воскресенье, 25 мая 2014 г.

Սերո մեղեդին




* * *
… Անսպասելի չէր, բայց գալիս էր դանդաղ ու վստահ քայլերով, իր ճանապարհին ոչնչացնելով արդեն ուժասպառ արևի  մինչև վերջ մաքառող վերջին ճառագայթներին:
Նրան բոլորը կոչում են գիշեր ու չեն փորձում  պաշտպանվել նրանից, համարելով անիմաստ մի զբաղմունք:
Նա սև է ինչպես մահը ու վախեցնող ինչպես անբուժելի հիվանդությունը:
Բոլորի դռները բաց են նրա առաջ, նույնիսկ ժամանակը վախից սկսում է դանդաղ աշխատել՝ կորցնելով իր արդյունավետությունը…

Սենյակում, որտեղ արդեն վաղուց տեղավորվել էր գիշերը մի նոութբուկ է ու մի հախճապակե բաժակ:
Համակարգչի էկրանը լուսավոր է, բայց հասկանալի է, որ վաղ թե ուշ կհանգչի:
Բաժակի վրա ծաղիկներ են նկարված, վառ դեղին գույնի, բաժակից գոլորշի է բարձրանում:
Նոութբուկի էկրանի լույսը լուսավորում է բաժակին:
Նրանք իրար կողք են՝ հատակին, մահճակալից քիչ հեռու, լքվա՜ծ, մոռացվա՜ծ:
Նոութբուկը հիանում է բաժակից դուրս եկող գոլորշիով, որն իր հիասքանչ նազելի շարժումներով բարձրանում է որոշակի բարձրության վրա, որտեղ դեռ հասնում է նոութբուկի լույսը  ու հետո անհետանում  գիշերվա երախում:
Երկուսն էլ հասկանում են, որ քիչ հետո մեկը կսառչի ու չի կարող էլ գոլորշիով հիացնել, իսկ մյուսն էլ չի կարողանա լուսավորել, բայց ըմբոխշնում էին պահը…
Ոչի՜նչ, ոչինչ կարևոր չէր այդ գիշեր, քանի դեռ պարում էր գոլորշին, իսկ նոութբուկը հիանում նրա շարժումներով…

* * *
- Ինչո՞ւ ես լռել, դու էլ ես լսո՞ւմ այն հիասքանչ երաժշտությունը, որը գալիս է չեմ հասկանում թե որտեղից: Քեզ չի կարելիմ ծխել:
Տղամարդն անկողնում ծխում էր:
Կինը ձախ արմունկով հենվեց բարձին ու նայում էր տղամարդուն:
Հրավիրող բաց կրծքերը ներողամտորեն ժպտում էին տղամարդուն, կանչում աչքերին, իսկ տղամարդու աչքերն այնտեղ էին…հեռո՜ւ … որտեղ ծխախոտի ծուխը բախվում էր մեղմ նարնջագույն գույնով ներկված սառը առաստաղին:
- Ո՛չ, ես ոչինչ չե՛մ լսում, ոչի՛նչ:
- Ի՞նչպես, չէ՞ որ այնքան պարզ լսվում է, ինչ որ սոնատ է, ուզում եմ իմանալ:
- Դա սոնետ չի, դա Շոպե՛ն է, նոկտյուրն «Սի բեմոլ մինոր:»
- Սիրում եմ, երբ բացատրում ես, դու ամեն ինչ գիտես, ուզում եմ քեզ խեղդել այ այսպես:
Տղամարդը չհասցրեց ասել, որ դա իր միացրած թողած նոութբուկից էր գալիս, որի մարտկոցներն արդեն ուժասպառ էին լինում, երբ կնոջ շուրթերն իջան նրա շուրթերին ու …տղամարդը չէր հասկանում թե ինչպես էր կարողանում լսել իր շուրթերին ամբողջ մակերեսով հպված կնոջ շուրթերից եկող, իրեն կանչող, այնքա՜ն հարազատ ու այնքա՜ն ջերմ նրա ձայնը…
- Արա՜մ, Արա՜մ…

Սերը գետի ջրերն ընկած կատաղած վագրի նման թպրտում էր մահճակալին, մեկ լալի՜ս էր, մեկ գոչո՛ւմ, մեկ աղերսո՜ւմ, մեկ տնքո՜ւմ…մեկ լողո՜ւմ էր ափին մոտ՝ կյանքը տեսած ձկան նման, մեկ դուրս գալիս ափերից ու թափահարում էր իրեն՝ ջրից մի կերպ դուրս թռած երիտասարդ ճնճղուկի շարժումներով…
Սերն իր կյանքով էր ապրում ու բացարձակ գաղափար չուներ գիշե՞րն է իրեն աչքերով ուտում թե՞ ցերեկն է կոպերը կիսաբաց զմայլվում իր պարով…

Նախանձ, կրքոտ գիշերը կատաղությունից պտտվում էր սենյակում, զարկվում էր պատից պատ, կրծոտում մուգ կապտավում շրթունքները, հարվածում էր ինքն իրեն ու ցավից շշնջում.
- Շոպե՛ն, գոնե դու լռիր, գլուխս տարար քո  «Վալս Սի մինոր» -ով…

…Մարիի գլուխը տղամարդու ձախ ձեռքին էր, մազերը աղվեսից մի կերպ փախած ուժասպառ նապաստակի նման շնչակտուր, ալիք առ ալիք հանգստանում էին Արամի կրծքին:
- Իսկ սա ի՞նչ է, հիմա որ լսվում է:
- Սա էլ է Շոպեն, «Վալս մի մաժոր» Լա՞վն է չէ:
- Լա՜վն է, բայց…դու ավելի լավն ես, - Մարիի փոքրիկ ձեռքը շոյում էր տղամարդու մազոտ կուրծքը:
- Արա՛մ, իսկ քիչ առա՞ջ, երբ մենք զբաղված էինք:
- Ինչո՞վ էինք զբաղված,- Արամը ժպտում էր:
- Էէէէէ, լա՜վ էլի, բան եմ հարցնում, երբ…այդ ժամանակ ի՞նչ երաժշտություն էր:
- Զբաղվա՜ծ, ինչ հիմար բառ է:
- Խոզությունդ բռնե՞ց, հարցնում եմ պատասխանիր, - համբուրեց տղամարդու քունքը:
- Դա էլ է Շոպեն՝ «Միայնակ հովիվը» - տղամարդը հեռու էր այդ պահին, պատասխանեց առանց ընկալելու ներկան, կարծես թռչում էր մի լայն դարչնագույն խողովակի միջով ու լսում իր իսկ ձայնը արձագանքի նման…
- Չհասկացա, սիրո երաժշտությունը միայն Շոպե՞ն է, ուրիշ չկա՞:
- Կա՛ իհարկե, դա քո՛ շնչառությունն է, դա քո շշնջո՜ցն է, ժպիտի ձայնն է, որը բոլորին թվում է թե չկա, բայց ես լսում եմ, լսո՜ւմ եմ հասկանո՞ւմ ես,  դա քո մազերի խշխշոցն է բարձին, դա քո՜…
- Ինչո՞ւ է սիրտդ այդպես արագ բաբախում, Արա՛մ, ես հիմարությո՞ւն արեցի, չէ որ քեզ հարկավոր չէր անհանգստանալ, շատ արագ է սիրտդ, Արամ լսո՞ւմ ես:
- Լսում եմ, լա՛վ է, մի անհանգստացիր, հիմա կանցնի, հարկավոր է անջատել նոութբուկը, մարտկոցնելը լրիվ կնստեն:
- Ո՛չ, ես լսում եմ, թո՛ղ մնա: Հետաքրքիր է ի՞նչ է զգացել Շոպենը իր երաժշտությունները գրելիս, այն ի՞նչ մենք, ինչո՞ւ Շոպենը կին չէ, ինչո՞ւ միայն մեզ համար չի գրել, ինչո՞ւ պետք է վերջանա երաժշտությունը, ինչո՞ւ, ես ատո՛ւմ եմ Շոպենին, ատո՛ւմ եմ քո նոութբուկը, ատո՛ւմ եմ քո անկողինը՝ վերմա՛կը, բա՛րձը, ես ատո՛ւմ եմ ինձ…
- Ի՞նձ էլ:
- Հիմա՛ր,- Մարին լաց էր լինում:



- Ես չեմ կարող առանց քեզ, հասկանո՞ւմ ես, չե՛մ կարող, չե՛մ կարող, չե՛մ կարող.. - Մարին սկսեց բռունցքներով հարվածել Արամի կրծքին:
- Հանգստացիր, ամեն ինչ լավ կլինի, ես քեզ խոստանում եմ, հանգստացի՛ր:
Մարիի գլուխը դրեց կրծքին, շոյում էր մազերը, բայց դեռ սլանում էր այն խողովակի միջով, որտեղից լսվում էր արձագանքը… «լա՜վ կլինի, ես քեզ խոստանո՜ւմ եմ…»

Կուրծքը թաց էր Մարիի արցունքներից, իսկ իրեն չգիտես ինչու թվում էր թե սիրտն է պայթել ու արյունն է կրծքին…
… առաստաղին տեսնում էր Մարիի ուրվագիծը, որը կարծես քայլում էր մի ահռելի ծովի ափով, ավազահատիկները ծակծկում էին ոտնատակերը ու նա կիսակաղալով առաջ էր գնում, ո՞ւր, դա արդեն չէր երևում, բայց խողովակի միջից պարզ լսվում էր նրա լացակումած ձայնը…
- Այսքա՛ն ավազ, այսքա՛ն ավազահատիկ, մի՞թե քեզ քիչ է, ագա՛հ, դաժա՛ն, չկա՛մ, սրիկա՛,  ո՞ւր է, ո՞ւր է իմ ավազահատիկը, տո՛ւր ինձ, ի՛մն է հասկանո՞ւմ ես, ի՛մն է…

- Արա՞մ, Արա՜մ, քեզ ի՞նչ եղավ, Արա՛մ, - ապտակեց:
Բղավոցից թե ապտակից Արամն աչքերը բացեց, ու տեսավ սարսափից իրեն նայող այն չքնաղ աչքերին, որոնց մեջ երկար ու երջանիկ ապրելու տենչանք էր քարացել ու վախից կծկված սպասում էր:
- Ոչինչ, լուրջ բան չկա, գրկի՛ր ինձ,խնդրում եմ, ամո՛ւր, ավելի ամո՛ւր, լսո՞ւմ ես, նվագում է, նորից Շոպեն, «Ապրիլյան երազներ», ի՞նչ լավն եք, դո՜ւ, Շոպե՜նը…
- Գրողի ծոցը Շոպենը, վախեցրեցիր: Արա՛մ, ինչո՞ւ ես լաց լինում, առաջին անգամ եմ քեզ տեսնում այսպիսին, ես չե՛մ հեռանա, ես քո մոտ կլինեմ, անընդհա՛տ, դու երբեք, երբեք մենակ չե՛ս լինի, դու պետք է, հասկանո՞ւմ ես, պետք է հավատաս, որ ես միշտ կա՛մ, կլինե՛մ, սիրո՜ւմ եմ:

- Շուտով կլուսանա, բան չմնաց, չե՛մ ուզում լուսանա, Մարի, ես այսպիսին չեմ եղել:
- Արա՛մ, վախենո՞ւմ ես, - ձայնը դողաց, չէր ցանկանում ցույց տալ որ ինքն ավելի  է վախենում ու վախ բառը շատ նուրբ էր հնչում տվյալ պահին, սարսափում էր…
- Չէ՜, չե՛մ վախենում, մի քիչ անսովոր է, լսո՞ւմ ես Շոպենի «Հեղափոխական» էտյուդն է:
- Անջատի’ր, արդեն դուր չի գալիս:
- Թո’ղ մնա չեմ ուզում վեր կենալ, ինքդ անջատիր եթե չես ցանկանում լսել:
- Մերկ եմ, ի”նչպես գնամ, աչքերդ փակիր, կգնամ կանջատեմ:
- Իսկ եթե հետո չկարողանամ բացե՞լ:
- Ապո՛ւշ, ինչո՞ւ ես լացացնում, ի՞նչ եմ արել քեզ:
Արամը գրկեց նրան, այս անգամ միայն նրա աչքերը չտեսնելու համար:
- Չէ՞ որ դա բարդ վիրահատություն չէ, քանի՜ անգամ են արել, սիրտը մեզ մոտ լավ են վիրահատում, մի՛ անհանգստացիր, լա՞վ, եթե հնարավոր լիներ իմ սիրտը կիսվեի քո հետ, - լացակումած շշնջոցը լսվում էր հեռվից:
- Դու արդեն տվել ես քո սիրտը, էլ ինչո՞ւ կիսվել, մնաց երեք ժամ, կլուսանա ու ամեն ինչ լավ կլինի, ես համարյա չեմ վախենում, ինչ լինելու է՝ կլինի…

Գիշերն աշխուժացավ, կարծես մի ինչ որ բան արթնացրեց նրան, կարծես մեկը մի սուր գործիք մխրճեց գիշերվա կողը ու գիշերը վայրի մի գոռոցով հիշեցրեց իր ներկայությունը, հիշեցրեց որ կա ու այդքան հեշտությամբ չի կարող իր դիրքերը զիճել մի ինչ որ իրենից ոչինչ չներկայացնող լույսի ճառագայթի:
Գիշերվա բղավոցը բռունցքով հարվածեց Մարիի գլխին:

Մարիի մերկ մարմինը մինչև գոտկատեղը բարձրացավ անկողնում:
- Սա ի՞նչ է, ի՞նչ է կատարվում, ի՞նչպես միացավ:
- Մարի, ի՞նչ եղավ:
- Սա ո՞վ է, ի՞նչ է ուզում, ո՞վ միացրեց:
- Ի՞նչը Մարի, ի՞նչ եղավ:
- Երաժշտությունը, լսո՞ւմ ես, ինչո՞ւ…
- Դա Մոցա՛րտ է, «Ռեքվիեմը», իմ ամենասիրած…
- Անջատի’ր, արագ անջատի՛ր, լսո՞ւմ ես անջատի՜ր…
Չսպասելով Արամի արձագանքին, վեր թռավ անկողնուց ու վազեց դեպի նոութբուկը, ոտքը կպավ ու շուռ տվեց իր ծաղիկներով բաժակը, որի մեջ արդեն սառել էր կիսախմած սուրճը:

* * *
Կնոջ մերկ մարմինը, վստահ, որ իր ետևից նայում են սիրելի տղամարդու աչքերը՝ որոնք չնայել չեն կարող, ճեղքելով գիշերվա կուրծքը մոտեցավ պատուհանին:
- Լուսանո՜ւմ է, Արա՛մ, դանդաղ, բայց լուսանում է, լսո՞ւմ ես:
Պատասխան չլսեց, լսեց միայն պատուհանի ապակուց Մոցարտի «Ռեքվիեմ»-ի վերջին նոտաների ուշացած արձագանքը…

Անզորությունից, որ էլ չի կարող դիմադրել լույսի ծնունդին,  գիշերը ծամածռություններ էր անում ու քթի տակ անընդհատ կրկնում.
- Ես չե՛մ հեռանա, ես քո մոտ կլինեմ, անընդհա՛տ, դու երբե՛ք, երբեք մենակ չե՛ս լինի, դու պե՛տք է, հասկանո՞ւմ ես պետք է հավատա՜ս, որ ես միշտ կա՛մ, կլինե՛մ, սիրո՜ւմ եմ, ես կգա՜մ, անպայմա՛ն կգամ քեզ մոտ…

Գիշերին կարող է պատասխան տալ միայն կինը՝ գիշերվա նման խորհրդավոր, կրքոտ, սիրող, հասանելին պահանջկոտ, հոգատար, դիմակայող այն բոլոր ցավերին որ կարող են կախվել ու փորձ անել իրենց մագիլներով պատռելու երազանքը, սպասումները, հույսերը…
Միայն կնոջ ձայնն է ի զորու ոչնչացնելու այն բոլոր արգելքները, որ կարող են պատահմամբ հայտնվել քո ճանապարհին…
Նման պահերին կինը չի բղավում, նա կարողանում է ձայնն այնպես փոխել, որ ծույլ հավատը արթնանա, բարձրանա իր տեղից ճմլկոտվի, բացի աչքերն ու հենց այդ պահին կինը խնդրո՜ւմ է, շշնջո՜ւմ, համոզո՜ւմ այնպիսի մի երաժշտական ձայնով, այնպիսի մի մեղեդայնությամբ երգում  «Ամեն ինչ լավ կլինի»  որ այլ կերպ լինել չի կարող:
Դա է Սիրո Մեղեդին:



Ս.Ումառ 2014

Комментариев нет: