среда, 23 августа 2017 г.

Անվերնագիր



Իմ և Տիրոջ միջև
Միջնորդն ավելորդ է՝
Ե՛ս եմ, ի՛մ Տերն է-
Պատժելն ու ներելը…

Իմ գաղտնի՜քը
Միայն ե՛ս գիտեմ,
Թե մեկն էլ իմացավ՝
Գաղնիքն ի՞նչ գաղտնիք,
Ուրիշի գործերի մեջ քիթը խոթելը
Վաղո՜ւց,  շա՜տ վաղուց
Դարձել է հարգի…

Ասում եմ.
- Տե՜ր հայր, քեզ ի՞նչ եմ արել:
Ասում է.
- Ի՞նձ, ոչինչ չե՛ս արել, Տիրո՛ջն ես արել.
Է՜, ե՛ս եմ, իմ Տե՛րն է, Պատժե՜լն ու ներելը -
Անհասկանալի է թե ի՞նչ է ուզում
Միջնորդ  տերտերը:

Նույնիսկ սիրո մեջ
Միջնո՜րդ է դարձել,
Մեկին հնազա՜նդ,
Մեկին տե՜ր կարգում…
Դե եկ բացատրի՛ր, որ այս աշխարհում
Հնազանդներին ո՛չ ոք չի սիրում…

Ա՜յ անհնազանդը -
Փոթորի՛կ է գիժ,
Ցնդած ալի՛ք է ժայռերին բախվող,
Կի՜րք է ու հզո՛ր ճայթող կայծակից,
Որի հարվածից երկար ժամանակ
Ուշքի չես գալիս…

Պտուղն արգելված
Չի՛ լինում Դառը,
Քա՜ղցր է, ցանկալի՜ ու հյութեղ այնքա՜ն,
Որ իրեն հարգող տեր-տղամարդը
Ամե՜ն ինչ կանի հասնելու համար:

Իսկ հնազանդին  կտանի գայլը՝
Որպես ուտելիք ձագերի համար,
… Այդպես է դրված աշխարհի Բանը՝
Կամ կերակուր ես
Կամ ուտող բերան…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: