воскресенье, 11 мая 2014 г.

«Ների՜ր ինձ…»

«Ների~ր ինձ…»

Զգում եմ որ ինչ որ մեկը սենյակում կա:
Ինչ որ օտար շնչառություն, զգույշ քայլերի ձայն, որոնք ասես մի գերբնական ուժով համընկնում են սրտիս խուլ զարկերին:
Վարագույրի ետևից պարզ տեսնում եմ մի ջութակ ու մի թավջութակ, որոնք իրար ականջի ինչ բան են քչփչում:
Հետո սկսում են նվագել, բայց ես չեմ լսում երաժշտության ձայնը, պետք է որ հիասքանչ լինի, բայց և վախենալու…
Մի ստվեր է մոտենում՝ կնոջ ստվեր, փաթաթված մուգ կարմիր, երկար կտորի մեջ:
Մոտենում է վստահ քայլերով, համոզված որ զոհը՝ ես, չեմ կարող դուրս փախչել մետաքսե թակարդի միջից:
Նրա հետ միաժամանկ մոտենում է և վարագույրը, որ չի թողնում տեսնել նրա դեմքը:
Ես չգիտեմ ով է նա, բայց ինքս վախենում եմ բարձրաձայ հարցնել անունը, բղավել.
- Դե ի՞նչ, եկա՞ր, ասա՛, խոսի՛ր, մեղադրի՛ր, մի՛ լռիր, խեղդե՞լ ես ցանկանում, խեղդի՛ր, գիտե՜մ, հիմա ինձ չի փրկի ո՛չինչ…
Մի քայլ է մնում որ վարագույրը լինի այնքան մոտ, որ կարողանամ համոզվել նրա գոյությանը, զգամ նրա օծանելիքի բույրը…
Նա սպասում է, չի մոտենում, միգուցե համբերությունս է փորձում…
Թակարդի մետաքսե վանդակը քանդվեց, մնացի միայնակ կանգնած թակարդի մեջտեղում:
Մի կանացի ձեռք մեկնվեց դեպի ինձ, փակ ծրարը գցեց գետնին:
- Օգնի՜ր ինձ, խնդրո՜ւմ եմ…,-  ու նորից չքացավ վարագույրի ետևում:
Վարագույրը հեռացավ իր տեղն ու անշարժ դարձավ ոչ թափանցիկ:
Մոտեցա երբ փորձում էի ետ քաշել վարագույրը, ջութակն ու թավջութակը միաժամանակ շշնջացին.
- Բա՛ց արա, նայի՛ր, եթե չհիշես, մե՛նք քեզ կհուշենք…

* * *
Երբ բացեցի աչքերս ու ձեռքս մեկնեցի ծխախոտ վերցնելու, աչքիս ընկավ մի փակ ծրար, հարազատ հասցեով:
Երեկ ստացա ու չկարողացա բացել:
Քսանհինգ տարվա լռությունից հետո, ոչ մի լավ բանի չէի սպասում:
Բայց հարկավոր էր…

«Բարև Ձեզ,
Միգուցե զարմանաք, բայց ես ստիպված եմ Ձեզ գրում:
Անունս Լիլիթ է, ես քսաներեք տարեկան եմ: Երեք օր առաջ՝ մարտի տասնութին  մահացավ մայրս: Չեմ ցանկանում չարաշահել Ձեր համբերությունը, անցնում եմ բուն թեմային: Նրա թղթերի մեջ գտանք բազմաթիվ սիրային նամակներ գրված Ձեր կողմից, երբ ծառայում էիք բանակում: Գիտեմ, որ լավ բան չէ կարդալ ուրիշի նամակները, այն էլ անձնական, հավատացնում եմ որ չեմ կարդացել, բայց մի նամակ գրավեց ուշադրությունս որտեղ բանաստեղծություն էր, չկարդալ, չկարողացա: Հիմա էլ մի կերպ զսպելով արցունքներս արտագրել եմ ու ուղարկում եմ Ձեզ:

Ների՛ր սիրելիս, ների՜ր, որ սիրում եմ քեզ,
այլ կերպ չե՛մ կարող…
Դու շատ ես տանջվել իմ բառերի՜ց, մտքերի՜ց…
Հիասթափվել սպասումների
Երկա՜ր - երկա՜ր,
վերջ չունեցող գիշերային ժամերից…

Ների՜ր սիրելիս, որ  չստացվեց խուսանավել
Միայնության չոր ու ոսկրոտ մատներից,
Որ  չստացվեց դատարկ օրվա եզրին կանգնել-
Կուլ չգնալ կառչելով սին հույսերից…

Ների՜ր սիրելիս, որ մոռացել եմ  քեզ՝
Իմ սեփական Աստծուն,
Եվ սիրել եմ կիսակոտրած պատգարակին մեկնված-
Մերկ մենության աստվածուհուն անանուն…

Գիտե՜մ,  հարբած ուխտ եմ եղել,
մրափել եմ սրտիդ հետ…
Ուժ չի եղել,  չե՛մ արթնացել…
Միշտ դրել եմ բազմակետ, քո նո՜ւրբ, զգայո՜ւն,
բայց մեծ սրտի պատերին,
Հիմա ժամն է, ես դնում եմ կոր ու հիմար հարցական
Ցանկությանս շրթունքների եզրերին…

Քո Ս.

Խնդրում եմ ասել, հուշել, ի՞նչ անեմ մնացած նամակների հետ, որոշել էի ուղարկել Ձեզ, բայց առանց Ձեր համաձայնության չհամարձակվեցի:
Խնդրում եմ արձագանքել:

Ձեր Լիլիթ  »

* * *
Սուրճս սառել է, նայում եմ այդ ամենակարող հեղուկով լցված բաժակին, ծխում հերթական դառը ծխախոտն ու հիշում գիշերվա երազը:
Խառնվել են ծխախոտի ծուխը, մտքերս, նամակը, «Ձեր Լիլիթը»,  «Քո Ս.»-ն ու ամեն ամեն ինչ:
Ես բանակում չեմ ծառայել երբեք, բայց ինչու է հարազատ այդ հասցեն, ես չեմ կարողանում հասկանալ:
Հիշեցի գիշերն ինձ մեկնված ձեռքը…
Հիշեցի.
«- Օգնիր ինձ, խնդրում եմ…»
Մեկնեցի ձեռքս, վերցրեցի գրիչս, գրում եմ՝ ուշադրություն չդարձնելով նամակին ընկած արցունքիս կաթիլներին:
«Բարև Լիլիթ ջան, աղջիկս…»

Ս.Ումառ




Комментариев нет: