среда, 23 августа 2017 г.

Մոռացում

Մոռացումը՝
մի մե՜ծ դույլ մոխիր,
որ ժամանակի՜ կամ էլ խե՛նթ քամու
բութ քայլափոխին,
տարածության մեջ
ցրվո՜ւմ է,
կորո՜ւմ…քեզ թողնում մենակ…

Ասե՜ս կորցնո՜ւմ ես ցնորք ուղեկցիդ
ու վերափոխվում ես
դառնում մի  հենակ,
Հենակ խոհերի՜
մտքի՜ կամ
հիշողությա՜ն…

Ու ծա՛փ է տալիս հոգնած թթենին,
ճյուղերն իր կոտրում -
հանուն հաշտության
քո և կորստի:

… Հաշտվո՜ւմ ես ստիպված,
որ արևն արդե՜ն էլ ծիծաղ չունի՜,

Խոսքը քեզ ուղղված
բլո՛ւր է ճաղատ
անձրևների տակ,

Ստիպված հանձնվո՜ւմ ես
կյանքի քմայքին
ու իրիկնանո՜ւմ է օրն անհարազատ…

Ու օրը մենա՜կ,
ու հոգին մենա՜կ,
ու շագանակագույն մի սարսո՜ւռ թևած,

Հանգչո՜ւմ են կապույտ երազանքնե՜րդ
մոռացումի տակ …


18.08.17   Երևան

Комментариев нет: