четверг, 8 февраля 2018 г.

Մուսաս

Մի Մուսա ունեի՜
(Չէ՜, չե՛մ թաքցնում
Սիրո՜ւմ էի նրան բանաստեղծի պես)
Բայց Բախտն ամե՜ն ինչ շուռ տվեց այնպե՜ս՝
Մուսաս դարձավ ա՜մպ,
Իսկ ես մի քար-լեռ:
*
Հայացքը նրա՜-
Մի տեսակ ուրի՜շ էր՝
Կանչո՜ղ էր, բայց զո՜ւսպ,
Աչքերում շոյա՜նք,
Այտերի վրա արցունքի ճի՜չ էր,
Վարսե՜րը՝ առանց գուրգուրանք:
*
Շրջազգե՜ստը կարճ էր,
Վերարկո՞ւն
Վերարկուն երկա՜ր,
Ասես թե գարո՜ւնը աշնանը գրկե՜լ
Չէ՜ր ուզում երբեք հեռանալ:
*
Սիրվելու համար էր ծնվել
իմ Մուսան,
Սիրելու համար շա՜տ էր գեղեցիկ,
Ես՝ փորձված աղվեսս, ինչպես մի գուսա՜ն
Խելագարի պես սիրահարվեցի:
*
Միգուցե հարցնե՜ք, հետո՞,
Հետո ի՞նչ եղավ,
Ասե՜մ,
Կայարաններում մի՜շտ լավ է լինում,
Երբ ո՛չ թե մեկնո՜ւմ ես՝ այլ վերադառնում,
Ինձ հետ ամե՜ն ինչ հակառակն եղավ-
Մուսաս լքե՜ց ինձ ու թողեց
Մենակ:
*
Ի՞նչ իմանայի, որ այն ժամանակ,
Մի ա՜մպ եմ սիրել, ա՜մպ երազանքի,
Իսկ երազա՜նքս արևի պես տա՜ք
Պետք է հեռանար թռիչքով հավքի…
*
Ու տարավ քամին կապո՜ւյտ երազս,
Կապո՜ւյտ լազուրում բա՛խտ որոնելու,
Ես՝ անհաջողա՜կ, տխո՜ւր բանաստեղծս,
Մնացի ցնորքի՜ գրկում կապտագույն:
ՎԵՐՋԱԲԱՆ
Ամպին մի լե՜ռ հանդիպեց,
Քա՜ր էր սիրտը այդ լեռան,
Ամպին գրկե՜ց, գուրգուրե՜ց,
Կոտրեց թևերը նրա:
*
Կոպիտ սիրեց ամպին լեռը,
Ա՜մպը ցավից բղավե՜ց,
Լեռան լանջով հոսող գե՜տը
Փրփրելո՜վ կատաղեց:
*
Արցունք թափվեց երազանքից՝
Շատ դա՜ռն էին կաթիլները,
Չէ՜ր հասկացվում ա՞մպն էր լալիս
Թե՞ քարասիրտ լեռը…
*
Գիշեր լինի թե՜ լուսաբաց,
Երբ որ ա՜մպ է երևում,
Ինձ թվում է թե Մուսա՜ս
Նորից լա՜ց է լինելու…

Комментариев нет: