուրթերին միայն բողոք մահացու…

Դու երկա՞ր ես մնալու,
Ո՜չ, իհարկե, չե՛մ առարկում,
Մնա ինչքա՜ն կամենաս,
Դու շատ լա՛վն ես, շատ զգայո՛ւն ու կրքոտ
թող համբուրե՜մ լանջաբացդ…
Թախի՜ծ, մի՞թե դու էլ ինձ նման
նեղացկոտ ես, ամաչկոտ…

Ի՞նչ, ծարա՞վ ես,
Խնդրե՜մ Թախիծ, Ինչ կամենաս,
Նայիր աչքիս կոպի վրա արցունքի մի կաթիլ է մնացել,
Խմի՛ր, քո՛նն է, կհագենա՛ս…
Չհասկացա՛, խտությունը ջրից բա՞րձր է,
Դե կներե՜ս, ունեցածս միայն դա է

Դու ուրի՜շ ես, իմ լա՛վ Թախիծ,
Չե՛մ դիմանում,
Համբուրո՜ւմ եմ
Աղջնակի նուրբ պարանոց հիշեցնող
Քո ձախ ծունկը դողացող…

Ա՜խ, Թախի՜ծ, Թախի՜ծ…
Դո՛ւ, Սիրո կրկնակ քույրն ես,
Դո՛ւ, իմ համբույրն ես,
Գիշերվա ծանր շնչառության բույրն ես,
Դու ի՛մն ես…
Դու ճշմարտության նման մե՛րկ ես…
Դու շատ նման ես քամու սլացքին,
Ջութակի լացին
Թախի՜ծ…Սիրելի՜ս…
քո աչքերը սիրո այն շրջազգեստի ծալքերն են
Որ մի անգամ պատահմամբ քսվեցին աչքերիս:

Լա՞վ է ինձ հետ, գիտե՜մ, գիտե՜մ,
Չե՛ս հեռանա…
Չե՜ս առարկում…
Ես քո համար վաղուց արդեն տեղ եմ բացել,
Արցունքներից թրջված
իմ անկողնու մի հատվածում…

Ս.Ումառ



Комментариев нет: