Հարուստները կտակում են, Պոետները՝ պատգամում,
Հարուստները մահանում են,
Պոետները՝ մնում:
Որդի՜ս, ոչ ոք հո՛րդ նման
Չի՛ կարող քեզ խորհուրդ տալ,
Հորդ խոսքը գի՛ր չէ, մատյա՜ն,
Ապրած կյա՛նք է, հավատա՜:
Զույգ պատկեր է այս աշխարհը՝
Մի Հրեշտակ ու մի Աստված,
Մեկը Մայրն է, մեկը՝ Հայրը,
(Ինձ կներես) մնացածը…հավելված:
Ամեն տեղ է քեզ հսկելու
Մորդ աչքը պահապան,
Հորդ ձեռքն է քեզ ցույց տալու
Մաքո՜ւր, կանաչ ճանապարհ:
Թե նեղ օրվա կհանդիպես
Հիշիր թե ո՞ւմ որդին ես,
Լեզվով անհույս փորձեր չանե՜ս,
Խղճով – քարե՛ր կծակես:
Խիղճդ պահիր այնպիսի տեղ,
Որ միշտ աչքիդ երևա՜,
Գրպան դրած խիղճը անհետք
Կչքանա՜, կգնա՛:
Ձայնդ երբեք չբարձրացնե՜ս,
Խի՛ղճը աղմուկ չի՛ սիրում,
Դե ի՞նչ արած, կյանքն է այդպես՝
Բղավողին չեն լսում:
Թույլ կրակը վառած մոմի
Մեկ անգամ է տաքացնում,
Նեցուկ եղիր սրտիդ խոսքին,
Որ չմրսես ողջ կյանքում:
Թե ունենաս ավել պատառ,
Չտա՛ս չարին ու քամուն,
Դի՛ր
պատահած քարի վրա -
Ամե՛ն մի
քար մի շիրիմ է երկնքում:
Բախտը կգա, ձեռնոցներով
Կբարևի կգնա՜,
Կյանքն իր դառը խոստումներով
Քեզ քո տեղը ցույց կտա:
Կյանքում երբեք մի՛ մեղադրիր
Վատ օրին քեզ
լքողին,
Բախտի առաջ մի՛ խոնարհվիր,
Ծնկիր միայն
Մայր Հողին:
Թե որ խղճով կառավարվես,
Պատգամս քեզ պետք չի՛ գա,
Որդի՜ս, լսի՛ր, որ չսխալվե՜ս,
Հորդ խոսքին հավատա:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий