пятница, 25 июля 2014 г.

Օրս չընդունված (բանաստեղծություն)



« Նույնիսկ ամենակատաղած գազանն ունի խղճի մի կաթիլ,
Իսկ ես եթե չունեմ, ուրեմն գազան չեմ…
Շեքսպիր
Ռիչարդ III

«Լռիր, կամ էլ ասա միայն այն, ինչն ավելի  լավ է լռությունից…»
Ս.Ումառ


Նորածին արևի մի քանի վայրկյան առաջ ծնունդը արդեն կատաղեցնում է
Օրը գժվում է աչքերիս առաջ՝ անամոթ ու շոգ…
Օրը ժամացույցի վրա իր երգն է երգում՝ թվերով …
Օրը ծերանում է ժամերով,
Օրը նվեր է քեզ, բայց չես ընդունում…
Օրը խելացնոր,
Օրը անպարկեշտ
Քայլում է քեզ հետ…

Քաղաքի ցանկացած կետից
երևում է քո տան տանիքից կախված զգեստդ,
Զգեստդ գժվեցնում է անամոթ ու չոր,
Զգեստդ իր երգն է երգում գույներով,
Զգեստդ դանդաղ մահանում է աչքերիս առաջ
Կարճանում, վերանում, դանդաղ…
Զգեստդ նվեր է ինձ ես չեմ ընդունում…
Մարմինդ առանց զգեստ խելացնոր ու անպարկեշտ
Պառկում է աչքերիս մեջ,
Մարմինդ քայլում է իմ մեջ…

Ձեռքս մարմնովս սահում է դանդաղ -
Ձախից աջ
Հաշվում է կողերիս քանակը – վայրկյանն է գժված,
Կտրիչով կտրում եմ կողս՝ աչքերիդ առաջ,
Ծիծաղդ պրոգրեսիա է
Թվաբանակա՞ն,
Երկրաչափակա՞ն,
Ձեռքս մարմնիս մեջ մտած…
Ափերիս մեջ սիրտս է՝ ընծա
- Դե ի՜նչ, վերցրո՛ւ, օրս է գժված
Ետ մղող ձեռքդ փոթորիկ է սկսված…

Սիրտս իր մեռնող զարկերով ափիս մեջ
Չոր, անընդունելի, լքված,
Անապատ է քնած,
Օրն էր անխիղճ ու հիմար…
Սիրտս ցնդած օրվա մեջ աչքերիդ առաջ …

Օրս ծերացած ժամերով,
Նվեր էր քեզ,
Օրս չընդունված…

Ս.Ումառ

Комментариев нет: