понедельник, 21 июля 2014 г.

Դեպի երկինք տանող ճանապարհ





1.

Անհասկանալի պատճառներով մարդ արարածը միշտ երազում է ճանապարհորդության մասին:
Երազելիս էլ մտածում ես թե ի՞նչ պետք է հագնես, կամ կրես:
Երազում է բոլոր տարիքներում…
Տարօրինակ ոչինչ չկա, ճանապարհորդել՝ ուրեմն ճանապարհորդել…բա՜յց…
Կա մի տեսակի ճանապարհորդություն, որն ունի իր կանոնները, իր պահանջները, իր տեսությունը- դա ճանապարհորդությունն է դեպի կանացի աշխարհ, որտեղ գնալ պատրաստվելիս երբեք չես մտածում թե ինչ պետք է հագնես կամ կրես, որտեղ գնալիս պետք է պատրաստ լինես, որ կարող է մոլորվես կամ կորչես անհայտ ժամանակով կամ հավերժ…չկարողանալով վերադառնալ քո կորստից լաց լինող հարազատների գիրկը…
Հնարավոր է նաև ետ վերադարձը, չսափրված, քչախոս, պարանոցիդ վրա կապույտ հետքերով, ճանկռված մեջքով, ատամներով բռնած դեռ անցած տարվանից կորած Նրա ականջողը…
Ճանապարհի վերջին քայլիդ ժամանակ անպայման մի հայացք ես գցում ետ ու…նրա ձեռքից վերցնում ու կծում ես աննկարագրելի քաղցր մի պտուղ, դեմքով հպվում ես նրա ձեռքի ափին, հիշում ճանապարհորդությունդ ու հասկանում, որ դա մարաթոն չէ ու չունի ավարտ, դա իրար դեմ ելած երկու մարմինների բաց ճակատամարտ է, որտեղ ցանկանում ես մնա՜լ, մնա՜լ, մնա՜լ…քանի որ  աչքերիդ առաջ իրար են փաթաթվում նաև մարմիններից մի կերպ ազատված ձեր հոգիները:
Տղամարդու համար դա մշտական այն հուզումն է, երբ ցանկանում է մնալ իր հեռավոր երազանքի ձեռքերում…
Կնոջ համար դա այն մարդու ներկայությունն է իր մեջ, որը վաղուց զբաղեցրել է իր մտքերը…
Անհասկանալի պատճառներով մարդ արարածը միշտ երազում է ճանապարհորդության մասին…

2.

Արագությունը կանգնեցնող արգելակման ուղին միշտ լինում է արագության մեկ հինգերորդ մասը՝ 80 կմ/ժ -16 մ, 100 կմ/ժ -20 մ…
Երբ ճանապարհդ հեռագրաժապավենի տեսք ունի ու սլանում ես դեպի Նա, մտածում ես միայն շուտ տեղ հասնելու մասին ու երբեք չես մտածում գլխով հարվածել դիմապակուն, կոտրել այն, հետո տեսնել թե ինչպես ես սլանում դեպի անհատակ թվացող այրված խոտերով ձորը…
Չես հասցնում ետևը ցույց տվաղ հայելու մեջ տեսնել այն արգելակման ճանապարհի երկարությունը, որը քեզնից հետո համապատասխան մասնագետների ստուգումից հետո կթվա երկար, շատ երկար՝ 28 մ…
Չես հասցնում մտածել ճանապարհիդ հայտնված մի մոլորված նապաստակի, մի անտեր շան կամ մեքենայի տակ ընկած սատկած աղվեսի մասին ու չես սեղմում արգելակման ոտնակը –
քո կյանքի երկարությունը,
քո ցանկության երկարությունը…
Ու եթե հանկարծ ճանապարհիդ չի հայտնվում սպիտակ ամպերով փաթաթված մի գեղեցիկ էակ ու դեռ հեռվից քեզ կանգառի նշան ցույց չի տալիս, ուրեմն քո կյանքի տևողությունն ընդամենը արգելակման ճանապարհի երկարությունն է…որն ուղիղ գծով տանում է դեպի երկինք…

3.

Ճանապարհն ունի իր աղմուկը, դա անձրևի ասֆալտին զարնվող կաթիլների ձայնն է, որի ինչ գույն ունենալը ոչ ոք չգիտե…
Կաթիլների նոսրությունից  կամ խտությունից կախված է թե ինչ ամրություն ունի աչքերիդ առաջ երևացող ջրապատը, որի միջով ցանկանում ես անպայման անցնել…
Դա քեզ դեպի անդունդը տանող ճանապարհի արգելապատն է…պահող պատը…
Ճանապարհորդության այս ձևը կոչվում է վիրտուալ, երբ երազում ինչ որ բարձր տեղից գահավիժում ես ցած…
Զգացողությունն այնպիսին է որ քեզ թվում է թե դու բռնվել ես երկնքից, թվում է թե կառչել ես Նրա նուրբ ուսերից, բայց ճանապարհորդելու ցանկության ուժը այնքան մեծ է, որ սահում են ձեռքերդ նրա ուսերից, դանդաղ մոտենում նրա կրծքերին փորձ անում բռնվել Նրա կրծքերի զարմացած գլխիկներց, բայց առաջ գնալու ցանկությունն ավելի մեծ է ու սահում ես ավելի ցած, ավելի արագ հասնում քեզ տանջող ու ցանկալի անձրևաբեր ամպերի բախման սահմանագծին, որտեղ դեռ եռման աստիճանում են գտնվում անձրևները ու մի պահ միչև գետնին հասնելը, արդեն քեզ պահում է ջրապատը՝ վերջ տալով ճանապարհորդելուդ…ականջներումդ լսում ես անձրևի աղմուկը, որի ինչ գույն լինելը ոչ ոք չգիտի, բայց որի կանչող ձայնը քեզ համոզում է միանալ նրան դառնալ նրա մի ջրամասնիկն ու վերանա՜լ, վերանալ աշխարհիկ կյանքից…
Քեզ միլիոնավոր թափանցիկ կաթիլներով իր հետ կապած երկինքի ճանապարհը փլվում է քեզ վրա, դա թվում է սարսափելի,
բայց անհասկանալի պատճառներով
ցանկալի…դեպի երկինք գնացող ճանապարհ…

Ս.Ումառ

Комментариев нет: