суббота, 4 апреля 2015 г.

Կիրակնօրյա


Ուզում ես արբե՜լ…
Չգիտես ի՞նչով,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես ինքդ քո մեջ խենթանալ,
Որ Ժամանակի զազրելի ձեռքը
Քո միջից անհետք հեռանա:

Ուզում ես արբե՜լ
Չգիտես ի՞նչով,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես լսել
Կիսաքուն քամու խռմփոցը խուլ,
Ուզում ես լսել ե՛րգը ճնճղուկի,
Ուզում ես աչքերդ անընդհատ ծակի
Խնկարկու Աստղիկի փայլը ստինքների,
Ուզում ես արբե՜լ, չես ուզում լսել
Մահին մոտեցնող վայրկյանաչափի
Քայլը ահռելի:

Ուզում ես արբե՜լ
Ուզում ես մեղմե՜լ
Հողին մերձեցող ոտքիդ տառապանքը,
Որ բիբերիդ մեջ էլ չծիծաղի
Դարի մեղավոր սիրտը սնուցող
Խարդախ ու անխիղճ Ժամանակը:

Բարձրացնում ես երազանքիդ գավաթը լի
Բառերո՜վ
Հույզերո՜վ
Մտքերո՜վ…
Ու խլում է քո գավաթը քո ձեռքից
Ժամանակն իր զառամյալ մատներով:

Խորհրդավոր կապույտից,
Վարդի գույնից նոր ծնված,
Մի երա՜զ է կաթկթում
Պոեզիայի գրքից բաց…

Փշուր-փշուր են լինում հատակին
Բառե՜րդ
Հույզե՜րդ
Մտքե՜րդ՝ մանկան մարմնի պես անաղարտ,
Չգիտես ի՞նչու,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես արբել անընդհատ…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: