понедельник, 14 июля 2014 г.

Հայրի՜կ…





Աշխարհի ամենամեծ քաղաքը Սիդնեյն է,
ամենափոքրը Բուֆորդը,
ամենագեղեցիկը Փարիզը,
ամենառոմանտիկը Վենետիկը,
ամենահինը Երուսաղեմը,
ամենաուրախը Ռիո դե Ժանեյրոն…
Աշխարհի ամենահրաշալի քաղաքը դա Երևանն է…այստեղ են ծնվում բոլոր հրաշքները, բայց ամենահրաշքը դա այն փոքրիկ տղան է եղել, որի մասին էլ ես կփորձեմ պատմել…

* * *
Տղան փոքրիկ էր ու դեռ խոսել չգիտեր, բալորն էին այդպես ասում, չնայած իր հասակակիցները վաղուց արդեն խոսում էին:
Տղայի հորը դուր չէր գալիս տղայի խուլ ու համր ձևով շփվելը և հայրը նրան սովորեցրել էր գրել, շփվել գրելով:
Ամեն երեկո տղան նստած հոր ուսերին դուրս էր գալիս զբոսանքի, այդպես սիրում էր և հայրը և տղան:
Հրճվում էր տղան նայելով քաղաքին ու ամեն անգամ ոտքով հարվածում հոր կրծքին:
Հայրը չէր առարկում ու շարունակում էր խոսել տղայի հետ բացատրելով այս կամ այն երևույթը…
Տղան ծանոթանում էր աշխարհի հետ, նստած հուսալի հենարանի վրա՝ սեփական հոր ուսերին:
Ամենազվարճալին ու հաճելին դրանք այն օրերն էին երբ քաղաքում հրավառություն էր:
Փոքրիկը հաճույքից երկու ոտքերով հարվածում էր հոր կրծքին, բղավում ուրախությունից, ծափ տալիս ու ձեռքով շոյում հոր գլուխը, այդպես հասկացնելով, որ ուզում է ստանալ պատասխան…
- Տեսնո՞ւմ ես ինչ գույներ են, ի՞նչ կախարդական երանգներ, դրանք մարդկային երազանքներն են, որոնք չիրականանալուց ուռչում են, հավաքում էներգիա ու տեղ չունենալու պատճառով բարձրանում են երկինք, …պայթում: Պայթում են, որ հետո նորից հավաքվեն, զարգանան, դառնան ավելի ռեալ, հասկանո՞ւմ ես չէ:
Իմ երազանքը դեռ այնտեղ չէ, ես երազում եմ քո բերանից լսելու «Հայրիկ» բառը…

Փոքրիկ տղան, որ իրոք փոքրիկ էր, հասկանում էր ամեն ինչ ու ամեն անգամ հոր այդ բառերը լսելիս, ուսերի վրայից կռանում համբուրում էր հոր գլուխը:
Հայրն ամեն անգամ արտասվում էր:

* * *
Աշխարհում չկա ամենատխուր քաղաք, բոլոր քաղաքներում էլ լինում է մի պահ, որ ինչ որ մեկի համար քաղաքն այդ պահին դառնում է ամենատխուր քաղաքը աշխարհում:
Երևան հրաշալի քաղաքն էլ բացառություն չէր:

Ձմռան վերջին օրն էր երբ մահացավ տղայի հայրը:
Տղան անընդհատ արտասվում էր, թղթի փոքրիկ կտորների (ինչպես շփվում էր հոր կենդանության օրոք) վրա ինչ որ բաներ էր գրում, դնում դագաղում պառկած հոր ձեռքերին, բարձի տակ, խցկում գրպանները…
Գերեզմանափոսի մոտ տղայի լացը վերջացավ:
Մի պահ փախավ մոր՝ իրեն բռնող ձեռքերից ու մոտեցավ փոսին:
Փոսի կողքը հողաթմբին հոր դագաղն էր, որին էլ գլխի կողմից մոտեցել էր փոքրիկը:
Մայրը մի պահ բղավեց, բայց տղայի տատիկը ձեռքով հասկացրեց, որ չխանգարեն տղային:
Տղան երկար նայեց հորիզոնական դիրքով հոր ուսերին, որոնց վրա անց էր կացրել իր կարճ կյանքի լավագույն տարիները:
Փորձ արեց ասելու մի բառ, բնական է որ փորձում էի «Հայրիկ» արտասանել, բայց չստացվեց:
… Գրպանից հանեց մի սրվակ, բացեց կափարիչը ու բոլորի ներկայությամբ փչեց…
Բազմաթիվ օճառագնդիկներ օդ բարձրացան, ձմռան արևի լույսի տակ ստացան բազմաթիվ երանգներ ու մեկիկ - մեկիկ իջան պառկած հոր վրա…
Դա տղայի հրավառությունն էր, իր վերջին նվերը…

* * *
Երևան քաղաքը հրաշքների քաղաք է…
Այնտեղ ապրում էր մի փոքրիկ տղա, որն ամեն անգամ, տարվա բոլոր եղանակներին, գրիչը վերցրած քայլում էր իր հրաշալի քաղաքի փողոցներով ու իր հասակին համապատասխան, ցած կռացած ծառի ճյուղերի տերևների վրա ինչ որ բաներ գրում…
Բարի մաղթանքներ, ցանկություններ, գեղեցիկ տողեր…
Շատ տեղերում երբ տրամադրություն էր ունենում, ինքն էր բարձրանում ծառի վրա, ընտրում էր տերևներն ու նորից գրո՜ւմ, գրո՜ւմ…
Բոլորը գիտեին նրա մասին ու անհամբեր սպասում էին…
Հրաշքի՞, ոչ, սպասում էին որ կարդան նրա գրածները…
Աշնանը քամին պոկում էր տերևները, քշում, տանում էր քաղաքի փողոցներով, մարդիկ դուրս էին գալիս ընկնում տերևներ հավաքելով…
Կանա՜չ, դեղի՜ն կարմի՜ր…կապ չուներ, միայն թե կարդային, չէ՞ որ դրանից նրանք դառնում էին բարի, կամեցող, հանդուրժող…

Մի անգամ էլ գարնանը, տերևները շատ սպասեցին հրաշք տղային, դողում էին, սրթսրթում, իրենց լեզվով կանչում տղային, որն արդեն այդքան փոքրիկ չէր ինչպես առաջ…
Բայց տղան տանից դուրս չեկավ:
Քաղաքի մարդիկ, որ գարնան գալու հետ մերկացրել էին իրենց հոգիները չկարողացան ասել գեղեցիկ, ռոմանտիկ, հուզիչ բառեր իրենց սիրելիներին, բարկացան, որ առանց տղայի չեն կարողանում խոսել, ծառերի տերևներն էլ գարնաը սկսել էին դեղնել, որ մինչ այդ երբեք այդպես չէր եղել:

Տղան անկողնում պառկած էր ձեռքերն էլ արյունոտ:
Չէր հասկանում թե ինչ էչ կատարվում իր հետ, ինչ հիվանդություն է…

Փայտերով, քարերով ու տարբեր տեսակի երկաթի կտորներով զինված մարդիկ հավաքվեցին տղայի տան մոտ:
Դուրս բերեցին տղային, որը չէր կարողանում բացատրել, որ հիվանդ է, անկարող…
Սկսեցին անխնա հարվածել տղային, ով ինչով որ կարող էր:
Տղան չէր դիմադրում, միայն, երբ հասկացավ որ արդեն անկարող է ապրել, բարձրացավ տեղից, ծնկների վրա մի պահ նայեց երկինք ու սովորական ձայնով, ինչպես որ բոլորի մոտ է բղավեց.
- Հայրի՜կ…
Արյան մեջ կորած ժպտաց, աչքերը փակեց ու անշունչ ընկավ գետնին…

* * *
Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց մի ժամանակ հրաշալի կոչվող քաղաքում:
Ծառերը չէին կարողանում ոչինչ ասել, միայն կատաղի թափահարում էին իրեն ճյուղերով:
Մարդիկ կորցրեցին երազելու իրենց կարողությունը, բայց մտածելով, որ այդպես ավելի հանգիստ է սկսեցին շարունակել հոգով խոսել…
… չնկատեցին, որ նրանց հոգուց դուրս են գալիս մահացած բառեր, որոնք նրանց շուրթերին դառնում էին դառնահամ հյութ ու համբուրվելիս թողնում էին  բաժանման, մահվան, ցավի ոչ սովորական այլ  տարօրինակ համ…

Ս.Ումառ



Комментариев нет: