суббота, 17 мая 2014 г.

«Գեյշան»



* * *
Շատերը  շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ։ Սակայն, Ճապոնական մշակույթի նրբությունները հասկացողները գիտեն, որ դա այդպես չէ։
Իսկական գեյշան հաջողակ է, որովհետև նա անընդհատ ձգտում է անհասանելի կատարելության։ Երբ տղամարդիկ վարձում են գեյշա՝ իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, ուշադրությամբ և սիրահետությամբ։ Նա կարող է զրուցել և նույն հեշտությամբ կարող է բացատրել խմելու կամ որեէ խաղի կանոնները։
* * *
Հունգարիայի մի փոքրիկ Պերկատա  քաղաքում ես խնդրեցի ինձ ցույց տալ քաղաքի գերեզմանոցը:
Թարգմանիչը, որ մի հաճելի արտաքինով աղջիկ էր հարցական նայեց ինձ:
- Դուք էլ եք ուզո՞ւմ անպայման տեսնել Գեյշայի գերեզմանը: Բոլոր հայերը դա են ցանկանում:
- Ոչ, ուղղակի բարեկամս է խնդրել այցելել, նրա եղբայրը այստեղ է թաղված, դեռ պատերազմի տարիներից, կգտնե՞նք անուն ազգանունով:
- Այո, նրանք առանձի հատվածում են:
- Ի՞սկ Գեյշան, ճապոնուհի է:
- Ո՜ նա ծագումով հայ էր, աշխատում էր այստեղի գլխավոր հյուրանոցում, որպես Գեյշա, դե նման ծառայություններ մատուցող: Հասկանա՞լի է:
- Ո՛չ, Ռուժանա,  ես չեմ հասկանում հայի գործոնը:
- Ի՞նչ կապ ունի հայ լինելը, մարմնավաճառ էր դարձել, բայց ինչպես ասում են բարձր կարգի, ոչ բոլորին էր հասանելի, դրա համար էլ նրան Գեյշա էին ասում:
- Եվ ի՞նչ, ի՞նչ մի արտառոց բան կա այդտեղ:
- Նրա երեխային գողացել էին, հետո կարծեմ փրկագին էին պահանջել, թե ստիպել երեք տարի աշխատել հյուրանոցում, որպես պոռնիկ, կարծեմ մեկ տարի հետո պարզվել էր, որ վաղուց երեխային այլ երկիր են վաճառել: Դա իմանալով նա իրեն վերջին հարկից նետել էր ցած:

Հունգարուհին այնքան հանգիստ էր պատմում կարծես խոսքը գնում էր ինչ որ գեղարվեստական մի գրականության դժբախտ հերոսուհու մասին:

- Հունգարուհիների մեջ չկա՞ն այդպիսիները:
- Ո՜չ, նրանք մարմնավաճառներ են, բայց ո՛չ պոռնիկներ:

Մոտեցանք գերեզմանին, ինձ թվում էր պետք է տեսնեի մի թումբ ընդամենը, բայց տեսա մի կանգնած սև քար, որի վրա հայերեն գրված էր «Գեյշա» իսկ քիչ ներքև մի ամբողջ պատմություն հայատառ:
Նկարից նայում էր հայուհու թախծոտ աչքերով մի կին, այնքան հարազատ, այնքան մոտ, որ թվում էր թե նայում էի իմ հարազատներից մեկին:
Նկարի տակ հանգույց էր փորագրված:
- Ռուժանա, գիտե՞ք թե դա ի՞նչ հանգույց է:
- Ո՜չ, չգիտեմ:
- Դա այն գեյշաների հանգույցն է, որ արվում է մեջքի կողմից և ոչ մի տղամարդ դա քադել չի կարող, իսկ քո ասած այդ պոռիկների կիմոնոյի հանգույցը լինում է դիմացից ու մի փոքր հպումից քանդվում է:
- Ինձ կներեք, ես սխալվել եմ երևի, կներեք չէ՞:
- Ի՞սկ նրա հարազատները…
- Նա ոչ ոք չի ունեցել բացի իր տղայից, այս քարը հայտնվել է նրա թաղումից ուղիղ մեկ ամիս անց, ոչ ոք չգիտե ո՞վ է հեղինակը:
Իսկ դուք ինձ համար կթարգմանե՞ք թե ինչ է գրված, դեռ ոչ ոք չի թարգմանել, ես շատ անգամ եմ դա  խնդրել:

* * *
… միայնակ Ապրել,
պահել մարմինդ մաքուր այս
զզվելի աշխարհո՞ւմ,
թե՞ սատկել սիրո բարձրակրունկը խրված սրտիդ մեջ,
երբ քծնանքն ու խորշանքը ամեն վայրկյան ներծծվում են մաշկիդ ամեն մի անցքից ու փորձում ուտել քեզ ներսից,
… ես տիրում եմ քեզ,
իսկ դու ծպտուն չես հանում,
ես ուտում եմ քո ուղեղը,
իսկ դու դատարկվում դատարկությունից,
լողում արտաշնչման մեջ ու համարում ես Սեր…
… իմ մարմինը հեծած քո մտքերին
փորձում է քշել կրքոտ ամպերն ու
ջղաձգվում է դրսից եկող մեքենաների ազդանշաններից,
փակվող դռան ձայներից, հարբած հռհռոցներից
որոնք քեզ երգ են հիշեցնում…
… փորձում ես կրծքերիս վրա կարդալ
անվարժ ձեռագրով գրված իմ օրագիրն
 ու սարսռում ես ճմրթված էջերի քանակից…
… շուրջը ստախոս մարդկանց բերանից եկող գարշահոտությունն է, որը լիովին ապականել է օդը, իսկ դո՞ւ…
Դու ապրում ես ուղղակի, ապրում ես գոյություն չունեցող Սեր:
…քո կարմրած անձեռնամխելի ամոթից դուրս է ժայթքում մաղձն ու բարձրացնում առանց այն էլ բարձր ջերմությունդ…
Մոմիկնե՞ր…
Մի՞թե այս պահին դրանք կօգնեն:
… բերանները բաց, ոտքերիս առաջ չոքած տականքներ,
 դե վերցրե՛ք, վերցրեք այն մի քանի վայրկյան տևող հաճույքն ու քմահաճորեն, մոմիկների փոխարեն մտցրեք ձեր…
… ես ռասիստ չեմ բայց թքած ունեմ բոլոր այս տեսակի տղամարդկանց վրա, այդ կյանքի ճիճուների վրա, ես եմ Երկրագունդը ու իմ մեջքի վրա վխտացող այս կարգի տղամարդկանց ես ոչնչացնում եմ իմ մարմնով, իմ մերկությամբ ու սառնասիրտ դահիճի իմ հայացքով:
…վե՛ր կաց, կանգնիր ուղղակի ծիծաղելի է քեզ մերկ տեսնելը, հաստաքամակ  տղամարդ-ցլամարտիկ, որի կոտոշը նախապես կոտրված է ու պետք է պայքարի իր իսկ վճարածի չափով…
…դուք՝ վավաշոտ սրիկաներ, աչքերով այնպես եք նայում որ ստիպված ամեն անգամ լողանում եմ հատուկ հեղուկով, ունենայի հնարավորություն այդ հեղուկը կլցնեի ձեր անկուշտ ստամոքսները…
…ատելություն առաջացնող այս մեռելային սերը չունի արդարացնող ոչ մի պատճառ, հիմար, դատարկ հաճույք,
… խղճի խայթոցներ որովայնում,
…. մեկ ուրիշ ռիթմով ընթացող կանացի ցավեր…
…ես կսպանեմ քեզ, Տե՛ր, հավատա, քեզ որից պահանջում եմ հատուցում, չե՛ս պատասխանի, ես կսպանեմ ինձ, կսպանե՜մ…
 (oրագրից)

Երբ թարգմանեցի օրագրի այդ հատվածը, Ռուժանան լալիս էր:
Հետո անհայտացավ, ինձ թողնելով իմ ծխախոտի քուլաների հետ միայնակ:
Վերադարձավ քիչ հետո ու մի կարմիր վարդ դրեց «Գեյշայի» գերեզմանին:

Ես երախտապարտ էի նրան, ո՜չ, ոչ թե վարդի համար, այլ համոզվել էի, որ ինձնից հետո նրա գերեզմանին այցելող ոչ մեկն այլևս չի լսի այն ինչ ես էի լսել մինչև գերեզման հասնելը:
Ես կարծես կատարել էի իմ այն չնչին օգնությունը, որ կարող էի օգնել «Գեյշային»…

Ս.Ումառ

Комментариев нет: