четверг, 24 августа 2017 г.

Ամա՜ռ

Թռա՜վ ինքնաթիռն ու տարավ…
Ի՛նձ տարավ քո աչքերում,
Քե՜զ տարավ իմ աչքերից,

Ու կարծե՜ս անհոգի մի դատա՜րկ -
Կախված մնաց երկնքից…

*
Բալենու մի այգի կարծես դատարկվե՜ց,
Հարո՜ւստ մի ամառ ավետեց տխրություն,

Դաշտային հարբած  մի քամի՜ օրորվեց,
Մեղեդին դարձավ մի աղմուկ…

*
Իրար փարվեցին կոպերը հոգնած-
Ինչպես մե՜նք էինք փարվել այն այգում,

Անիծվի ինքնաթիռն այն, որ տարա՜վ
Մի սե՜ր,  մի հավա՜տ անկոտրում…

*
Կարոտս հիմա մի թափառական
Կփարվի  մուրացիկ կանանց ստինքերին,

Ա՜փ նետված անհույս ձկների նմա՜ն
Կարոտս իր երախը բացուխուփ կանի…

*
Թարգմանեցի քեզ իմ մո՜ւթ մեղքերը,
Թաքուն հրճվեցի՜ խոստովանանքով,

Ա՜խ,  ո՞ւր են հիմա քո նուրբ ձեռքերը,
Որ շոյո՜ւմ էին իմ անցյալը գորշ…

*
Քեզ համար կպահեմ հրդեհնե՜րը իմ,
Կպահածոյացնե՛մ ժպիտնե՜րս տաք,

Գուցե արթնանա՞ խիղճն ինքնաթիռի
Ու նորից ետ գա՝ քեզ իր մեջ առած:

*
Հա՜վքը հեռվում է երգո՜վ մահանում
Մեռնող մա՜րդը մրմնջում է միշտ աղո՜թք,

Ես չգիտե՜մ, աղոթո՞ւմ եմ թե՞ երգում -
Մի աշո՜ւն է մոտենում ինձ անողոք:

*
Կտեսնե՞մ քեզ կյանքիս ճամփեզրին նստա՜ծ,
Չարը մի՛շտ ձաղկո՜ղ հայացքով հրակ,

Ու լույսի համը շուրթերով փորձած,
Կշշնջա՞ս ինձ.
- Քո Սե՜րն եմ, եկա՜…

Ս.Ումառ-Հարությունյան



Комментариев нет: