вторник, 8 сентября 2015 г.

Օրերս...

* * *
Արևի թույլ վերջին ճառագայթի նեղ հետքով
օրը չհասցրեց հեռանալ
Աշունն իր սառնությունից ծանր մարմնով
ընկավ պատուհանիս տակ մոլորված օրվա վրա,
Օրը մահացավ պատուհանիս տակ…

Պատուհանիս տակ օրերի գերեզմանն է,
օրերի, որոնք չեն հասցրել հեռանալ արևի շողերով,
օրերի որոնց ես եմ պահել մի քանի րոպե ավելի ըմբոշխնելու
նրանց բույրով, որ մնում էր
Նրա հեռանալուց հետո:

Աշունը լորձոտ ձեռքերով լղոզում է պատուհանիս ապակիները,
փորձում գտնել մի ճեղք ներս սողոսկելու
ու իր դահիճ դեմքով սեղմված ապակուն կիսաժպտում է:

…- Ի՞նչ արեցիր, ո՞ւր է իմ ժպտուն աչքերով,
բաց ոտքերով, դեղնավարս տաք աղջիկը՝իմ ամառ սիրուհին,
ես դեռ նրա մեջ եմ ապրում -
ինչքան ապրում այնքան ավելի  սիրում,
առանց նրա հիմա մերկ են իմ օրերը, իմ սերը…
 ու օրերիս գերեզմանն էլ պսակ չունի:

- Այդպես է հարկավոր, հասկանո՞ւմ ես,
հավերժական չէ այս աշխարհը, ինչ էլ անես քեզ կայցելի օրվա մահը…
Իսկ ես որպես ժամանակի իմաստուն մունետիկ
պետք է հսկեմ թե ինչպես է պահպանվում, հսկվում իդեալի գերեզմանը

Թե սիրել ես ու սիրում ես,
քեզ վայել չէ պահվել տանը,
Դու սիրում ես օրը պայծառ,
ես ատում եմ այգաբացը
Դե բա՛ց արա պատուհանը
կամ ինձ ներս թող,
կամ էլ ինքդ պահակ կանգնիր քո օրերի գերեզմանին…

…Մրսում են օրերս պատուհանի տակ,
դողացող ձեռքերով չոր տերևները քաշում են,
փորձում պաշտպանվել ցրտից,
սիրո օրերը աչքերիս առաջ
դանդաղ ջնջվում են
հիշողությունից…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: