среда, 23 августа 2017 г.

Ու ափիդ մե՜ջ Ծիծա՜ղն է խաղում



*
Պարզել ես ա՜փդ,
Պա՜րզ երևում է ճակատագիրս,
Որը նաև քո՛նն է, բայց չգիտես ի՞նչու
Դաջված ճակատի՜ս,
Ու…քո աչքերում,
Որ մշուշո՜տ նայում են մառախուղին ու եղյամին-
Կարոտի հույզից
Շփոթվա՜ծ, շիկնա՜ծ…

Մեկնո՜ւմ են աստղերը
Լռության կապույտ երազները,
Ու փայլո՜ւմ
Զարմացած…

*
Կվերադարձնե՞ս աչքերս,
Որտեղ որ Դո՛ւ ես ու տխո՜ւր մի
Ցտեսությո՜ւն…
Թե՞ մարմինդ կազատես գարնան խոնավ
Առավոտի՜ց
Ու կդառնա՛ս
Փրկությո՜ւն…

*
Գիտե՞ս, անմարդաբնակ են դարձել օրերս՝
Խնկահո՜տ ու ծո՜ւյլ,
Ու ցերեկվա բոլո՜ր ստվերները, որ քո տե՜սքն ունեն՝
Սև չե՛ն այլ բոսո՜ր
…ինձ հիշեցնում են մենավոր մի ծա՜ռ
Արմատներով խոր,
Չորացա՜ծ, բայց դեռ կանգուն
Հույսո՜վ, հավատո՜վ…

*
Սրտումս անբարիր համբերություն-
Զառամյալ շա՜ն նման
Հոտոտեցի քո մանկության
Փողոցնե՜րը,
Մանկապարտե՜զն ու դպրո՜ցը…

Ցավո՜ք,  չգտա՛ առվակն այն փոքրի՜կ,
Որին մոտեցե՜լ ես տոտիկ առ տոտիկ
Ու կախել ոտքե՜րդ
Սրտում առվակի:
Խենթացրել ես նույնիսկ նրա՞ն,
Ինձ ճի՛շտն ասա, սիրելի՜ս…

Ո՞ր ճամփով է նա հեռացել-
Եկել լցվել սիրտը իմ…

*
Շուրթերիս կարո՜տ,
Շուրթե՜րս կարոտ՝
Ա՛փդ է մեկնվել դեպի ինձ,
Դե ասա՜, արտասանիր անո՛ւնս,
Որ չարտասանեցիր,
Երբ մեզ գետին տապալեց
Հառաչանքի մի ալիք:

Ու գետի՜նն էր ամպոտ,
Ու մարմի՜նդ էր ամպրոպ,
Ու հեռացար դո՜ւ …
Մնա՜ց մի կարոտ,
Մի՜ մխիթարա՜նք՝
Անթև՜,  անգլո՜ւխ,

Մի ճակատագի՜ր
Անսի՜րտ, անողոք…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: