воскресенье, 18 мая 2014 г.

Քամու ընկերուհին


Երջանկությունը սպիեր չի թողնում, այն այնքան կարճ կյանք ունի, որ չի հասցնում հիմնովին տեղավորվել քո կյանքում ու հեռանում է առանց զգուշացնելու:

Երջանկությունը նման է ծովի մակերեսին համաչափ փչող զեփյուռին, որը գեղեցիկ տատանում է ջրի մակերևույթը առաջացնելով փոքր ալիքներ, ալիքների մեջ խաղում են արևի ճառագայթներն ու ալիքների հետ էլ հեռանում քո աչքից:

Հեռացած ոչինչ երկար չի մնում քո մեջ, գալիս է ամենակարող Ժամանակն ու ամեն ինչ ջնջում այնքան վարպետորեն, որ հետք չի մնում…

* * *
- Ես կգամ քեզ մոտ, ես անպայման կգտնեմ այն տագնապի կոճակը, որն այդքան քեզ անհագստացնում է, ես ատամներով կպոկեմ…
Դռան թակոցն ընդհատեց ու կարծես վերադարձրեց ժամանակը, դնելով իրեն իսկ պատկանող տեղը:
- Լիլ՞ի, այդ ո՞ւմ հետ ես խոսում, հեռախոսդ էլ այստեղ է, աղջի ջան, էլի գժվեցի՞ր: Դուռը բաց արա՛ բան եմ ասում:
- Տա՞տ, քնած չե՞ս, ի՞նչ է եղել:
- Էդ ում հետ ես խոսո՞ւմ, գլխումդ միայն քամիներ են: Չլինի՞ սիրահարվել ես: Մի սրան նայիր, ամոթ ասած բանը չունի, հագնվի՛ր աղջի ջան:
- Տատ, ումի՞ց ամաչեմ, ի՞նչ է եղել որ, բա դու ջահել ժամանակ…
- Մեղա՜ քեզ մեղա՜, ես աբուռով, ամոթով աղջիկ եմ եղել: Վաղարշակս երբ եկավ ուզելու…
- Տա՞տ, այդ ո՞ր Վաղարշակն է:
Կինը գորովանքով էր նայում աղջկան, բարկանալ չէր կարողանում, սիրում էր իր թոռանը աշխարհի չափ ու անօգնականությունից խաչակնքեց:
- Պապդ, ա՛յ աղջի, ուրիշ էլ ի՞նչ Վաղարշակ:
- Այն, որ երազիդ մեջ ասում էիր. «Վաղարշակ կգաս չորորդ դեզի մոտ, երրորդում Ազգուշն ու Սմբատ են, չուշանա՜ս:»
Կնոջ սարսափած դեմքն այնքան խղճահարություն արթնացրեց Լիլիի մեջ, որ անմիջապես ձեռքերով փաթաթվեց տատիկին ու համբուրում էր առանց կանգ առնելու:
- Թո՛ղ,  հլա մի ասա այդ ի՞նչեր հորինեցիր:
- Լա՜վ էլի տատ, ձեր գյուղում կա՞ր չորորդ դեզ, կա՞ր չէ, կա՞ր Ազգուշ անունով ընկերուհի, կա՞ր չէ, բա որ մնացածը պատմե՞մ:
- Լիլի ջան, էլ ի՞նչեր եմ ասել երազում, լեզուս պապանձվեր հա, խայտառակ եղա:
- Տատ պարզվում է դու լավ էլ հումորով կին ես, մտքովս չէր անցեր:
- Սարսաղ սարսաղ դուրս մի տուր, ի՞նչ հումոր, խայտառակ եղա: Իսկ քո գլխում միայն քամիներ են:


* * *
Քամին միշտ էլ թափառական է եղել իր բնույթով, իր գեներով:
Քամին միշտ էլ խառնակիչ է եղել իր տրամաբանությամբ:
Իսկ այսօր, իսկ այսօր ուղղակի կատաղած է ու չգիտե գլուխը որտե՞ղ մտցնի, ո՞ւմ խառնի, ի՞նչ խառնի, ավիրի՜, տակնուվրա անի…
Չէ՞ որ դա իր սովորական կենսաձևն է ու դրանից դուրս նա իրեն վատ կզգա:
Քամին գտավ Լիլի պատուհանի բաց օդանցքն ու ուրախությունից գլուխը կորցրած մտավ ներս:
Աթոռին թափված աղջկա զգեստները գրավեցին ուշադրությունը, նա դրանք վերցրեց, հոտոտեց ու կատաղությունից շպրտեց պատերին:

Քամու սեռը ոչ ոք չգիտի, նա աշխարհի ութերորդ հրաշալիքն է ու դատելով ամեն ինչից վստահ կարելի է ասել, որ իգական սեռի է:
Ո՞ր մի արական սեռ ներկայացնողը ձեռքին ունենալով կնոջ զգեստները չի համբուրի ու քսի աչքերին, կամ սեղմի կրծքին ու  շնչի կանացի բույրը…

* * *
- Վերցրո՛ւ, հեռախոսդ է զանգում, ի՞նչ է չես լսում, այս ինչո՞ւ ես տակնուվրա արել շորերդ, ի՞նչ փնթիի մեկն ես, Լիլի, վերջապես կհագնվե՞ս:
Տատիկը խոսում էր ու չեր նայում Լիլի դեմքին: Հետո դժվարությամբ կռանալով սկսեց հավաքել գետնի ընկած շորերը:
- Լսո՛ւմ եմ, բա՛րև, ինչո՞ւ ես զանգել, լավ եմ, քո գո՛րծը չէ, ես խնդրել էի չզանգել: Գրողի ծոցը դո՛ւ էլ Աննան էլ, դու կոտրեցիր իմ մեջ սերը, Աննան հավատը, հիմա դուք իրար կսազեք:
Բջջային հեռախոսը բազմաթիվ պտույտներով զարկվեց պատին:
Տատիկն ու քամին վախի՞ց թե անակընկալից քարացել էին:
Քամին սեղմվեց սենյակի մի անկյունում ու կարծես սսկվեց, իսկ տատիկի ոտքերը չկարողացան նրան պահել, ծալվեցին՝ կախվելով Լիլիի չհարդարված մահճակալից:

 * * *
Պատուհանի ապակուն բազմաթիվ թակոցներ էին, անձրևի կաթիլներն էին թակում, խնդրում ներս թողնել, պատսպարվելո՞ւ թե էլ ինչի համար անհայտ էր, բայց ներսում արդեն թափվում էին մեկ ուրիշ կաթիլներ, արցունքի կաթիլներ ու այստեղ արդեն ավելորդ կլիներ անձրևակաթիլների ներկայությունը:
Անտանելի էր նայել անձրևի դառը կաթոցներին ու Լիլին վեր կացավ տեղից:
Ով որ տեսներ նրա վեր կենալու ձևն ու քայլվածքը, երբ մոտեցավ պատուհանին, անպայման կբացականչեր.
- Անհավանակա՛ն է, մոգակա՛ն է, այսպիսի վստահ գեղեցկություն չի՛ լինում:
Կիսահագնված Լիլին բաց արեց պատուհանի փեղկերը:

- Գժվե՞լ ես այ աղջի, կմրսե՛ս, փակի՛ր: Սա ի՞նչ փորձանք էր, Աստվա՜ծ իմ, վերջապես կասես ի՞նչ է պատահել:
- Կորա՜վ, հասկանո՞ւմ ես, տա՛տ, կորա՜վ: Ամեն ինչ գնաց գրողի ծոցը:
- Դե լա՜վ, մի բան չէր, կանցնի կգնա, Նարեկի նման տղաների՞ ես դեռ հանդիպելու, դեռ ո՞ւր ես, կյանքը այնքան մատուցելու բաներ ունի, դեռ ջահել ես, Լիլի ջան, ամեն ինչ առջևում է: Կարևորը, որ ձեր միջև ոչ մի բան…
- Տա՜տ:
- Հաջա՜ն, պատուհանը փակի՛ր, թրջվեցի՛ր, ինչո՞ւ ես այդպես նայում այ աղջի սիրտս պայթեց, ասա՛:
- Տա՜տ, կորա՜վ ամեն ինչ, ա՛մեն ինչ:
Ափերով փակեց դեմքն ու արդեն չդիմանալով ներքին ցավին՝ վիրավորանքից սկսեց բարձրաձայն լաց լինել:
Տատիկը գլուխը կախ նույնպես լաց էր լինում:

 * * *
Դու նման ես բոլորին, դու էլ մի մասնիկն ես, չես կարող տարբերվել, այն ինչ խորթ չէ մարդու էությանը վաղ թե ուշ իրեն զգացնել է տալու ու քեզ տանելու է, տանելու մի աշխարհ, որտեղ դու քեզ զգալու ես թեթև ու անհոգ, ուսերիդ չես զգալու ոչ մի ծանրություն, իսկ ոտքերդ մի թեթև հպվելով հողին քեզ թռցնելու են դեպի շիկացած արևն ու այդ այրումից դու ընբոշխնելու ես եթերային կյանք կոչված մարմնական հաճույքը…
Դու նման ես բոլորին, որովհետև այն ինչ կատարվում է քո մեջ դեռ միլիոնավոր անգամ կատարվել է աշխարհում ու դեռ էլի՜ ու էլի՜ կատարվելու է…

Երջանկությունը սպիեր չի թողնում, այն այնքան կարճ կյանք ունի, որ չի հասցնում հիմնովին տեղավորվել քո կյանքում ու հեռանում է առանց զգուշացնելու:
Իսկ թախի՞ծը…
Նայիր թախիծի խորքերն ու կտեսնես թե ինչ բան է խորքային զգալ գույների այդ ներդաշնակությունը, թե ինչպես ես ինքդ դառնում խորքային…
Թախիծն այնքան գեղեցիկ է ինչպես սիրո հավերժ ծաղիկը՝ անհատակ, մեղեդիով լի, վստահ կանչող, այնպիսի հաստատուն ձայնով, որ կարող ես անընդհատ գնա՜լ ու գնա՜լ…միա՛յն նրանից կարող ես դուրս գալ երիտասարդացած, հանգստացած ու նոր ուժով լեցուն, պայքարելու այն մի փոքր ժամանակահատվածի հետ, որին մարդիկ կոչում են երջանկություն…
Կի՛ն, դու հզո՛ր ես բնության նման, դիմացկո՛ւն ու տոկուն, ի զորու պայքարելու հենց բնության դեմ ու դու դա հաստատ անում ես, հաճախ ենթագիտակցաբար…

 * * *
Փակեց պատուհանը:
Անձրևը դեռ գալիս էր:
Սկսեց հագնվել հաճախակի հայացք գցելով դեռ լաց լինող տատիկի կողմը:
- Լիլ, բա հիմա ի՞նչ ենք անելու:
- Տա՞տ, իսկ ի՞նչ է եղել, - ծիծաղը վախեցրեց տատիկին, որի հայացքը դարձավ պաշտպավող ու կարծես խղճահար:
- Տա՛տ, մի բան ասեմ ուրախանաս, ես սիրո՜ւմ եմ քեզ, հատկապես հումորդ:
- Ի՞նչ հումոր, Լիլ ջան հո հիվա՞նդ չես, թեյ բերե՞մ մուրաբայով:
- Ի՞նչ թեյ,  ա՛յ տատ, երազումդ ասածդ խոսքերից եմ ասելու:
- Վա՜յ ինձ թաղես, Լիլ ջան կատակ մի՛ անիր, գիտե՞ս չէ:
- Չէ՜, ի՞նչ կատակ, երազումդ ընկերուհուդ հետ խոսում էիր բարձրաձայն:
- Չի կարող պատահի, կմեռնե՛մ թե սուտ ասես: Բա դու ամոթ ասած բանը չունե՞ս:
- Տա՛տ, ի՞նչ գիտես ի՞նչ եմ ասելու:
- Փակի՛ր աղջի ջան բերանդ, խայտառակ հո չե՞ս:
- Երազումդ ասում էիր. « Ազգուշ ջան, չգիտեմ դու ո՞նց, բայց ես մի լավ վաղարշակոտվեցի»…
- …

* * *
Երբևե մտածել եք որ ածուխի և ալմաստի երկու կտորները դրանք նույն բանն են:
Ոչ մի տարբերություն չկա, ուղղակի ածուխը միլիոնավոր տարիներով գտնվելով երկրային շերտերի ճնշման տակ դառնում է ալմաստ, բայց երկուսն էլ ածխածնի նույն տարրական մասնիկներն են:

Քամին որ մինչ այդ լուռ էր կենդանացավ, վեր կացավ տեղից ու սուլելով գրկեց աղջկան:
Շոշափեց կուրծքը, իրանը, շուրթերը, ձեռքերով խաղաց կոպերի հետ, վազեց ազդրերով, համբուրեց արմունկները…
Աղջիկը չէր դիմադրում, հաճելի էր, քամին իր արական դերի մեջ էր ու նրան ոչ մի պայմանով ոչ ոք չէր կարող կանգնեցնել:
- Բաց արա՛ կուրծք:
- Ո՛չ, ի՛նքդ բաց արա:
Աղջկա մազերը քամու ձեռքերում էին, պտտվում էին խճճվում, հարվածում դեմքին…
Քամու ձեռքերը անսովոր էին կոճակներ քանդելուն ու անհամբերությունից քաշեց պոկեց բոլոր կոճակները:
- Դու ի՛մն ես, միայն ի՛մը…- Քամին չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ կուլ տվեց աղջկա կրծքերն… հաճույքը խո՜ւլ տնքում էր …
- Կգա՞ս ինձ հետ, իմ մոլորակը, որտեղ չկա՛ երջանկություն, չկա՛ դավաճանություն չկա՛ ոչինչ, որ կարողանա քեզ անհանգստացնել, այնտեղ իշխում եմ ե՛ս ու մեկ էլ իմ տիրուհին՝ Թախիծը: Պայմանը մեկն է՝ երբեք ներս չթողնել իմ քրոջը՝ Անձրևին:
-Կգա՜մ,- շշնջում էր աղջիկը,- Ինձ այստեղ պահող ոչի՜նչ չկա…

- Ո՞ւր ես գնում, Լիլի, այսօր կարծեմ դաս չունես:
- Մի քիչ ման կգամ ու կգամ տատ ջան, դու մի անհանգստացիր:
- Բալկոնների տակով չանցնես, կարող է քամին մի ծաղիկի գարշոկ կամ շիշ գցի գլխիդ:
- Լավ, տատ ջան:
- Ծառերի տակով չանցնես, էդ անխիղճները կտրած ճյուղերը մեկ մեկ թողնում են ծառի վրա, կարող է քամին…մեկ էլ չանցնես…
- Լավ, տատ, մեկ էլ ի՞նչի տակով:
- Մոռացա աղջի ջան…

* * *
Քամին գրկած աղջկան տանում էր մի նոր աշխարհ:
- Քեզ  տանում եմ տոնելու թախիծի տոնը, որը կարող ես վեր ածել մի հավերժության, քանի որ միայն թախիծն է ի զուրու տալ քեզ հարություն, բայց անպայման դու պետք է սովորես այդ արվեստը առանց ժամանակ կորցնելու:
Եթե չկարողանաս սովորել տոնել թախիծը դու ստիպված կլինես ընդունելու մահը:
- Նման պայման չի՛ եղել, բղավում էր աղջիկը:
- Դա նշանակություն չունի, դու արդեն ի՛մն ես, ի՛մը….

Լաց էր լինում աղջիկը ու արցունքի կաթիլները տարածվում էին տարբեր ուղղություններով, քամու իր ետևից թողած հետքն էլ ցիրուցան էր անում արցունքները, որոնք էլ որոշ ժամանակ անց դարձան անձրև ու սկսեցին թափվել ցած:
Քամին սպառեց իրեն, փորձ անելով ցրել, նոսրացնել կաթիլներին, բայց ոչինչ չստացվեց…

Վերջաբան

Աղջիկը դարձավ անձրև՞:
Ո՜չ:
Նա միայն հասկացավ, որ իր տեղ այնտեղ է, որտեղ իրեն հասկանում են:
Որտեղ ընդունում են այնպիսին՝ ինչպիսին որ կա:
Նրա տեղը այն ձեռերի մեջ է, որոնք նրան շոյում են ոչ որպես հրաշքի:
Նրա տեղը այն մարդու գրկում է, որը նրան սեղմում է իրեն ու շշնջում ականջին  ոչ թե.
- Դու հրա՜շք ես, - այլ
- Դու ի՛մն ես, ի՛մը…

Ս.Ումառ



Комментариев нет: