четверг, 30 апреля 2015 г.

Ապրե՜լ



Մաս առաջին

Ապրե՜լ…

- Քեզ հարկավո՛ր է ժպտալ, հարկավո՛ր է, որ դեմքդ մի քիչ պայծառ լինի, հասկանո՞ւմ ես ինձ:
- Մա՛մ, լա՜վ էլի, ի՞նչ ես ուզում:
Մայրը զգաց աղջկա հետաքքրքրասիրությունն իր հայելու առաջ պտտվող մարմնի կազմվածքի նկատմամբ:
Ձեռքերով շփեց կոնքերը, կուրծքը, ուղղեց սանրվածքը:
- Տեսնո՞ւմ ես ինչպես եմ պահպանվել, սովորի՛ր, հասուն աղջիկ ես, իսկ հագնվում ես սարերում ման եկող երկրաբանի նման, ի՞նչ է փող չունենք, թե՞…
Աղջիկը վեր կացավ, հավաքեց սեղանին մնացած սուրճի երկու բաժակը, շրթներկով ներկված ծխախոտի մնացուկներով լի մոխրամանն ու մինչ խոհանոց գնալը ցածր ասաց:
- Ավելի լավ է քիչ ծխես, խեղդեցի՜ր:
Խոհանոցից լսեց մոր զրնգուն, կյանքից գոհ ձայնը:
- Իսկ քեզ դուր եկա՞վ իմ նոր ընկերը, իրավաբանականի ուսանող է:
Պատասխան չստանալով մայրն մատների արանքում վառած հերթական ծխախոտը բարձր բռնած ինքը գնաց խոհանոց,
- Մա՛մ, նա իմ տարիքին է, քեզ չի սազում, հարևաններն ի՞նչ կասեն:
- Թքա՛ծ, գիտես ի՞նչ խորամանկն է, երեկ հասկացրեց, որ իրեն դուր են գալիս «Wolkswagen passat»  մեքենաները, կառնե՜մ, ձեռքս քարի տակ չէ, այսօր էլ ռեստորան ենք գնում:
- Մա՞մ, դու ինձ խոսք էիր տվել…
- Բավակա՞ն չէ փողերը ծախսես այդ բոմժերի, հաշմանդամների, որբանոցների, եկեղեցական այդ ձրիակերների վրա, ամուսնուս փողերը դրանց համար չեն, վայելի՛ր կյանքը, լսի՛ր մորդ, չե՛ս փոշմանի:
- Մա՛մ, ո՞ր ամուսնուդ:
- Բոլորի, հետո ի՞նչ որ հինգն են եղել, դա դեռ ոչինչ չի նշանակում:
Մայրը դերասանուհու շարժումով ոտքը դրեց խոհանոցի փոքրիկ աթոռին ու հաղթանակած հայացքով նայեց դստերը:
- Լա՜վ, կտա՜մ, բայց ճիշտ չես ապրում: Դու երբևէ ծիծաղած կա՞ս:
- Չե՛մ հիշում:
- Ի՞սկ լաց եղել ես, ես ինչ որ չեմ հիշում:
- Լա՞ց, այո մի անգամ, երբ տասներկու տարեկան էի, թաքուն լաց եմ եղել, զուգարանում:
- Ինչո՞ւ, չի կարող պատահի, որ ես քեզ նեղացրած լինեմ, դա բացառվո՛ւմ է:
- Դու ժամանակ չես ունեցել նեղացնելու, - կծու թե միամիտ ասված խոսքերը երևի տեղ չհասան:
- Ի՞սկ ով:
- Ամուսինդ, բռնաբարել էր ինձ:
- Ի՞նչ, ո՞ր մեկը, ստո՛ւմ ես, ասա՛,  որ ստում ես:
Աղջիկը կռացավ գետնից վերցրեց մոր մատներից ընկած դեռ ծխող սիգարետը, օգնեց մորը նստելու աթոռին ու երկար նայեց աչքերի մեջ:
Ի՞նչ տեսավ, ի՞նչ զգաց, չհասկացավ ու գրկելով մորն ասաց:
-Ստո՛ւմ եմ, մամ ջան, ստո՜ւմ եմ, հանգստացի՛ր, աչքիդ ներկը ծորացել է այտիդ…


Մաս երկրորդ

Ապրե՜լ, միայն ապրել…

«Հաղթանակի կամուրջ»… հասկանալի է անվան ծագումը, (միգուցե կյանքին հաղթած մահվան պատվին են այդպես անվանել), իսկ այ  «Կիևյան կամուրջ»-ի անունը անհասկանալի է, երևի պետք է լիներ «Հրաժեշտի կամուրջ»…իր կառուցման օրից քանի մարդ է հրաժեշտ տվել կյանքին…

Կամուրջի վրա երկուսով են:
Երկու տխուր հայացք, երկու մենակություն, դեպի ներքև նայող երկու զույգ աչքեր…
- Բա՜րձր է, գեղեցի՜կ,- ասաց աղջիկը: Վերևից էլ կարծես գետի հունը մի հարբած մարդ է գծել, համաձա՞յն ես:
- Չգիտե՜մ, - ասաց տղան:
- Այդ ո՞ւր ես նայում, ներքև նայիր, իրոք գեղեցի՜կ է:
- Մեքենային ձեռք չտան հանկարծ, կամուրջի սկզբում կանգնեցրինք, հարմար տեղ չէ:
- Մեքենա՞, մի՞թե դա մեքենա է, իր դարն ապրած, ինչո՞ւ ես անհանգստանում:
- Դե իմ ունեցածն էլ դա է, տեսել եմ մայրիկիդ մեքենան, լա՜վն է:
Տղան նայեց ժամացույցին:
- Ինչ որ տեղ ես շտապո՞ւմ: Այսօր մի տեսակ տխուր ես, բա՞ն է պատահել:
Տղան բացասական շարժեց գլուխը:
- Շտապո՞ւմ ես:
Նորից գլխով ասաց ոչ:
- Ես գիտեմ ինչպես բարձրացնեմ տրամադրությունդ, կսպասե՞ս մի քիչ, շատ քիչ համբերիր ու…
Աղջիկը վազեց դեպի կամուրջի հակառակ կողմում վաճառվող պաղպաղակի կրպակի կողմը:
«Գեղեցիկ է վազում, անհամբեր» - մտածեց տղան:

Երբ աղջիկը վերադարձավ տղան չկար:
Նայեց կամուրջից ցած, հետո վազելով  հատեց կամուրջի լայնությունն ու մյուս կողմից նայեց ցած:
Զանգահարեց տղայի համարով – անջատված էր:
Վախից լայնացած աչքերով նայեց դեպի տղայի մեքենայի կողմը:
Մեքենան չկար:
Ծիծաղեց, մի-մի փոքրիկ կտոր կծեց ամեն պաղպաղակից ու երկուսն էլ գցեց կամուրջից ցած…

Վերջաբան

Ապրե՜լ… Ապրե՜լ… Ապրե՜լ…

- Քեզ հարկավո՛ր է ժպտալ, հարկավո՛ր է, որ դեմքդ մի քիչ պայծառ լինի, հասկանո՞ւմ ես ինձ:
- Մա՛մ, լա՜վ էլի, ի՞նչ ես ուզում: Երեք երեխայի հետ քեզ ինչպես թողնեմ որ գնաս:
- Ես շատ անգամ եմ եղել ծովափում, հավատա, վայելի՛ր կյանքդ, լսի՛ր մորդ, չե՛ս փոշմանի:

* * *
Սև, լայնեզր գլխարկով, գեղեցիկ կազմվածքով մի կին էր նայում ծովին:
Քիչ այն կողմ երեք երեխաներ ծովավազից մարդ էին ծեփում ու նրանց ուրախ ձայները խառնվում էին ծովից եկող, ականջ շոյող ալիքների ձայներին:
Օրն ավարտվում էր ու հոգնած արևը հորիզոնում, իր վերջին ուժերով փորձում էր հարթեցնել ծովի մակերևույթը… ստացվո՜ւմ էր:

Կինն ավելի մոտեցավ ծովին ու ջուրը գուցե հաճույքից բարձրացավ մինչև ծնկները:
Կնոջ խիստ հայացքը սաստեց ջրին ավելի վեր չբարձրանալու համար:
Ձեռքը մտցրեց ցելոֆանե տոպրակից հանեց այրված մահվան վկայակաների մոխիրը:
Ափը բացեց, պարզեց քամուն:
- Հաջողությո՜ւն,- կարծես  ինքն իրեն ասաց:
- Շնորհակալությո՜ւն, - կարծես քամու ձայնը պատասխանեց:

Բարձրաձայն բղավեց.
- Երեխաներ, պաղպաղակ ուտելու ժա՛մն է, գնացի՜նք:
Երեխաները մոռացած ավազե մարդուն վազեցին դեպի տատիկը:

Ծովափը դատարկ էր կամ համարյա դատարկ՝ միայնակ կանգնած էր ավազե մարդը, որին քիչ հետո ծովի ալիքները կտապալեին ու կվերադարձնեին իր նախնական տեսքին՝ ավազահատիկների…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: