* * *
Ոտքերի տակ
սայթաքող ասֆալտ
Ու հեռո՜ւ
գնացող ճանապարհ…
Հասկանա՜լի
է,
Բնակա՜ն է,
Աստծունը՝
Աստծուն,
Կեսարինը՝
Կեսարին,
…Անձրևի տակ
հաշմանդամ մի տղա
Այտն է
սեղմել ջութակին:
Փողոցը
դատա՜րկ,
Հոգին՝
հաշմանդամ,
Բառերն ո՞ւմ
համար են
Աստծո՞ւ,
Կեսարի՞ թե՞
Հաշմանդամի՞…
Ոչ մեկին
հարկավոր չեն բառերը -
Այրված ձեռագրերով
Իրենց
կոկորդն են լցրել
Դեպի Վե՛ր ձգված
ծխնելույզները:
Թաշկինակն
արյունոտ է հազից,
Ուսերին
կարծես աշխարհի բեռը,
Ու փախել է
անձրևից
Ո՞վ
Նվագող
տղա՞ն թե՞ Տերը…
Նվագում է
տղան -
Ոտքերի տակ
սայթաքող ասֆալտ,
Հասկանո՜ւմ
է,
Բնակա՜ն է,
Աստծունը՝
Աստծուն,
Կեսարինը՝
Կեսարին,
Անձրևի տակ
մի տղա է հույսը դրել ջութակին:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий