Սո՜ւս…բախվեցին
երկու Հոգիներ…շիկնեցին ու կես քայլ հեռացան իրարից:
Ավելին
չկարողացան և չէին էլ ցանկանում – շփումը հաճելի էր:
Համահունչ
լինելու ծածկոցը փաթաթվեց նրանց ու ժամանակավորապես վերացրեց իրական աշխարհից:
-
Ինչո՞ւ ես բղավում, - շշնջաց նրանցից մեկը, նուրբ հպվեց ու շոյեց մյուսի ձեռքը:
-
Ե՞ս,- կարծես առաջին անգամ նայեց իրեն կողքից:
-
Մեզ ոչ ոք չի լսում, բայց ես ուզում եմ որ լսեն, մի՞թե ամոթ է, սերն արդեն պատրաստ
է, եռում է արդեն ու այն պետք է վերցնել կրակի վրայից, լցնել բոլոր ափսեները, պետք
է բոլորին բաժանել փայտե գդալներ, ու հետո դունչը հենած ձեռքերիդ նայել, նայել ժպտալով թե ի՞նչպես են
ուտում, շտապ՝ այրելով քիմքը, անհանգիստ պոկելով հացը ու պահելով գդալի տակ, որ
հանկարծ ոչ մի կաթիլ չթափվի:
Թե
ի՞նչպես են ափսեն թեքում ու վերջին կաթիլները հավաքում գդալի մեջ:
-
Ի՞նչ ուրախություն է նայել նման տեսարանին, չէ՞:
-
Մի՛ բղավիր, ականջներս…
-
Լա՛վ,- շշնջաց մյուսն ու համբուրեց ձեռքը, որից գալիս էր թարմ հացի հոտ:
* * *
Պատուհանից նայում էին զույգ աչքեր:
Բակում եռուզեռ էր, ինչ որ մարդիկ ինչ որ շինանյութ էին բերել,
ինչ որ բան էին փորձում կառուցել:
Սիրտն անհանգիստ էր, այնքան անհանգիստ ինչքան որ կարող է լինել
միլիոնավոր անգամ բաբախելուց հետո…
« Ոտքերս այն չեն, թե չէ կիջնեի, սիրտս վատ բան է գուշակում,
իսկ իմ սիրտը չի սխալվել երբեք:
Քնելու էլ ժամանակ է գտել, չեմ հասկանում ի»նչքան կարելի է
քնել, այդ ի՞նչքան է մնացել ապրելու, որ դեռ քնում է: Վա՜յ, մեղա քե՛զ, վա՜յ»:
Խաչակնքեց ու հազիվ շարժելով ուռած ոտքերը գնաց դեպի բազմոցը:
- Հարո՞ւթ,վե՛ր կաց, Հարո՛ւթ, այ մարդ քնելու ժամանա՞կ ես
գտել:
Տղամարդը շարժվեց բազմոցին, շուռ եկավ, թվաց թե չարթնացավ,
բայց կանչում էր նրան մի ձայն, ձայն որը միշտ հաճելի եղել արդեն միլիոներորդ
անգամ:
- Ի՞նչ ես ձայդ գլուխդ գցել, ի՞նչ է եղել:
- Բակում շինարարություն է, հասկանո՞ւմ ես
- Հետո ի՞նչ, առաջին անգամ է ի՞նչ է:
- Այ մարդ ո՞նց չես հասկանում, նոր նստարաններ են տեղադրում,
կարմիր, դեղին գույների:
- Եվ…ի՞նչ է, լա՞վ չէ, դա ի՞նչ է որ այդպես…
- Չես հասկանո՞ւմ, նորը տեղադրելով հները հանելու են, Հարութ
բա մեր նստարա՞նը՝ պուրակի վերջին նստարանը, հիշո՞ւմ ես, մի՞գուցե նա արդեն հանել
են, խնդրում եմ գնա նայիր, ա՜խ, այս անիծված ոտքերս, ես կգնայի բայց հաստատ տեղ
չեմ հասնի, խնդրո՜ւմ եմ, գնա, հա՞:
* * *
Սո՜ւս…բախվեցին
երկու Հոգիներ…ձայները կորցրեցին իրենց իմաստը…չէ որ ինչի մասին որ նրանք խոսում
են պետք չէ բղավել ոչ կամուրջների վրայից, ոչ տանիքներից, ոչ ցանկապատներին է պետք
գրել, ոչ մետրոյի պատերին…
Դա
կատարյալ լռությունն է երկնային զգացմունքի, որն անցնում է մաշկի միջով, մտնում
է…բայց մի րոպե, ի՞նչ մաշկ, չէ որ Հոգիները մաշկ չունեն:
Հոգիներից
մեկը, որն ավելի հասակով էր, նայեց մյուսի աչքերի մեջ ու նորից շիկնեց այն կրակից,
որը ձգտում էր դուրս գալ մյուսի միջից:
-
Բղավի՛ր…- շշնջաց հասկանալով մյուսի դրությունը:
-
Բղավի՛ր, ավելի բարձր… թո՛ղ աշխարհում ինչ որ բան կոտրվի,- սեղմեց մյուսի ձեռքը,
նայեց ներքևից վեր հույսով…
-
Ես այդպես էլ ապրում եմ,- տխուր ժպաց:
Սո՜ւս…Երկու
հոգի թռան գնացին իրար կողք-կողքի լողացնելով իրար հրաշալի ու լուսավոր
էներգիայով, զգալով կողքինի թևերի ամեն մի շարժում…մի՞թե կարելի այլ կերպ, երբ
թռչում ես կողք-կողքի…
Տիեզերքն
իր ափի մեջ զգաց ձյան փաթիլի ծանրությունն ու բաց թողեց մոտակա ծառի վրա…ծառը
ժպտաց նրան ի պատասխան:
Տիեզերքն
էլ ժպտաց…և ծառին և Հոգիներին…
* * *
Պուրակի ծառածածկ տեղերից մեկում մի նստարան էր՝ հարազատ
նստարան:
Ամեն աշնան, երբ որևե մի տերև առաջին անգամ ընկնում էր
նստարանի վրա, նստարանը ցավալի բղավում էր, նստարանի համար աշնան առաջին տերևը դա
ևս մի անցած տարի էր, կյանքից գնացած ևս
մեկ տիեզերական ակնթարթ, լցված հուշերով ու բառերով, այնպիսի բառերով, որ
միայն նա էր լսել իր հիսնամյա տարիքում:
Ամեն մի տերև դա մի բառ էր, որ մոռացվում էր հաջորդ տարի:
Բառերը դրանք տրամադրություններ են, նրանք չպետք է ընկնեն
գետնին, բայց չէ՞ որ ամեն ինչ ունի վերջ, բառերը նույնպես, իսկ աշնան բառերն
առավել ևս, քանի որ աշունն ինքը հուսալի տրամադրություն չէ՝ սկիզբն է վերջի:
Այդ ժամանակ բառերն այլ են լինում, ինչպես անձրևի ժամանակ,
արևի ժամանակ երբ լեզուդ բերանիդ մեջ պարում է մի ուրախ պար ու ցանկանում դուրս
գալ, գնալ պտտվել աշխարհով մեկ պատմել, պատմել…
Երբ հասավ պուրակի վերջը՝ հին նստարանը չկար: Փոխարենը մեկ
ուրիշ նստարան էր, երկաթյա՝ ներկված գունավոր գույներով:
Տեսքից գեղեցիկ էր, բայց կարծես սառնություն էր փչում նրանից:
Փորձեց զգույշ նստել, ստացվեց:
Փորձեց խոսել նստարանի հետ, չստացվեց:
Նստարանը խուլ ու համրի նման լուռ էր:
Լուռ մնաց և այն ժամանակ երբ տղամարդու աչքերից կաթացին երկու
արցունքի կաթիլ:
* * *
Գիտեր, որ կինն անհամբեր սպասում է ու չի հեռանա դռան մոտից:
Ճիշտն ասելը կսպաներ հիշողությանը, իսկ առանց հիշողության
մարդը տեղ չունի այն երկնքի տակ, որը կոչվում է կյանք, անցյալ, հույս, հավատ,
սպասում…
Բակից նայեց իրենց պատուհաններին:
Կարկատած վարագույրների մեջտեղում, ծաղկամանի մեջ մի կարմիր
ծաղիկ էր, որի անունը այդպես էլ չիմացան:
Դա նվեր էր բոլոր այն մարդկանց ովքեր նայում էին նրանց
պատուհաններին:
Չէր շտապում տուն գնալու ու չսպասելով վերելակին՝ ոտքով
բարձրացավ:
Չէր սխալվել, դռան մոտ լսեց ներսից եկող կնոջ անհանգիստ ու
արագ շնչառությունը:
… - Դե ի՞նչ, Հարութ, ասա՛:
- Դու կախարդ ես, բարի ու…
- Այ մարդ մի՞թե դրա ժամանակն է, շուտ արա՛, ասա՛:
- Հասա այն պահին երբ ցանկանում էին հանել Մեր նստարանը:
- Հետո՞,- կինը ձեռքը տարավ սրտին:
- Աշղեկը մի լավ տղա դուրս եկավ, անունն էլ մեր տղայի անունից՝
Արման:
- Մեռնեմ ես իրան, իրա երեխեքին, տեսնես հիմա այդ
ամերիկաներում ի՞նչ է անում, հետո՞:
- Բացատրեցի, խնդրեցի, ասացի որ միևնույն է ծառերի մեջ նա չի
երևում: Մի խոսքով նստարանը մնաց: Ուզո՞ւմ ես քեզ տանեմ, վաղը կամ մյուս օրը:
Կնստենք, կհիշենք…
- Շատ եմ ցանկանում, բայց ոտքերս, չեմ հասնի, Հարութ նստեցի՞ր:
- Իհարկե, գիտես նույն զգացողությունն էր ինչ առաջ էր:
- Առանց ինձ նստեցի՞ր, դավաճան…չէի սպասում քեզնից:
Տղամարդը երկար նայեց կնոջ աչքերին:
- Ի՞նչ:
- Անահիտ, չեմ հասկանում ինչու տրամադրությունս տեղը չէ:
Միգուցե հիշողություններս են գլուխ բարձրացրել, սիրտս թեյ է ուզում, կոնյակով, մի
քիչ կա՞ շշի մեջ:
- Քեզ չի կարելի, սիրտդ:
- Մի քիչ նստեմ, հիմա ինձ ամեն ինչ կարելի է, ես դա զգում եմ:
Բազմոցին նստած նայում էր պատուհանին:
Չէր ցանկանում մոտենալ ու նայել դուրս, որտեղ հին նստարանները
փոխարինվում էին նորերով:
Կինը թեյը բերեց, դրեց ամսագրերի սեղանիկին ու նստեց կոզքը:
- Հարութ հիշո՞ւմ ես թե ինչ պես առաջին անգամ ինձ սեր
խոստացար, Մեր նստարանին:
- Երրորդ դասարանում էի չէ՞, դու էլ առաջին, դահլիճի
նստարաններից մեկի վրա:
- Այ մարդ խելքդ գցե՞լ ես, ես Մեր նստարանն եմ ասում, պուրակի:
- Ես չէ, դու առաջինը խոստովանեցիր, լավ եմ հիշում:
- Լրիվ խելքդ գնացել է, թեյդ խմիր, կսառչի:
- Կոնյակով է չէ՞:
* * *
Դպրոցի դահլիճի նստարաններին այն երեխաներն են, որոնց ծնողները
այս կամ այն պատճառով ուշանում են:
Բոլոր ծնողները գիտեն այդ մասին ու դրանից հանգիստ, չեն
շտապում, համոզված լինելով որ երեխաները դուրս չեն գա փողոց:
Նստարաններից մեկի վրա երկու երեխա՝ երրորդ և առաջին
դասարանցիներ, հաց երշիկ են ուտում:
- Քո անունն ի՞նչ է, իմը Անահիտ:
- Հարություն Սեդրակյան:
- Դու ինչո՞ւ կիսեցիր քո հացն ու երշիկը, չէ որ դա նշանակում է
որ ինձ սիրում ես, բայց դու ինձ չես ճանաչում:
- Ոչ, դա չէ սերը, սերը երբ ամբողջ օրը շնիկիդ մենակ ես
թողնում ու երբ գալիս ես տուն նա լիզում է քո ոտքերը, թռվռում քո կողքը,
ուրախանում որ եկել ես:
- Դու չգիտես, ի՞նչ կապ ունի շունիկը, սեր դա նա է որ երբ չես
սիրում դու չպետք ասես ՛՛ես քեզ սիրում եմ՛՛ եմ, իսկ եթե սիրում ես պետք է
անընդհատ ասես ՛՛ես քեզ սիրում եմ՛՛, մեծերը դրա մասին մոռանում են, իսկ փոքրերը
միշտ հիշում: Ուզո՞ւմ ես մամայիցս հարցնենք, նա շուտով կգա:
- Դու ինձնից փոքր ես, չգիտես, սերը երբ քո անունը արտասանում
են մի ուրիշ ձևով, ու դու վստահ ես լինում, որ քո անունը նրա բերանում ապահով է,
հասկացա՞ր, այ որ դու էլ երրորդ դասարան հասնես…
* * *
- Հարութ, քնո՞ւմ ես, դե խոսիր, այդքան քնե՞լ կլինի:
- Թող քնեմ, մի քիչ վատ եմ զգում, չվախենա՛ս, կանցնի:
- Բա խոստացար վաղը տանես պուրակ, լավացիր խնդրում եմ, սի՞րտդ
է:
- Չէ, ինչ որ բան կա կոկորդումս:
- Իմ հիմար խելքն ասա, որ կոնյակ կաթացրի թեյիդ մեջ: Չես լսում
էլի, որ բան եմ ասում:
- Անահիտ, հիշո՞ւմ ես, իմ նամակը բանակից: Այն անանուն նամակը
որ ուղարկել էի քեզ:
- Անանուն չէր, ինձ էր ուղարկված քո կարճ խելքով դրան անանուն
ես կպցնում:
- Պահե՞լ ես, թե…
- Պահել եմ, քեզ ի՞նչ եղավ այ մարդ այսքան տարի չես հիշել ու
հանկարծ…
Հարութ, ճիշտն ասա, նստարանը տեղո՞ւմ էր, գիտես ի՞նչ եմ
մտածում, որ դա մենք ենք, հասակ առածներս, եթե դա վերացնեն նշանակում է մեզ են
վերացնում, հիմար եմ չէ՞, ինչեր են անցնում մտքովս:
- Անահիտ, ամեն ինչ վերջ ունի, շունչս կտրվում է, բայց մի բան
եմ ուզում խնդրել:
Խոստացիր, որ ինձ նման չես դավաճանի, առանց ինձ չես նստի այն
հին բարի նստարանին որ միշտ մեր հիշողությունից դուրս չի գալիս: Ինձ դավաճան
ասացիր: Երևի տեղին էր, ես չպետք է նստեի առանց քեզ: Խեղդվում եմ, կարո՞ղ ես
շտապօգնություն զանգել…
Բակի նստարանները գեղեցիկ են, կարմիր ու դեղին գույներով:
Երկաթյա են, սառը:
Արևը տաքացնում է ուժերի ոչ լրիվ չափով, բայց սև շորեր հագած
Անահիտը, որ մի կերպ իջել էր տանից ու հասել բակի նստարանին, շոգում էր:
Նայեց իր պատուհանին, ծաղկամանի մեջ գլուխը կախել էր մի կարմիր
ծաղիկ, որի անունը այդպես էլ չիմացավ:
Ձեռքը մտցրեց ու ծոցից հանեց մի խունացած կապույտ ծրար:
Սեղմեց աչքերին, ծրարը թրջվեց:
Հանեց միջի նամակն ու մոտեցրեց աչքերին:
« Բարև Մարդ, ես տխրում եմ առանց քեզ:
Ամեն գիշեր դու երազում ինձ ժպտում ես:
Եթե մնացած ծառայողները հաշվում են իրենց տուն գնալը օրերով,
ես իմ տուն գալը հաշվում եմ քո ժպիտներով:
Ինձ ժպտացել ես երեք հարյուր քսանվեց անգամ, մնացել է չորս
հարյուրչորս ժպիտ:
Այդպես այնքան հեշտ է ապրելը:
Հիշո՞ւմ ես քո խոսքերը. «Դու ինչու կիսեցիր քո հացն ու երշիկը,
չէ որ դա նշանակում է որ ինձ սիրում ես…»
Հիմա ես էգոիստի նման չեմ ցանկանում քո ժպիտները կիսել
նույնիսկ քո հետ:
Դրանք իմն են…
Պետք է խոստովանեմ որ դու ճիշտ էիր, երբ կիսում ես քո ունեցածն
ուրիշի հետ ու ոչինչ չես պահանջում փոխարենը…ես հիմա հասկացա այն, ինչ դու ասել
էիր փոքր ժամանակ…
Քնելու ժամն է, կներես, առավոտյան վաղ ենք արթնանում…
Չմոռանամ ասել, որ հենց հիմա մնաց չորս հարյուրերեք ժպիտ…
Բարի գիշեր Մարդ:
Հ.Գ.
Քո աչքերում ես եմ, աչքերով չփնտրես ոչ մեկին, այնտեղ էլ տեղ
չկա:»
Նամակը սեղմեց կրծքին ու աչքերը փակեց:
…Նրան այդպես էլ գտան
հարևանները, անշունչ, նամակը սեղմած կրծքին:
*
Սո՜ւս…երբ
հանդիպում են Հոգիները, բախվում իրար հետ նրանց իրականությունն այլ է, միայն թե
աշխարհն ունենա այնքան իմաստություն որ ընդունի նրանց…
Ս. Ումառ օգոստոս 2013
Комментариев нет:
Отправить комментарий