Վաղուց, շա՜տ վաղուց, (թվականն արդեն չեմ հիշում),
ես մի փայտյա տիկնիկ էի, որից վախենում էին ոչ միայն փոքրիկներն այլև մեծերը:
Թե ո՞վ էր ինձ ստեղծել և ի՞նչի համար ես չգիտեի
ու այդպես էլ անցնելով ձեռքից ձեռք ոչինչ չէի հասկանում իմ փայտյա ու անճոռնի
ուղեղով…
Երբևե չէի կարողանում պատկերացնել թե հետո ի՞նչ է
լինելու, երբ մի գեղեցիկ օր, որը ես արդեն ի տարբերություն տարեթվի, շատ լավ
հիշում եմ, փետրվարի 30-ին, ինձ ձեռք բերեց մի կին, մի հիասքանչ անձնավորություն:
Այդ գիշեր ես առաջին անգամ, իմ ողջ փայտյա կյանքի
ընթացքում պառկեցի կնոջ անկողնում՝ նրա բարձի վրա:
Ամբողջ գիշեր նա խոսում էր ինձ հետ, իսկ ես
հմայված լսում էի…
… - Այ, եթե դու կենդանի լինեիր, ես քեզ կսիրեի
այնպե՜ս, ինչպես ոչ ոք դեռ ոչ մեկին չի սիրել, կշոյեյի գլուխդ, կհամբուրեի քո
շրթունքները, ես ինքս քեզ կլողացնեի ու ձեռքերիս վրա կբերեի իմ անկողին, ես քեզ
կծածկեի իմ մարմնով, ես քեզ կխանդեի նույնիսկ իմ մնացած խաղալիքներին, որոնք
տարիներով ընկած են մի անկյունում ու նայիր թե ի՞նչ հետաքրքրասեր հայացքով նայում
են քեզ:
- Հիմա սիրիր, ի՞նչն է խանգարում, - պատասխանեցի
ես ու հաստատ գիտեի, որ նա ինձ չի կարող լսել:
Նա ինձ վերցրեց բարձի վրայից, սեղմեց կրծքերին,
հետո կարծես ինչ որ բան հիշելով ինձ զգույշ դրեց բարձին, հանեց կրծկալն ու այդպես
սեղմեց կրծքին:
Ես որ փայտյա մի անուղեղի մեկն են այդ պահին
հասկացա թե ինչ հիանալի է ապրելը, ապրելը քեզ սիրող կնոջ հետ…
Ձեռքերով ես էլ նրան գրկեցի, բայց նրան պետք էին
իսկական ձեռքեր, ջերմ ու ցանկալի:
Իմ մեջ բարձրանում էր ինչ որ բան, փորձում էր
դուրս գալ կոկորդովս ու ինչ որ ասելիք ուներ, իսկ ես թողած իմ ներքինը զբաղված էի
նրա մարմինն ուսումնասիրելով:
Նա ինձ շարունակում էր պարբերաբար սեղմել կրծքին,
հետո մի պահ անշարժանում ու նորից նորից…
Նա լաց էր լինում, ինչո՞ւ, չգիտեմ…
… Մի պահ, երբ երբ ականջս հպված էր նրա սրտից քիչ
վերև, լսեցի, թե ինչպես էր նա Աստծուն շնորհակալություն հայտնում, որ ունի ինձ…
- Իմ կողմից էլ, խնդրո՜ւմ եմ, իմ կողմից էլ
շնորհակալություն,- բղավում էի ես:
Գիտեի, որ միևնույն է, չի լսում ինձ:
Անզորությունիս լարեցի ողջ ուժերս…
Փետրվարի երեսունն էր, լույս երեսունմեկի գիշերը,
երբ զգացի, որ ինչ որ բան իմ միջից դուրս եկավ ու ես կենդանացա:
Մի քանի վայրկյան մեր երկու մերկ մարմինները իրար
գրկած նայում էին հեռո՜ւ հեռ՜ու, անսահմանության սահմանին….
Հանկարծ նա բղավեց ու դուրս փախավ անկողնուց,
մերկ կանգնած դեմքով դեպի ինձ ոտքով հարվածում էր դռանն ու բղավում ամբողջ ձայնով
մեկ.
- Չմոտենաս ինձ, կսպանեմ, խեղկատակ, անճոռնի,
որտեղի՞ց հայտնվեցիր,
Օգնեցե՜ք, օգնեցե՜ք…
Ես վախեցած աչքերով, նույնպես մերկ, անկողնում
նստած նայում էի նրան ու ոչինչ չէի հասկանում…
Ներս վազեցին նրա հարևանները՝երկու կին և մեկ
տղամարդ:
Կանայք ծածկեցին նրա այդքան գեղեցիկ ու բաղձալի
մարմինը, իսկ տղամարդիկ հասցրեցին կապել ձեռքերս, ոտքերս ու շպրտել հատակին:
- Միգուցե ոստիկանությո՞ւն զանգենք,- ասաց
հաստամարմին հարևանուհին:
- Բայց ի՞նչ է արել որ, ի՞նչպես է հասցրել հանվել
ու…, - մյուս հարևանուհին նայում էր իմ մերկությանը զգալի հետաքրքրասիրությամբ:
Ես այդ պահին նայում էի Նրա աչքերի մեջ ու զգում
էի, որ ինչ որ բան այնպես չէ:
- Ոչինչ էլ հարկավոր չէ, մնացածը ինքս կանեմ, նա
արդեն վտանգավոր չէ:
Երբ հարևանները գնացին, տարօրինակ շարժելով
գլուխները, նա փակեց դուռն ու նորից մերկացավ աչքերիս առաջ:
- Դե ի՞նչ, խրտվիլակ, ինչ է քեզ թվո՞ւմ է թե ես
կարող եմ քեզ սիրել, քո այդ ծուռտիկ բերանը, քո այդ հաստ ու կոպիտ շուրթերը
համբուրե՞լ:
Անօգնական, ձեռքերս ու ոտքերս կապած, ես ընկած էի նրա գեղեցիկ
ոտքերի մոտ:
- Խնդրո՜ւմ
եմ, քանդիր կապերս, ես կհագնվեմ, ինձ անհարմար եմ զգում:
- Մի սրան նայեք, խնդրո՜ւմ է,- հիմար ծիծաղը
պտտվեց օդում ու հարվածելով տան պատերին նորից վերադարձավ նստեց ականջներիս վրա:
Տանը տարիներով անխնամ ընկած բոլոր խաղալիքները
լաց էին լինում:
Վիրավորանքի սուրը թրատեց գլուխս, կիսելով երկու
մասի ու ոչինչ էլ չեմ հիշում…
Չեմ հիշում թե ի՞նչպես նորից դարձա տիկնիկ…
Չեմ հիշում թե ի՞նչպես նորից հայտնվել էի
հատակին…
Հիշում եմ միայն, որ նորից նրա ձեռքերն ինձ
բարձրացրեցին, սեղմեցին կրծքին.
Բայց ես ոչինչ չէի զգում:
- Այ, եթե դու կենդանի լինեիր, ես քեզ կսիրեի
այնպես, ինչպես ոչ ոք դեռ ոչ մեկին չի սիրել…
Փետրվարի երեսունն էր, լույս երեսունմեկի
գիշերը…երբ կորավ հավատը, կորավ գեղեցիկ ապրելու իմ երազանքը, կորավ գեղեցիկը
գնահատելու իմ սահմանափակ հնարավորությունը…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий