Ասո՜ւմ են, հե՜շտ է,
Շա՜տ հեշտ է
սովորել ամե՜ն մի բանի՝
Դավաճանությա՜ն,
կեղծիքի՜, դավի՜…
Բայց արդեն
քանի՜ հազար դար է
Մարդն ունակ
չեղավ
Սովորել
ցավին…
Մարդուն
վերից լա՜ց է տրվել՝
Արտասվելու
հմտություն…
Լա՛ց եղիր
մարդ,
Մա՜րդ
արարած
Միայն դո՛ւ
ես ի զորու
Սև գառների
երթի նմա՜ն
Գիշերվա մեջ
արցունքներդ թափելու-
Ցա՜վն
արցունքով մեղմելու:
Ցավն ապրում
է քո մեջ՝
Ուղղակի քնա՜ծ
է կամ էլ մահացած,
Այդ դո՛ւ ես
քո
Աղաչանքո՜վ,
Հառաչանքո՜վ,
Բողոքներո՜վ…
Փո՜րձ անում
արթնացնե՜լ
Կամ
հարություն տալ նրան:
Ու հետո
երկա՜ր, երկա՜ր ժամանակ,
Կռացած նրա
սնարի առաջ-
Փորձում քնեցե՜լ
Կամ խա՛չ
բարձրացնել՝
Բազմակի
անգամ կյա՜նք տալու համար:
Այդպես եղել
է հավիտենաբար,
Այդպես
կլինի՜
Քանի որ
բնության մեջ
Ծառը դիմում
է ծառի՜ն լեզվով տերևի,
Քարը քարին՝
լեզվով ցեմենտի,
Թռչունը
թռչնին՝ լեզվով փետուրի
Գազանը
գազանին՝ լեզվո՜վ բաժանման…
Ու միայն մա՜րդն
է մարդու հետ խոսում
Լեզվով
կործանման:
Ասո՜ւմ են
հե՜շտ է,
Շա՜տ հեշտ է
սովորել ամեն մի բանի՝
Մա՜րդ
Ե՞րբ
կսովորես մարդու հետ խոսե՜լ
Իր լեզվով՝
ցավի՜…
Комментариев нет:
Отправить комментарий