среда, 31 августа 2016 г.

ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ



Հիշողությանս խորքերից  շերտ-շե՜րտ
Քաշեցի քեզ վեր՝ բարձրացրի ներկա.
- Ի՞նչ ես կամենում, ասա՜, ասա՜, Տե՜ր,
Ես կկատարեմ ինչ-որ կամենաս:

* * *
Ու չի՛ հասկացվում դա ե՞ս եմ խոսում,
Թե նա՝ հեքիաթի  Ձկնիկի նման,
Հիշողությո՞ւնս է անխնա հոսո՜ւմ…
Անցյա՞լս է մեռնում փշրա՜նք առ փշրանք…

- Ե՛տ գցիր ինձ Տե՜ր, քո խենթ արյունով
Լցված հուշերիդ խորքը անհատակ,
Ես ոչինչ չունե՜մ այստեղ անելու՝
Դեռ քեզ պետք կգամ գալիքի համար:

Ու գիսախա՜ռը արցունքն աչքերին
Պատմո՜ւմ է գալիք օրերի մասին -
Ինչպես, որ Օ՛ձն էր խաբում Եվային,
Ինչպես Եվա՛ն էր խաբում Ադամին:

Կարծես ձեռքումս էր օտա՜ր, ուրիշ Կյա՛նք,
Հույզերի ցանցը ընկած ուրիշ Սի՜րտ.
- Տո՜ւր ինձ թռչելու թևեր ու  եռանդ,
Ճանապարհվելու  խորքերը իմ իսկ:

- Քո ուղեծիրը վաղո՜ւց է հայտնի
Ի՞նչու ես ձեռքդ խոթում այլ աշխարհ,
Անցյալը լերդո՛ւկ է օդի ու ջրի,
Ապագայի մեջ չե՛ն որոնում մահ…

- Ուզում եմ տեսնել, թե ո՞ւր են կորչում
Բառերս անդա՜րձ, մտքերս անվարան,
Ի՞նչպես է օ՜րը դառնում մի հնչյուն,
Եվ ի՞նչ կա գալիք սափորում Մահվան…

* * *
Լռե՜ց, ձեռքիցս ընկավ հատակին՝
Բյուր փշուրներով աչքերիս առաջ,

Ինչպես որ հո՜ւյսն է հասնում Դատարկին
Ու Ցած գլորվում թևերով այրված…

Ս.Ումառ-Հարությունյան

0.1.09.15 Երևան

Комментариев нет: